Quantcast
Channel: ՕՐԱԳԻՐ –Աշոտ Բլեյան
Viewing all 1255 articles
Browse latest View live

Նոր սեպտեմբեր է վարգով ընդառաջ գալիս…Բարո՜վ…

$
0
0

Ամեն տարի, քանի՜ տարի, չես հաշվի, ուսումնական սեպտեմբերը (այսքանից հետո ո՞նց նոր անվանես) տարբեր է գալիս՝ և՛ օրով, և՛ տրամադրությամբ… Այս անգամ, այս տարի՝ 2018-ին, նրա գալը ես արձանագրեցի երեկ՝ կիրակի օրով, որքան էլ կիրակիի իմ օրվա մեջ ուսումնական քիչ բան կար, բացի սեպտեմբերյան պատրաստության անհանգստությունից․ այսքա՜ն գործ, որ թողեցի, մեղադրում եմ ինձ, ամռան շրջանից, այս տասը օրում ո՞նց եմ-ո՞նց ենք հասցնելու, ա՛յ բոլոր կարգերի, տարիքների սեբաստացիներ… Մեր աշխատանքն է, մեզ համար արվող-մեզ սեբաստացի միաբանություն դարձնող սեպտեմբերից սեպտեմբեր, անընդհատ։ Վաղը մանկավարժական ճամբարն է մեկնարկում. և սովորողների աշխատանքային ջոկատները, ուսուցիչների հետ, կրթահամալիրի Բանգլադեշը՝ ներսով-դրսով, շինություններով, նախկին-ներկա ուսումնական տանիքներով, որպես վերջին հարկեր, նախկին-ներկա ուսումնական նկուղներով, որպես առաջին հարկեր,  բարվոք տեսքի կբերեն։

Իսկ կիրակին անցավ հանդիպումների, հին ու նոր կապերով քննարկումների մեջ՝ Նիկոլի կառավարության 100 օրվա հանրահավաքի, ետհանրահավաքային իրականության, Երևանի քաղաքային իշխանության սեպտեմբերի 23-ի ընտրությունների հետ… Էս ո՜նց ենք հասցնելու, ա՛յ միլիոնանոց  քաղաք, քո 2800-ի տոնակատարության, 2800 խնդիրների,  ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովի պատրաստության խժդժում տեղավորել նոր քաղաքային ավագանու առանձնացումը, որոշումը, քաղաքապետի ընտրությունը…

Ապրում ենք մի անսովոր՝ հոսուն-հեղհեղուկ շրջանում, երբ հանրապետության, նրա ամեն մի ոլորտի, տարածքի, համայնքի, կազմակերպության խնդիրները կարծես կա՛մ չեն քննարկվում, չեն լուծվում, կա՛մ քնարկվում-լուծվում են հընթացս…

Կիրակին հետաքրքիր էր․ես հանդիպեցի երկար ընդմիջումից հետո Վիգեն Խաչատրյանի, Գագիկ Աբրահամյանի հետ, ծանոթացա Մալիշկայի՝ անուն հանած գյուղապետ Մհեր Մովսիսյանին։

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների ճամբար։ Լուսանկարները՝ Տաթև Թամազյանի։

Շնորհակալ եմ, անձրև՛, իմ պահանջով-կարոտով եկար… Ջրի պակասը հագեցնելը երեկ՝ իրիկնային քայլքով թաց Երևանում, երեկ չէ մեկէլ օրը՝ Արատեսում, նրա մեկտեղանոց մի գյոլում, իմ ջրահեղձով, ինձ ազատեց ճամփի-Երևանի փոշուց… Փոշի… փոշի… փոշի՝ մազերումս, մաշկիս վրա, աչքերիս մեջ… անտանելի է… Ես անապատում ո՞նց կապրեի․․․

Ծով գործի, գործի ծովի մեջ որքան էլ ինձ մեկուսացնեմ, կենտրոնանալով կրթահամալիրի, նրա հազար ու մի անելիքներով, ես Բլեյան Աշոտն եմ. պաշտոն է՝ հազար ու մի կապերով, ո՞վ կթողնի…

Իսկ ես կանչից օգնության, իմ պատասխանատվությունից, որ ես հաստատ կրում եմ, փախչողը չեմ… Ահա ինչու՝ երեկ, օրվա մեջ հաշտության-համերաշխության-ներառականության հաստատումն էր Հայաստանով մեկ՝ Նիկոլի կառավարման, մայրաքաղաքի վիճակի, կրթահամալիրի մեծ ու պստիկի… Եղեգիսի-Շատինի յուրաքանչյուր մարդու, նրա առաջադրած խնդիրների հետ… Մեղավոր ես-մեղավոր չես, ժառանգություն է, թե այս օրերում առաջացած՝ կռվով չես լուծի․․․ փնտրել-գտնել հաշտություն հաստատելու ուղիները… Իմը եղել է ու կա ստեղծական-ծավալվող-անխտիր աշխատանքը, այնպիսին, որ քամի քեզ, համախմբի, որ սկսվես նորից… Նոր սեպտեմբեր է գալիս ընդառաջ՝ վարգով ու բարով։ Արի՛։

«Նոյյան Տապան»-ի Գայանե Առաքելյանին, մեր զրույցի-հաղորդման ընթացքում, վերջում խոստացա՝ Արատեսի, Շատինի վեճը լուծել կողմերի՝ իրար լսելու ճանապարհով…

Դավիթ Բլեյանի ու Արևիկ Տատինցյանի հետ Շուշան Բլեյանին, որ օրեր հետո կմեկնի իր գործի-ուսման Վիեննա, խոստացած ուղեկցեցինք Արատես, ինչպես միշտ՝ Եղեգնաձորով, Գետափ-Եղեգիսով, վերադարձը՝ Շատին- Քարագլուխ-Մարտունիով… Այս անգամ էլ (վերջին անգամ) Մադինա-Գետաշենը շրջանցեցինք՝ զմայլվելով միայն դաշտերում, մեր աչքերի առաջ առուներից գետ դարձող Արգիճիով և արմանք-զարմանք Արմաղան սարով… Շուշոյին տպավորեցինք, ստացվեց. այս կողմերով պիտի նախագծային խմբով անցնել՝ պատրաստվելով հայտարարված, սեպտեմբերի 7-ի մեկնարկող, Արատեսի բնության դպրոցի եռօրյա հայրենագիտական-բնապահպանական հավաքներին…

Արատեսի բնապատկերները՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1442

(74) դիտում


Բացվող-չփակվող դռների միջև մեր օրերը, որ կյանք են դառնում․․․

$
0
0

Երեկ Լուսինե Բուշն ընդունեց իմ առաջարկը, ու ես այսօրվա իմ գիրն սկսում եմ՝ նրան կրթահամալիրի Միջին դպրոցի ղեկավարի պաշտոնում ներկայացնելով․․․ Սիրելի ու հանրահայտ մեր Բուշն է՝ ընդմիշտ սեբաստացի իր ավագ քույր Նարինեի հետ, նույնքան հանրահայտ, որքան մի այլ Բուշ ժամանակին Ամերիկայի Միացյալ Նահանգներում․․․ Կապը այս Բուշերի միջև շարունակում է չբացահայված-գայթակղող մնալ․․․

Սիրելի Մարալ Կարապետյանի համար շարունակ բաց կմնան կրթահամալիրի դռները. երբ որոշակի դառնան իր պլանները, երբ մանկավարժությունը, որպես հիմնական աշխատանք, ընտրության առաջ կանգնեցնի, մեր դուռը, իհարկե, լայն կբացվի․․․

Անակլիայի սեբաստացի ճամբարականները այսօր հասան Թբիլիսի:
Ֆոտոշարը՝ Աննա Երիցյանի ֆեյսբուքյան էջից:

Տաթևը Աբրահամյան կեցցե՜, վերադառնում է Միջին դպրոց, մանկավարժությամբ՝ արարչությամբ զբաղվելու, որպես մասնագիտություն, հայրենի-մայրենին զորացնելու՝ կրթահամալիրում տարիներ ձեռքբերած իր հմտություններով․․․ Շահեցին մեր 6-8-րդ դասարանցիները և բոլորը, ովքեր տարբեր ճամփորդական նախագծերով,  երթուղիներով Բանգլադեշից Սևանի ավազանով անցում կանեն Եղեգիսի կիրճ՝ Արատես ու հայտնագործություններով նոր կվերադառնան, ասենք՝ Վարդաբլուր-Հերհեր-Երևան կամ Երևան՝ Շատինի վանքով, Վերնաշենի Սպիտակավորով․․․ մի կենդանի ժողովրդի ապրող ազգագրություն ուսումնասիրելով, նրանց բառ ու բանը իրենց մայրենին դարձնելով․․․ Ամեն ինչ կարգով, օրացույցով, Արատեսի դպրական կենտրոնի, կրթահամալիրի կանոնադրությամբ…

Ռիմա Երեմյանին  այսօր ես ներկայացրեցի իր երբևէ աշխատավայր Արևմտյան դպրոց-պարտեզում, իր մանկավարժական-ճամբարական ընկերներին։ Այսպես հեշտ է, ճիշտ է, երբ մանկավարժությունն է հեղինակային լինում-մնում աշխատող սեբաստացու կյանքի զբաղմունքը, իսկ փոփոխությունները՝ կազմակերպիչ-ղեկավար, թարմացումներ-խթաններ… անհրաժեշտ-ոչ վնասակար․․․

Ամառային լողափ, 2-4 տարեկաններ:
Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի:

Դավիթ Բլեյանը Նիկոլ Փաշինյանից օգոստոսի 17-ին նեղացել է․ ինքը իր ավելի ու ավելի ծոցվորվող մայրիկի ձեռքը բռնի՜, տանի հրապարակ, հարյուր հազարի հետ Նիկոլին լսի, դիմանա մինչև խոսքի-հավաքի ավարտը, Նիկոլը բարձունքում, բոլորն ափի մեջ, տեսնի, ամեն ինչից խոսի ու․․․ Դավթին չտեսնի, չմոտենա, չկարևորի, չգրկի․․․ Այս տարի մարտի 11-ին՝ Աշոտի ծննդյան օրը, Նիկոլենց տանը, ինքը եղել է Նիկոլի ուշադրության կիզակետում, ու այս էլ 100-150 օր, դեպի կառավարություն-կառավարման, իր կյանքի լսելի «Նիկո՜լ, Նիկո՜լ» օդ դարձած շրջանում, Նիկոլը այդպես էլ չի մոտենում․․․ Դավիթ-հակահեղափոխականի այս կեցվածքը բազում վտանգներ ունի, իմ գրով եղբայրաբար փոխանցում եմ, զգուշացնում նոր և հին սերնդի հասունացող վիրավորանքից․․․ Իսկ «դուխով» մակագրությամբ գլխարկը Շատինում գտնվել է, լվացել-չորացրել են․ համեցե՛ք, հյուրասիրությամբ ուրախությունը ձեր վերգտեք․․․

Ամառային Ճամբարը Հարավում:
Ֆոտոշարը՝ Լուսինե Նազարյանի:

Այսօր հարյուրները կհայտնվեն կրթահամալիրի Բանգլադեշ բերող ճանապարհներով, ճամբարային դռներով՝ որպես մուտք նոր հավեսի, 2018-2019 ուսումնական տարի պաշտոնական անունով․․․ Այսօր մեր մանկավարժության աշխույժի հետ արձակուրդից վերականգնման օրն է՝ կրթահամալիրի  ճամբարների բազմապատկվող բազմազանությամբ․․․ Ուսուցիչ, թե սովորող, աշխատանք փնտրող մասնագետ, բոլոր կողմերից, քո ազատ ընտրությամբ մտիր, բայց անպայման մուտքի ճամբարով, հավաստի քո և քո նոր ընկերների համար ուսումնական աշխատանքով․․․

Ես հրապարակում եմ վարչական խորհրդով հաստատված կրթահամալիրի հանրակրթական դպրոցների սովորող-սաների թիվը՝ ըստ դպրոցների-դասարանների, այսպիսի՜ աճ-ընդունելություն մուտքի ճամբարներով, բացվող-չփակվող դռներով բազում․․․ Հետաքրքիր է, ու տեսե՜ք, գտնում է հանրային արձագանք։ Իսկ աղանդեր-անուշ որպես՝ Արատեսի ու Սևանի «Ժայռ»-ի եռօրյաներն աշխատանքային, հայրենագիտական հավաքները, սեպտեմբերի 1-ի Արագածի բարձունքի նվաճումը․․․ Սրանից լավ խորհո՞ւրդ, որ սկսես քո կյանքը նոր այսպիսի հավեսով, այսպիսի բարձր գագաթի նվաճումով․․․

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1443

(123) դիտում

Սնահավատությունը լա՞վ է, թե՞ վատ․ գիր է․․․

$
0
0

Լավ նշան է, որ Առնո Բաբաջանյան փողոցից Մայր դպրոցի մուտքի մոտ քեզ դիմավորում են խանդավառ-ճամփորդական-մարզական ոճի երկու տասնյակ մանկավարժներ՝ կրթահամալիրի դպրոցների երկարօրյա ուսուցման 2018-2019 ուստարվա շուրջտարյա բաց ճամբարի կազմակերպիչները… Արմինե Թոփչյանի ֆոտոօբյեկտիվը այս ապրումը, հանդիպման, ինչպես իրենց օրվա քայլարշավի (այս անգամ՝ Հրազդանի կիրճով-ձորով-գետով, Հաղթանակի կամրջից մուտքով, Մանկական երկաթուղու-դեպի Մաշտոցի պողոտա ելքով) ուրախությունը փոխանցում է մեր մանկավարժության, մեր երկարօրյայի հարյուրավոր շահառուներին, հազարավոր բարեկամներին… Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ողջո՜ւյն, նոր ուսումնական տարի 2018-2019։ Մենք քեզ այնպես զուգենք-զարդարենք-«փոխենք», որ մեզ հետ շարունակ հետաքրքիր լինի… Ինչպես հետաքրքիր էր Շուշան Բլեյանի համար կրթահամալիրը մեկ տարի բացակայությունից հետո… Շուշանը եղավ Արատեսում, շրջեց-քայլեց կրթահամալիրի ողջ Բանգլադեշով… Հիացավ ու փոխանցեց հիացմունքը իրեն բնորոշ անկեղծությամբ, Մայր դպրոցի Մարմարյա սրահում, ուսումնական տարվա պատրաստությունը մանկավարժական բաց ճամբարով սկսող սեբաստացի ուսուցիչներին… Շուշանը, որ այսօր արդեն Վիեննայում է, դեպի համերգային բեմ իր աշխատանքին… Բլեյան է՝ կհաջողի։

Նախակրթարանի սաները՝ դաստիարակի օբյեկտիվից։ Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Լավ նշան է, որ խաղադաշտից գրադարան-ընթերցասրահ անցումով հայտնվում ես Մարմարյա սրահում, ու աստիճանների վրա քեզ դիմավորում են Սլավա Մուրադյան ճարտարապետ-նախագծող ուսուցիչը նորեկ, խանդավառ, տասնյակ պատանիներ՝ խելացի-լուսավոր դեմքերով, անհատականության դրոշմներով, կրթահամալիրի Ավագ դպրոց մուտքի ճամբարով հերթական․․․

Լավ նշան է, որ Անակլիայի միջազգային ճամբար՝ առանց բացակայի, Աննա Երիցյանի ուղեկցությամբ ճանապարհվում են ճիշտ ժամին, կրթահամալիրի Ավագ դպրոցի 25 պատանիներ և ուրախ-զուրախ, ճիշտ ժամին, հայտնվում իրենց անծանոթ-ձգող հարյուրավոր պատանիների աշխարհ․․․ Դուք ձեզ ու ձեր Հայաստանն եք ներկայացնում։ Պատմեք-հետևում ենք․․․

Օրն սկսվեց կանուխ, հայտնի ճարտարապետ-հետազոտող, ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանի զանգով. օրեր առաջ մեր հանդիպումից-հարցազրույցից հետո ապրում է Արատեսով, անհամբեր է դպրական կենտրոնի գործունեությանը իր մասնակցությունը բերելու․․․

Լավ նշան է, որ Ավագ դպրոցի աշխատանքային ջոկատը պատրաստվում է այս ուրբաթ հենց Արատեսում, քայլելով-ցույց տալով ներկայացնել դպրական կենտրոնի՝ բնության գրկում դպրոցի այս օրը-վաղը, զարգացումները․․․ Կլսենք, կտեսնենք Աշոտ Գրիգորյանին․ Արատեսի ողջ գործունեությունը կլինի բաց՝ յուրաքանչյուր մասնագետի հնարավորություն տալով մասնակցելու դպրական կենտրոնի կայացմանը-զարգացմանը, բնության գրկում, արդիական ուսուցման կազմակերպմանը․․․

Մաքրման աշխատանքներ կրթահամալիրի հարավում։ Լուսանկարները՝ Արաքս Հովհաննիսյանի։

Լավ նշան է, որ Արևելյան դպրոց-պարտեզ՝ Տաթև Թամազյանի 6 տարեկանների մուտքի ճամբար մտնում ես խանդավառ ծնողներին սեբաստացիական ողջույնով նշանավոր՝ ձեռք ձեռքի․․․ ծիսական, որպես հարազատներ․․․

Կրթահամալիրի կայքը mskh.am, ֆեյսբուք ցանցը, հատուկ պտույտ կատարեցի, պակաս չուներ այսպիսի լավ նշաններով սեբաստացիների երեկվա՝ 2018-2019 ուստարվա պատրաստության շրջանի պաշտոնական մեկնարկի։ Լավ նշան է։

Չգիտեմ՝ լա՞վ նշան է, թե՞ վատ, բայց Արմինեն երեկ երեկոյան, երբ մենք վերադարձանք Շուշանին ճանապարհելուց, ու Դավիթը նորից զավթեց մայրիկի պլանշետը, սպառնաց նորից փոխել գաղտնաբառը․․․
– Դու իրավունք չունես ինձանից ու հայրիկից գաղտնիքներ ունենալու, թաքցնելու․․․ Ինչի՞ չես թողնում ազատ մտնենք քո ցանցը․․․
Արմինեն, իհարկե, անհանգստացած է այն ժամանակից, որ Դավիթն անցկացնում է պլանշետի առաջ․․․ բայց տեսե՜ք իր իրավունքի պաշտպան Դավթին. Քոչարյան Ռոբերտի պաշտպանների խումբը կնախանձի․․․
Վատ է, որ ուստարի է սկսում Դավիթը իր ընտրած դպրոց-դասարանում, ընկերների հետ, բայց ուսումնական անհրաժեշտ թվային գործիք չունի․․․ Հուշեք, օգնեք՝ պլանշետ-նոթբուքի հարմար ընտրություն կատարելու…

Միջին դպրոցի սովորողների մուտքի ճամբար։ Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1444

(53) դիտում

Ես ձեր կողքին, այո՛, բայց որպես շանթարգել…

$
0
0

Դավիթ Բլեյանը շարունակում է հավեսով ճամբարականի իր կյանքը. ամեն առավոտ վաղ արթնանում է, արդեն ինքնուրույն կանգնում ցնցուղի տակ, իրեն-իրեն խոսում, մինչև գալիս է ամենապահը երկուսիս համար։ Ես սրբիչով կամ Ֆրիդա տատիկի նվիրած խալաթով փաթաթում-գրկում-տանում եմ մեծ սենյակ… Ա՜յ, էս ճանապարհին թաց աչքերով Բլեյան ժառանգը, հայր Բլեյանը աչք աչքի ասում են իրար ամենակարևոր-ամենածիծաղելի բաները․ անկեղծանում․․․ Հետո միասին դուրս դուրս ենք գալիս կրթահամալիրի Բանգլադեշի ուղղությամբ․ ճանապարհին ես իջնում եմ Րաֆֆի 57 հասցեի մեդիակենտրոնում, Դավիթը շարունակում է իր ճամփան մինչև Արևմուտքի դպրոց-պարտեզ՝ ողջ ամառ անընդհատ ճամբար դարձած, մեր կրթահամալիրի լողափային հինգ ճամբարներից։

Քչախոս է մեր տղան․․․
– Պա՜պ, լավ էր ճամբարում․․․
Արդեն գիտի, որ ճամբարի այս շաբաթվա ղեկավար Լիանա Ասատրյանը իր անգլերենի նոր ուսուցչուհին է լինելու, լրջացել է։ Լիանային ավելի ու ավելի հավանում է․․․ Երեկ, իր քույրիկ Տաթևի առած համով բաներից հետը տարավ ճամբար.
– Տանեմ՝ գազաններով ուտենք․․․
Ծիծաղում ենք․․․

Երեկոյան։
– Պա՜պ, էս ինչո՞ւ տիար Էդմոնը չկար, ես իր խմբից եմ, չկարողացա պարտիզպանություն անեմ, խոտը մնաց հնձելու․․․
– Էդմոնդը վատառողջ է,- ասում եմ։
Իմ մտավախությունը վռազ դարձավ Դավթինը։ Պարտիզպան Էդմոնին շա՜տ է կապվել․․․
– Իսկ ինչո՞ւ ինքնուրույն չես կարող անել պարտիզպանի քո գործը, Դավի՛թ…

Մեկ էլ Դավիթը բազմոցից թռավ ու բարձր՝
– Սերժի՜կ, հեռացի՛ր, Նիկո՜լ, հեռացի՛ր, Էդմո՜նդ, հեռացի՛ր․․․
– Դավի՜թ, բա ո՞վ գա․․․
Իր նշանավոր շարժումով, տեսնելու բան է, ձեռքը՝ որպես սլաք, ուղղում է իրեն․․․
– Դավի՜թ, վարչապետ․․․

Քաղաքական նոր սերնդափոխություն է հասունանում մեր ճամբարներում․․․ ինքնավարությունը, ինքնուրույնությունը բաց, բնական միջավայրում, մեր դպրոց-պարտեզներում, որպես ագարակներ, կարևոր փոփոխություններ են առաջացնում․․․ Ինձ ավելի ու ավելի ցցուն են ներկայանում սրա դրսևորումները։ Երեկ օրինակ՝ ես խոսում էի այս մասին Հյուսիսում, Դիանայի-Քրիստինեի 5 տարեկան Գագուլիկի ու իր խմբի օրինակով․․․ իսկական ֆերմեր-ագարակատերեր․․․

Հյուսիսի ճամբարում։
Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի

Մոցարտ, նկարչություն, երկրագործություն ու լող սառնորակ ջրում․․․ Երկու տարեկանից սկսած․․․ որ ապրենք միասին ու չինացիների չափ դառնանք։

Դանդաղ ենք արձագանքում, որքան էլ, թվում է՝ մինչև վերջ բաց ենք, հասունության նոր վիճակին մեր հերոսների ճամբարական՝ երեք տարեկանից․․․ չէ՜, երկու տարեկանից սկսած… Ես գիտեի՝ Վահան Սերոբյանը, Տաթևիկի-Սամվելի տղան, երեք է. չէ՜, օգոստոսի 31-ին դառնում է երկու․․․ Տեսե՜ք՝ ինչ քայլերով, լոնքերով գրավեցին քոլեջի ողջ հարավը, բակը լողափերով, պտղատու այգով, մինչև Արևելքի դպրոց-պարտեզ․․․ Իսկական ագարակ, մարգագետնային բնական աշխարհ․․․ Վատ է, որ ներսուդուրսի խորհրդային աստիճանները բետոնե-բազալտե ոչ միայն կան, այլև որպես մանկական գաղութի, մանկական կաշկանդումների-վախերի փոխանցման՝ ստորացման դազգահներ են իրենց ծանր բացվող դռներով, դրանց ամենանգամյա բացուխուփով, մեծերի ձեռքը բռնած․․․

Օգոստոսյան այս օրերի նախագիծը ինձ զբաղեցնող՝ Արատեսի բնության դպրոցի նորացմանը, սեպտեմբերի 3-ից ուսումնական նոր շրջանին հավասար, մեր ճամբար-պարտեզ-դպրոցներն են՝ իրենց անվտանգ-հետաքրքիր-ինքնուրույն-աննկատ-մատչելի ներս ու դրսով, լողափ ավազանների նույնպիսի ծածկոցներով, ագարակ-դպրոցի երկրագործների լիիրավ ինքնավարությամբ, որպես տեխնոլոգիական հանրակրթության ամբողջական-բնական միջավայր, որպես սեբաստացու ուսումնական կյանք՝ սկսած երկու տարեկանից։ Լսվե՞ց… որքան էլ կրկնում եմ։ Գիր է, չընդհատվող։

Բացօթյա քուն. Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Մենք մեր մանկավարժությունը հեղինակային, մեր գործը, մեր սեբաստացիական աշխարհը, որի երեսուն տարին բոլորում է 2019-ին,  նորացնում ենք-զարգացնում ենք, դարձնում իսկական բաց-միջազգային-շուրջտարյա։ Արատեսի դպրոցն էլ, որպես նախագիծ՝ ծնված հին ու նոր Հայաստանների սահմանին, Արցախյան շարժման վերածննդի շնչով-ոգով-թափով, տեսե՜ք, ուրախացե՜ք, աջակցե՜ք սեբաստացիական երիտասարդական կազմով, պարմանիներով՝ Միջին դպրոցի, Ավագ դպրոցի, Քոլեջի սովորողներով, Արատեսի դպրական կենտրոնի՝ բնության գրկում մեր դպրոցի, կրթահամալիրի մասնաճյուղի նորացման-զարգացման-ծավալման գործը՝ ղեկավարումը ստանձնած 24-ամյա Սմբատ Պետրոսյանի առաջնորդությամբ, հարգանքով աշխատավոր Շատինի ու երկրագործ շատինցու նկատմամբ. որևէ մեկի-խմբի շանտաժին-ահաբեկմանը մենք չենք տրվի․․․ Մենք մեր ու ձեր Եղեգիս բերում ենք կրթական, այդ թվում՝ մասնագիտական ուսուցման նոր ծրագրեր-լուծումներ, մարդկային աշխույժ, բնապահպանական-կենցաղային-ազգագրական նոր մշակույթ Եղեգիսի նորաստեղծ համայնքում։ Եվ իշխանությունը բոլոր մակարդակներում օր առաջ պիտի այս փողոցային տգեղ աղմուկը լռեցնի, որ կարողանանք համայնքի, նրա 12 բնակավայրերի ու մարդկանց հետ մեր համակեցությունը հաստատել, մեր ունեցածը փոխանցել։
– Հանգի՜ստ, միայն հանգիստ,- նետեց Կառլսոն Դավիթ Բլեյանը, երբ հերթական ղժժոցը հայտնի խմբի՝ համակարգչի եթերից մտավ իր կյանք․․․
Մեզ ուժ է տալիս գիտակցումը, որ մենք՝ Երևանում, դուք՝ Եղեգիսի կիրճում, իրար կարիքն ունենք։

Իսկ օրը ես սկսում եմ իմ համակարգչի էկրանին մեր Ավագ դպրոցի Վանուհի Ազատյանի տեսակետով՝ բաց նամակի տեսքով, կրթության և գիտության հարգելի նախարար Արայիկ Հարությունյանին։ Ավելացնելու բան չունեմ. գիր է, փոխանցում եմ․․․

Մենք ստեղծում ենք, այո, մեր ներկայով, Հայաստանի Ապագայի ճամբարներից մեկը։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1445

(15) դիտում

Ոչ միայն ժամանակ կա, այլև իսկը ժամանակն է․․․ ծաղկեցնելու

$
0
0

Իմ օրագրի հաշվիչին սկսել եմ կրկին հետևել, խեր լինի։ Այսօրվա իմ օրագրապատումը իմ բլոգում հայտնվում է 1446-րդ անգամ․․․ Հոբելյանական 1500-րդի հաղթահարումը, որ Արատեսի ո՜ր սարերի ետևում էլ լինի թաքնված, մեկ է, 2018-ի հոկտեմբերի օրերից մեկը, կարմիրով նշեք օրացույցում 2018-2019 ուստարվա. տոնական է։

Իսկ Դավիթ Բլեյանին հարմար հեծանիվ ընտրել անհրաժեշտ է․ երեկ, Մայր դպրոցում, երբ վերադարձել էին մեր կազմակերպիչները Արմինե Թոփչյանի առաջնորդած հեծանվապտույտից, և պատրաստվում էինք Մարմարյա սրահում մեր մանկավարժական ճամբարի ընդհանուր պարապմունքին, Շամիրամ Պողոսյանը ծանոթացրեց հետաքրքիր ծնողական զույգի՝  Վերոնիկա ԲուռնուչյանիԱրտակ Գաբոյանի հետ, ճամփորդ հեծանվորդներ աշխարհով մեկ, իրենց մանկական ակտիվ գործող կայքով։ Կարևոր պայմանավորվածություններ ունեցանք «Երևան 2018»-ի նախագծերով. սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերը սեբաստացիական-ընտանեկան, այդ թվում՝ հեծանվարշավների-սպորտլանդիաների, մարզական խաղերի, հավաքների երևանյան, երևանամերձ շրջան է կանչող․․․ Ո՞վ դիմանա, եթե հաստատ է, որ այս ուսումնական տարում լուրջ քանակական ու որակական համալրում ստացած սեբաստացի համայնքը սրանցով կարող է իրար ավելի լավ ճանաչել ու իր ներուժը մեր կրթական կյանքի զարգացման ներդրումային ծրագրեր դարձել։

Սեբաստացիներն Անակլիայի ճամբարում։
Լուսանկարները՝ Աննա Երիցյանի։

Երեկվա իմ հեծանվային առավոտյան սրընթաց շրջայցը՝ Խանջյան-Ծովակալ Իսակով-Հարավի դպրոց-երկաթգծերով Արևմուտք, հետո Հյուսիս-Արևելք, կոնկրետ խնդիրներին տնօրինական մենթորական միջամտությունների-օգնությունների դադարներով էր։ Իմ ուշադրության կենտրոնում էին շենք շինությունների ներքին՝ ֆիտոդիզայնի, ծաղիկներով-բույսերով-կանաչով նոր թաղարային լուծումները, դիզայներական-տեխնոլոգիական միջամտությունները բնական․․․ Սա բոլորիս այս օրերին, մինչև սեպտեմբեր, սեպտեմբերին մեզ ծաղկաբույծներ կպահի շինություններում ուսումնական, իսկ հոկտեմբերին դուրս կգանք-կշարունակենք, որպես երկրագործ-պարտիզպաններ, մեր դպրոցամերձ ուսումնական պուրակներում․․․ Ա՜յ քեզ անհատական-խմբային գեղագիտական ստեղծական համերաշխ-խաղաղարար աշխատանքի ծավալ անսպառ, իսկը մեր ժամանակների համար, հանրային թերապիա․․․

Երեկ քոլեջում Տաթևիկի հետ մեր մտահոգության, քննարկման առարկան հենց պարտիզապուրակային մասագիտությամբ մեկամյա աշխատող-չաշխատողների ընդունելությունն էր, ուսուցման կազմակերպումը։ Ինձ՝ անուղղելի պարզիս, թվում էր, որ դիմորդների հերթը պիտի շարված լիներ, տեղ ու դադար չտար, բայց այս անապատ-կանաչազուրկ մեր աշխարհում հայոց մայրաքաղաքային, տեսե՜ք, պարտիզապուրակային մասնագիտությունը պահանջարկ չի վայելում… Ինչո՞ւ։ Ի՞նչը այնպես չենք անում, օգնե՛ք,  մեր գործի խնդիրների հեղինակ սեբաստացիներ. ոչ միայն ժամանակ կա, իսկը ժամանակն է։ Մեր ութ շինությունները-տարածքները կրթահամալիրի Բանգլադեշում ինձ ծաղկած թմբեր-ծաղկոցներ են ներկայանում, իրար կապող, կանաչ-հետաքրքիր, բնական անցումներով… իսկը Արատես՝ որպես մի Նոր ոսկի ծաղիկ, ադրբեջանցին կասեր՝ մի Կզլգյուղ․․․

Լողափային դիմանկարներ կրթահամալիրի Արևելքից։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի։

Երեկ վերջապես հայտնվեց մեր «Կրթական պարտեզի» Սարալանջի նախագծային կազմակերպության ղեկավար Արամը երիտասարդ ու ներկայացրեց համաձայնեցման սարալանջի նախագիծը… Լավ է, այս օրերին ես Արամին էի փնտրում ու գտա, և լավ է, որ նա ոչ միայն գտվեց, այլ եկավ ոչ դատարկ… Սարալանջը մեր 2018-2019 ուստարում ամենահանրային-ծավալուն առումով, ամենամասնակցային-համալիր կարողությունների դրսևորման, մեծով-պստիկով, սեբաստացի-ոչ սեբաստացիների նախագիծն է՝ մեր այո-ն՝ անշրջելի փոփոխությունների…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1446

(24) դիտում

Գործ է՝ անհրաժեշտության աստիճանի կարևոր, իր գրով…

$
0
0

Երեկ, օրվա վերջին, Եղեգիսի Արատեսից Երևան ճանպարհին նույն անփոփոխ զգացումն էր․ կարծես չեմ վերադարձել, մնացել եմ Արատեսում… մեր ավագ դպրոցի աշխատանքային հերթական ջոկատի հետ, որ կազմված էր «Մուտք կրթահամալիր» ճամբարի 10-րդ դասարանի պատանիներից․․․ Գայ Օհանյանը՝ Եղեգիսի Հերմոնի գյուղապետը դիպուկ-հումորով նկատեց՝ Արատեսում սեբաստացիական երդման էին եկել նոր սեբաստացի պատանիները․․․ Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Արատեսի բնության գրկում, աշխատանքով երկրագործ-բնապահպանի. նրանց խոսքը կլինի՝ «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ․․․ Մնացել էի Եղեգիսի շինարարների հետ, որոնց հետ այսօր կշարունակեմ դպրական կենտրոնի կացարանի՝ գյուղական հին տնակների նորոգման, դպրական կենտրոնի ողջ տարածքով բարեկարգման աշխատանքները… Մնում էի, որ ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ անընդհատ դարձնեմ բարեկարգման-նորոգման աշխատանքների առաջադրանքի հետևողական-ամբողջականությունը, որ և՛ աշխատանքների թափը չկանգնի, և՛ վարպետությունը… Մնամ, որ պատանիների, նրանց ղեկավարներ՝ Անուշի, Լիլիթի, Վարդանի հետ քայլեմ Արատեսի ճամփորդական կածաններով, առեղծվածային հմայք-ուժ-ազդեցություն ունեցող բնության այս կտորի բացահայտումներով, որ լսեմ ճարտարապետ-թանգարանագետի դիտարկումները, գրանցեմ-փոխանցեմ շինարարներին, եկող մեր բոլոր արատեսցի պատանիներին, Արատեսի հուշարձանների, այդ թվում՝ բնության պահպանությունը մանրամասն-խնամքով կատարելու պահանջը։ Մնամ, որ Քնարիկ Ներսիսյանի, Սմբատ Պետրոսյանի ֆոտոօբյեկտիվներից ոչինչ հիմա չվրիպի ու փոխանցվի մեդիայով․․․

Քնարիկ Ներսիսյանի օբյեկտիվից։

Ու Արատեսի ազդեցությունը այնքա՜ն զորեղ էր, որ շարունակվեց ճանապարհին հայրենագիտական զմայլանքի դադարներով՝ Ելփինի միջնաբերդին, որ հիմա ճարտարապետ-վանեցու հաստատմամբ նման է Վան քաղաքի ունեցածին, Չանախչիի Արածոյի կիրճին, չգնա՞ս ետևից, տեսնես՝ իրո՞ք Արաքս է հասնում, Արփայի հովտի Նորավանքի մուտքի ակտիվ, նոր միջամտություններով․․․ գինու նոր մառանում համտեսով, Ռինդի գինու համը բերանումս մնացած զգացումով․․․ Արարատյան դաշտում Արարատի ուրվագծով, արևի հրե գնդի մայրամուտով… Մեր դպրոցը բնության գրկում Արատեսի կենտրոնի, 2018-2019 ուստարվա օրացույցով հայտարարված մեկնարկով անընդհատ-շուրջտարյա-բաց, առանց խտրության գործունեությունը, շարունակ հերթագայող ջոկատներով, սովորողների և սովորեցնողների ուժերով կենտրոնի շարունակական բարելավումը պահանջում են, որ ես առաջիկայում ամեն շաբաթ մեկ-երկու օր աշխատեմ, լինեմ Արատեսում, Եղեգիսի կիրճում․․․

Երեկ, օրինակ, անհրաժեշտության աստիճանի կարևոր էր ճարտարապետության դոկտորի՝ իրոք, դոկտոր, 70-ամյակը օրեր առաջ նշած մարդու, կենսունակ իմաստությամբ, մշակութային-բնության հուշարձանների սրտացավությամբ-իմացությամբ, ճանապարհորդ-հետազոտող Աշոտ Գրիգորյանի հետ այցելություն-ուսումնասիրությունը Արատեսի հարևան, նախկինում ադրբեջանաբնակ Վարդահովիտ-Գյուլիդուզի շարունակություն Գետավանքում (Գյադիվան)։ Արատեսը կարող էր արժանանալ Գետավանքի այսօրվա վիճակին. իր նշանավոր վանքի, Գագիկ իշխանի բերդի մասունքները,  գերեզմանոց-դամբարանի տարածքը՝ որպես մի անվերահսկելի անասնապահական խմբերի-անհատների օբա-օբատեղի, որտեղ խաչքարը, դամբարանը, գերեզմանը կոխկրտվում են հայրենի անասունների սմբակների տակ, ցեխի, ջրի, տարերքի, բանջարի, կարտոֆիլի հարվածներով կորչում-գնում, և այս ամենը՝ առաջացող, ծավալվող ՀԷԿ-երի չդադարող շինարարությամբ։ Հայտնի պրոֆեսոր-թանգարանագետին այսքան շփոթված-անպաշտպան-անզոր ո՞վ էր տեսել․․․

Սմբատ Պետրոսյանի օբյեկտիվից։

Եվ ես այստեղ հասկացա Աշոտ Գրիգորյանի ոգևորվածությունը Արատեսով, նրա այսօրվա վիճակով։ Արատեսում նա եղել էր Համլետ Խաչատրյանի ու ինձ հետ, 1990-1992-ին, երբ ՀՀ կառավարության հայտնի որոշումով, մեր մանկավարժական նախագծով թափով սկսվել-ընթանում էր մեր Արատեսի դպրական կենտրոնի նախագծումը-կառուցապատումը՝ կառուցապատման սխեմային համաձայն, 1988-1989-ին ամայացած, լքված, ամբողջովին անմարդաբնակ Արատես-Կզլգյուլ անմարդաբնակ գյուղակի խարխուլ տների իրացումը, նոր տների-շինությունների հիմքի գցումը, եկեղեցու, Արատես գետի կիրճի-բլուրների, քարայրների, լանջերի, Արատեսի վտակների ազատումը-մաքրումը բնակիչների 200-ամյա տգեղ, անթույլատրելի միջամտություններից․
– Ի՜նչ լավ մաքրել եք, ի՜նչ լավ պահպանել, ի՜նչ ոգևորող հեռանկար եք հաղորդել նոր Արատեսին․ իսկական կարմիր ծաղիկի տեսքի եք բերել,- երկու օր շարունակ, Արատեսի գողտրիկ անկյունով վեր ու վար, արևելք-արևմուտք անցումներով հիանում էր գիտակ-սրտացավ արվեստագետը՝ միջազգային կապերով-հեղինակությամբ։
Ավելի կարևոր գնահատակա՞ն։ Ու մատիտն ու թուղթը ձեռքին, իր երիտասարդ գործընկերոջ՝ Արատեսի նախագծող, մեր սովորողների ճարպտարապետության ուսուցիչ Սլավիկ Մուրադյանի հետ անցան գործի։ Նրանց այլևս չես բաժանի․ մնացին Արատեսում… Սիմվոլների խնդրի, բնության գրկում դպրոցի կածանների, նոր հարթակների, նոր անունների, նոր նախագծային դետալների որոշման ուսումնական աշխատանքով։ Արատեսը իր հայտնի գիտական ստուգաբանմամբ հանդերձ, Արա աստծու հետ մի նշանակությամբ, մի ստուգաբանմամբ ինձ հետ է կապվում՝ արի տես ու կմնաս․․․ հավատարիմ այս անկյան, այս արմանք-զարմանքին, չես հեռանա, կվերադառնաս։ Արատե՛ս, հիմա տես, դարձի են գալիս պատանեկան խմբերով, երիտասարդ ստեղծագործ-կառուցումի ավյունով։

Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։

Երեկ Արատեսում առաջին նվիրատուն հայտնվեց․ ջրի բաքեր ու ջրատաքացուցիչ ունեցանք։ Երեկ Շատին գյուղի բնակիչ, երիտասարդ Շուշանի ուղեկցությամբ Ավստրալիայից բարեգործական կազմակերպության մի խումբ՝ երեխաներով, այնքա՜ն հիացած մեր պատանիների աշխատանքով, անմիջապես կենդանի բանակցություններ սկսեցին գործընկերության։ Երկուշաբթի դրանք պայմանավորվածություններ կդառնան Երևանում։ Երեկ, Երևանի ճանապարհին, Շատինի մի երիտասարդ ընտանիքի հետ պայմանավորվում էինք մի խումբ պատանիների հետ Սպիտակավոր-Շատինավանք-Արատես ճանապարհին միանալու մասին։ Արատեսի վերածնունդը նոր Եղեգիսի կիրճում հաշտության և ստեղծականության մղումներ է բերում։ Ավելի ու ավելի տեսանելի․․․ 2018-ի շարժման որակներով՝ դուխով և նվիրումով ևս։ Եվ շնորհքով, բարեխիղճ։ Արատեսը, այո, մեզանից ավելին է պահանջում։

Հետգրություն

Գետավանքից մինչև Գողթանիկ Եղեգիսի ջրերով այնքա՜ն տարվեցի, որ չնկատեցի ինչպես ձախ ձեռքիս ցուցամատը վնասեցի։  Թվում էր՝ կոտրվածք է կամ ճաք, բայց ի՜նչ լավ բան է ծանոթ վիրաբույժը։ Առանց ռենտգենի, ընկերավարի որոշեց՝ սալջարդ է, խորը սալջարդ․ երկու-երեք օր, և կանցնի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1447

(108) դիտում

Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավարակ չէ…

$
0
0

Դավիթ Բլեյանն ու Արմինեն լուրջ վերաբերվեցին իմ վնասված ցուցամատին. ես, գիտեք, նշանավոր անփույթ եմ, երբ անելիքը վերաբերվում է իմ տանը, իմ անձնականին։ Տարան կիրակի առավոտով հիվանդանոց, բերեցին…
Դավիթն՝ իր նշանավոր հումորով.
– Պա՜պ, նորից ցույց տուր վնասված մատդ, տեսնեմ․․․ կոտրված է, թե ճզմված․․․ բա ի՞նչ ես անելու․․․
– Չգիտեմ, Դավի՛թ, դե, գնում ենք վիրաբույժի մոտ, թող ինքը որոշի։ Երկու ցուցամատն ի՞նչ եմ անում, ամեն ինչ շուրջդ դու տեսնում ես, կարելի է և էս ձախինը՝ վնասվածը, կտրել․․․
– Հա՛, լավ է, պա՛պ, որ միջնամատդ չէ, թե չէ ո՞նց էիր էսպես անելու․․․
Եվ աչքերիս մեջ նայելով՝ ցույց է տալիս նշանավոր հայհոյանք-շարժումը․․․

Մատիս հետ կատարվածի համար չեմ փոշմանել, ինչպես որ ոչ մի պահ չեմ փոշմանել Եղեգիսի ջրերում իմ տղայական սուզումների, ջրախաղի համար․․․ Էլ ինչի՞ ենք ապրում․․․ Գետը, ձորը, կիրճը, ջուրը, քարափը, վերելքը․․․ քարն ու թուփը․․․ սրբազան մասունքը, իմ գտած հարթակներից էս աշխարհին նայելը, ընկերների հետ քայլքով էս ամեն ինչի հայտնագործումը. սա եմ ես անվանում Եղեգիս, նրա  Արատեսով ու գետի վանքով, նրա Եղեգիս, թե Վարդահովիտ գյուղերով․․․

Քոլեջի մուտքի ճամբար:

Ամենուր այստեղ ավերակներ են… Ավերակը կանչ ունի, կապ է. քանի՜ անգամ ես փորձեցի կտրել իմ կապերը՝ չլսել-չտեսնել․ իմ կյանքն է, չեղավ, ու Արատեսը՝ իր դպրական կենտրոնով, բնության գրկում, որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն-մասնաճյուղ, իմ աշխատանքն է եղել, հիմա դրա ընդարձակումը՝ ավերակներից Եղեգիսի տարածքներն ազատելը… Հանկարծ չփորձեք ավերակ համարել նաև վանք-հուշարձանները. Արատեսի վանքը 1989-ից սկսած, ինձ համար գործող եկեղեցի է, խոնարհ՝ իր վիճակով, սպասումով, համբերությամբ, երբ շուրջդ ավերակ-բռնություն-անտեսում է, շարունակ վտանգներ… Հե՞շտ է ավերակում ապրելը-գործելը, աղոթատեղի մնալը… Ու վերջապես… Արատեսի վանքը տարիների մեր երևացող-չերևացող ջանքերով, դպրական կենտրոնով ազատվում է՝ իր շուրջ-բոլորով, սկսում է ապրել մեզանով, մարդկանցով, պատանի-երիտասարդ, բոլոր տարիքի մարդկանցով, որ գալիս են, կգան, որպես ուխտավորներ, որպես այցելուներ նշանավոր հուշարձանի, բայց ավելի ու ավելի շատ, կանոնավոր օրացույցով, գալիս են-կգան, որպես բնության գրկում դպրական կենտրոնի սովորողներ և սովորեցնողներ․․․ Եվ կարևոր է օգոստոսյան այս փուլում արձանագրելը, որ Արատեսը իր կառուցումով ուսումնական կենտրոնի, իր բնության գրկում անընդհատ դարձող դպրոցով, իր նշանավոր բլոգով, հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, որ նրա կառուցումն իրականացնողը նրա բնակիչն է՝ որպես կենտրոնի սովորող, թե եղեգիսցի շինարար․․․ Իսկ հայաստանյան մասնագիտական համայնքի կողմից կառուցման վերահսկողությունը, մշտական ուսուցման համակարգումը ստանձնեց ճարտարապետ-հետազոտող-թանգարանագետ դոկտոր Աշոտ Գրիգորյանը օգոստոսի 24-ի հայտարարված հավաքում, կառուցապատվող Արատեսի տարածքում շրջայցին՝ 16։00, դպրական կենտրոնի բացօթյա կլոր սեղան-ներկայացման ժամանակ՝ ճիշտ ժամը 18։00…

Տեխնոլոգիական առաջին պարապմունք Քոլեջի նորեկների հետ:

Սրանից հետո մեր որոշումերը, կլոր սեղանները, ներկայացումները, հանդիպումները կլինեն բաց, հայտարարված ժամին, բայց Արատեսում, դպրական կենտրոնի հարթակներից մեկում․․․ Մենք խոսում ենք բնության գրկում շուրջտարյա գործող, բաց դպրական կենտրոնի մասին՝ իր հրապարակած դասընթացներով-հավաքներով-ճամբարներով․․․ Մենք այսպիսով ուժ-իրավունք ենք ստանում խոսելու Արատեսի վանք-բարձունքի՝ վանական համալիրի վերականգնումը սկսելու մասին․․․ Սեպտեմբերի 7-ին 2018-2019 ուսումնական տարվա յուրօրինակ արշավախմբային մեկնարկն է եռօրյա հավաքով, որի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 8-ը, նվիրված կլինի Արատես վանքին՝ իր վերականգնման նախագծով. հարգելի ճարտարապետ-վերականգնողներին հրավիրում ենք դպրական կենտրոնում իրենց նախագիծը ներկայացնելու․․․

Դավթի զբոսանքը Անգիական այգում։
Լուսանկարները՝  Արմինե Աբրահամյանի, Մելինե Մարտիրոսյանի:

– Դավիթ, արի մի քիչ մաթեմատիկա անենք, խնդիր լուծենք,- երեկոյան պատշգամբից կանչում է Արմինեն պլանշետից կտրելու համար․․․
– Քո մաթեմատիկան գիտեմ, ոնց որ մայրենի լինի․․․
Հետո Արմինեն արդարանում է․
– Բա չասե՞մ՝ խնդիրը ներկայացրու, պատմիր․․․
Ի՜նչ դիպուկ է մեր տղան. քո մաթեմատիկան ոնց որ մայրենի․․․ Այսպես է Հայաստանով մե՞կ…

Սիրով հաշվեցի․ Արատեսի դպրական կենտրոնի հերթական օգոստոսյան՝ 23-26-ի եռօրյա հավաքին տարբեր խմբերով, բայց նույն՝ աշխատանքին, դպրական կենտրոնի բարեկարգմանը, նրա 2018-2019 ուստարվա անընդհատ բաց, օրացուցային գործունեության պատրաստմանը մասնակցեցին 50-ի չափ մարդիկ, նրանց կեսը՝ սեբաստացիներ, գիշերումով․․․ Ոգևորող ցուցանիշ է։ Կրթահամալիրի ավագ ջոկատի վերադարձը՝ արդեն որպես մենթոր գործող Անուշ Համբարյանի ուղեկցությամբ, Սելիմ-Վարդենյաց լեռնանցք-Մարտունիով էր, Սևանի ավազանով, լճում խոստացված լողով, Այրիվանքի նշանավոր հայացքով լճի լազուրին․․․ Եկել են բարեհաջող, կպատմեն իրենց հայտնագործած հայրենիի մասին․․․ Ինչպես խարույկի շուրջ, ուրբաթ իրիկունը խոստովանեցին՝ առաջին անգամ է, որ Եղեգիսում են, առաջին անգամ՝ վրանի տակ, այսպես՝ խարույկի շուրջ, որպես կառուցման-ուսուցման մասնակիցներ, ճարտարապետ-դոկտորի սաներ․․․ Եկան, տեսան ու պատմում են․․․

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1448

(30) դիտում

Արատեսն ազդո՞ւմ է Եղեգիսի կիրճում մեր վարքի վրա…

$
0
0

Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ (նախկինում՝ ադրբեջանաբնակ Գյուլիդուզ) գյուղ մենք մտանք Արատեսից, Հերմոնով, հողի ճանապարհով… Շաբաթ օր էր, օգոստոսի 25-ը։ Մեզ հետ էր ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որ առաջին անգամ էր լինում այս կողմերում. իսկ նրան ես խոստացել էի ցույց տալ Գողթանիկը, Վարդահովիտը, Գետիկավանքը…  Գետիկավանքում ունեցած շփոթմունքի մասին պատմել եմ իմ երեկվա գրում, կրկնելու-վերապրելու բան չէ…

1-ին դասարանցիների Մուտքի ճամբարը Հարավում:
Լուսանկարները՝ Գասպարյան Լուսինեի։

Ի՞նչ են ասում ընթերցողին այս աշխարհագրական անունները, հետաքրքի՞ր են մեր մարդուն նախկին ադրբեջանաբնակ այս տարածքները…

Արատեսի դպրական կենտրոնի եռօրյա-հնգօրյա հայրենագիտական-բնապահպանական հավաքների ծրագրով մենք նախատեսել ենք Եղեգիսի համայնքի բնակավայրերի ուսումնասիրություն, և մեր այս այցը նախապատրաստական էր, ճանաչողական։ Վարդահովիտի ընդարձակ հրապարակը՝ իր կենտրոնում տեղադրված քարով, մերձակա այգու մեջ տեղադրված բարձր խաչքարերով գրավեց, իհարկե, մեր ուշադրությունը… Քարը՝ իր եզակիությամբ, խաչքարերը՝ հեռվից մասնագիտական աչքին տեսանելի՝ մոմերի մեծացող մրով-սևով… Ճարտարապետ դոկտորի աչքին մանրուքներ չկան:

Արևելյան դպրոցի ամառային լողափը:
Ֆոտոշարը՝ Արմինե Թոփչյանի:

Մոտեցանք, մաքրեցինք խաչքարերը եզակի, ինչպես մեզ համոզիչ ներկայացրեց դոկտորը, շրջապատը ողջ… Մոտեցավ և Վարդահովիտի գյուղապետ Սամվել Գևորգյանը, գյուղի այսօրվա բնակիչ շատինցիներ… Պայմանավորվեցինք շարունակել սկսածը ու Վարդահովիտի հրապարակը դառնա մուտք-ուղեցույց վարդերի հովտով դեպի Գետիկավանք, Գագիկ իշխանի բերդ-ապարանք… Շատինը, որ 1980-ականներին Վարդահովտի (Գյուլիդուզ) հետ եղել է որպես մի խորհրդային տնտեսություն, որ 1988-1989-ին ճանապարհել է այստեղի ադրբեջանցի բնակիչներին, որ հիմա բնակեցրել է Վարդահովիտը ու Գետիկավանքը… ավեր-օբայի* վերածել, կրո՞ւմ է պատասխանատվոություն Եղեգիսի համայնքում Վարդահովիտ-Գետավանքի որպիսության համար… Ինչպե՞ս։ Տասնյակ հարյուրավոր հեկտար տարածքներ, ձորեր-գետեր, սրբավայրեր… ավերակների մեջ կորած

5 տարեկանների Մուտքի ճամբարը հարավային դպրոցում:
Ֆոտոշարը՝ Արաքս Հովհաննիսյանի:

Գետիկավանք-Գյադիվանք-օբայի թողած ազդեցությունը, ահա, օրեր են անցել, ու անհաղթահարելի է: Վստահ եմ, որ Եղեգիս համայնքը, նրա Շատին գյուղը՝ իր հոգևոր-մարդկային ներուժով ողջ, ունենալով մասնագիտական աջակցություն, համայնքի առաջնահերթությունների օրակարգ պիտի բերի Գետիկավանքը, ունենա իրավիճակի շտկման ճանապարհային քարտեզ: 2018-ի հուլիսին այստեղ՝ Վարդահովիտի դաշտերում, համայնքապետարանի-մարզպետարանի աջակցությամբ անցկացվեց Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնի ամենասպասված ուիքենդ-նվերը… Սա համարենք հանրային ուշադրության կարևոր դրսևորում։ Այդպիսին է նաև Աշոտ Գրիգորյանի այցը, նրա պարտավորությունը՝ մասնագիտական ուշադրության կենտրոնում պահելու ողջ Եղեգիսի մշակութային-հուշարձանային խնդիրները։ Արատեսի դպրական կենտրոնն ունի առաքելություն՝ ոչ միայն օրինակ ցույց տալու, թե ինչպես պետք է պահել մշակութային արժեքը՝ եկեղեցի-բերդ, թե մի մասունք-խաչքար, պարտադրելու համայնքի բնակչին, նրա միջոցվ՝ յուրաքանչյուրին, որ ոտք է դնում Եղեգիսի կիրճում, այլ վերաբերմունք շրջակա միջավայրին, այլև դառնալու այս երկարատև խնդրի լուծումների ներկայացման, մասնագիտական աջակցության կազմակերպման մշտական գործող ուսումնական բաց հարթակ՝ դպրոց բնության գրկում: Այսպիսի դպրական կենտրոն է ստեղծվում և գործում Գետիկավանքի հարևան, նրանից մի սարով բաժանվող Արատեսում… Արատես, որ բնության անաղարտության այնպիսի ազդեցությամբ, որ կրթահամալիրի գեղարվեստի ղեկավար Քնարիկ Ներսիսյանին ոգևորում է մի շնչով այսպիսի շարք ստեղծել. թվարկումն արդեն խոսուն է.

Նոր ընդունված սովորողների ճամբարը Հարավում:
Խոհանոցային գործունեություն:
Լուսանկարները՝ Սմբատյան Գոհարի:

Այս գրով ամբողջացավ այս մի ճամփորդության իմ պատումն էլ, որ անում եմ դպրական կենտրոնի բլոգի պատվերով ու նվիրում իմ երիտասարդ գործընկեր Սմբատ Պետրոսյանին, բայց չի ավարտվում մեր վերադարձը Արատես Եղեգիսով՝ մեր կրթական ծրագիրը նորացնելու վճռականությամբ։

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1449

* Օբա (գավառական)՝ 1.Վրան: 2. Վրանատեղ: 3. Ամառոց: 4. (հավաքական) Վրանաբնակներ:

(76) դիտում


Որ փոփոխությունները մեր կյանքի մեզանով մտնեն ամեն մի բնակավայր…

$
0
0

Հարգելի Հայկ Գրիգորյանի նման, համարյա միաժամանակ, մութուլուսին, իմ օրը քանի՜ տարի այսպես է սկսվում, ես էլ չէի անդրադառնա Քոչարյանի թեմային, եթե չծանոթանայի Հայկի այս հրապարակմանը․․․

Սեպտեմբերի 3-ով իր օրացույցային 2018-2019-ը նախագծային է կրթահամալիրով մեկ՝ հանրային խնդիրների-քննարկումների-համատեղ լուծումների ոգևորող-անսպառ հնարավորություններով․․․ Համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, համեցե՛ք կրթահամալիրի Բանգլադեշի որևէ հարթակ, սեբաստացի սովորողների-ուսուցիչների ձեր ընտրած խմբում, ձեր նախագծով, նորին մեծություն Առաջադիմություն, մտե՛ք բաց հանրակրթական աշխարհ՝ օգնելով մեր ուսումնական նախագծերի լուծմանը․․․

Արա լեռան մեկ օրը: Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Մարիետ Սիմոնյանի գրական ակումբը՝ նրա առաջնորդությամբ, երեկ Սևանի «Ժայռ»-ում կարողացա՞վ ալիքոտել մեր օգոստոսյան անդորրը․․․ Լավ կլիներ, օգոստոսի այս օրերը՝ իր հինգշաբթին․․․ Վա՜յ, օդի պես պակասող օրվա՝ օգոստոսի 31-ի՝ այս շաբաթվա ուրբաթի էս ի՜նչ հայտնաբերում է։ Ա՛յ քեզ հաջողություն, օգոստոսը 31-րդ օր էլ ունի՞. ուրբաթը այսպիսի նախագծային շաբաթի պատրաստության համար նվեր է․․․

Սեպտեմբերի 1-ը, որպես ոչ աշխատանքային օր ու տոն գիտելիքի,  հանրապետության տոների ու հիշատակների օրացույցով օրենքի ուժ ունեցող, գիտելիքը, հետազոտական գործունեությունը, մտավոր ջանքը հանրայնացնելու, երեխայի-սովորողի անձնական ընկալման բերելու աստիճանի կարևորություն ու հնարավորություն է բերում, եթե տոնը դուրս գա ձևական՝ հանրակրթական ուսումնական հաստատության շրջանակից ու դառնա հասարակությանը՝ համախմբելով ողջ իմացական-մտավոր ներուժը հայրենի․․․ Համեցե՛ք, վերցրե՛ք ձեր երեխայի ընկերներին և ուսուցիչներին, համեցե՛ք, տարիքային խառը խմբերով գիտելիքի օրը տոնի վերածեք՝ օգտագործելով Երևանի, քաղաքամերձ բոլոր հարթակներն ու հնարավորությունները․․․ Ճամփորդելով ուսուցանենք, թանգարաներում-գիտահետազոտական-արտադրական օջախներում ուսուցանենք… Հետաքրքիր-անմոռանալի դարձրեք օրը՝ ինչպես երեկ Դավիթ Բլեյանի համար Սևանի «Ժայռ»-ում գրական ակումբը․․․
Իրիկունը հեծանվով Մենուայի, Հասմիկի հետ մտնում ենք տուն, Դավիթը վազեց ընդառաջ․
– Պա՜պ, լավ էր․ ամեն ինչ լավ էր,- ու գնաց իր գործին․․․

Իսկ պատրա՞ստ է հասարակությունը քաղաքական սերնդափոխությամբ, սիրո ու համերաշխության հայտարարած այս շրջանում, այսպիսի նախագծումի և իրագործման, իսկ համար մեկ պատրաստության վիճակի բերվա՞ծ է գիտելիքաստեղծը հանրապետությունով մեկ․․․ Օգտագործե՛ք այս ժամանակը՝ մինչև սեպտեմբերի 1-ը պատրաստվելու. տոնին եղեք ձեր երեխաների հետ ընտանեկան նախագծերով, գրոհեք ստեղծումի ֆիզիկական բարձունքներ, իսկ սեպտեմբերի 3-ից սկսած՝ կրթահամալիրի Բանգլադեշում, ձեր ընտրությամբ․․․ Իմ երեկվա սուրհանդակը հո չե՞մ վերապատմի․․․ Սուրհանդակը կարդալու համար է։

Այսօր, ժամը 12։00-ին, ես Անժելա Թովմասյանի, հայտնի «Հայելի» ակումբի հրավերն ունեմ, և իմ գիրը սրան պատրաստվելու բնական ընթացք պիտի ունենար և ունի. «Հայելի»-ն էլ լավ հարթակ է հանրության տեղեկացման․․․ որ ինձ համար իմ աշխատանքից անօտարելի է։

Կրթահամալիրում աշխատանք փնտրողների համար Մուտքի ճամբարը՝ բաց-հասանելի յուրաքանչյուրին, իր աշխուժությամբ-մեծաքանակությամբ ոգևորում է հեղինակային մանկավարժական աշխատանքի նոր հնարավորություններ, հեղինակային դպրոց-պարտեզներ բացելու փութաջանությամբ նոր․․․

Սևանի «Ժայռ»  լողափում:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի և Սյուզաննա Սարգսյանի:

Այս տարվա մեր ընդունելության թափը չի պակասում․ լրացավ 6 տարեկանների 7-րդ դասարանը, ութերորդը բացելը, ինչպես 5 տարեկանների համար 6-րդ խմբի ստեղծումը, ինչպես 2-4 տարեկանների համար հերթական սրահի կազմակերպումը այս անգամ Արևմուտքում մեր, Քոլեջում նախադպրոցական կրթության դաստիարակի մասնագիտությամբ հիմնական կրթության հիմքով ուսանողների նոր լսարանը, ինչպես երեխայի ծնունդով բերված հոգսերը․․․ Հա՛, հոգս են, բայց մեր կյանքը այդպիսի հոգսերով չի՞ լիցքեր ստանում․․․

Դավիթ Բլեյանը թե՝
– Մա՜մ, այսպես կլոր լավն ես, սիրուն ես, փափուկ ես, բայց ինչի՞ նոր կուկու բերես․․․ Միշտ այսպես մնա…
Ընթերցողի գործն է մեկնաբանումը, իմը՝ օրը, որ և՛ ձեզ հետ է, և՛ ձեր աչքից հեռու, մեծ է աշխարհը մեր, ու ես մորս դաջած՝ հայտնի տափուկը, ամենատափուկը, ձեզ վերադարձնելն է․․․

Սեբաստացի ուսուցիչ-մայրիկները՝ արդեն երեք բալիկ ունեցողներով, Սաթիկ Սիմոնյանը, Լիլիթ Սահակյանը, Մարինե Ամիրջանյանը, Արմինե Մնացականյանը․․․ լրիվ կազմը կադրերի տեսուչի ձեռամբ կարդացեք, նոր ակումբ են ստեղծում, ես էլ՝ հեծանվով, չեմ ուշանում նման հավաքներից-նախաձեռնություններից անպակաս… Ինձ հարցնում են՝ ո՞վ-ինչպե՞ս դառնա ակումբի նախագահ, ես էլ՝ Դավիթ Բլեյանի արժանի պատասխանով․
– Չորրորդ երեխա բերողը․․․

Դավթապատում Սևանի Ժայռից։ Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի։

Բլեյան կրթական ցանցի նախաձեռնումը հենց գիտելիքատար նախագիծ է՝ հանրակրթության արդիականացում-տարածում, այնպես որ մանկավարժ-աշխատողը իր բնակավայրում, իր աշխատանքի-կրթական ծառայության հեղինակը դառնա․․․ Ինչքա՞ն սպասի և ո՞ւմ սպասի․ կա՞ հանրային պահանջ մոբիլ-ստեղծական-անընդհատ-համերաշխ հանրակրթական միջավայրի, դարձե՛ք դրա կազմակերպիչը-հեղինակը, մի խմբով հիմնեք ձեր պարտեզը-դպրոցը-ակումբը, միացե՛ք Հեղինակային մանկավարժության մեր ցանցին հանրապետությունով մեկ, որ դուք մնաք, ստեղծեք ձեր բնակավայրում, որ ձեր երեխան ձեր բնակավայրի երկրագործը դառնա, որ հանրապետությունը չշարունակի հավաքվել Երևանում, որ մեր կյանքի փոփոխությունները ձեզանով մտնեն հանրապետության յուրաքանչյուր բնակավայր․․․

Այս օրերին իմ հեռախոսին զանգերը կա՛մ ընդունելության հարցերով են կրթահամալիրի, կա՛մ Եղեգիսի մեր Արատեսի… Ուզում են, որ շարունակեմ պատումը, չընդհատեմ։ Սիրով, միայն թե այսօր պատումի չափը անցա։ Դպրական կենտրոնի բլոգում 2018-ի Արատեսն է, բնության գրկում դպրոցը, իմ արատեսյան օրագիրը նաև․․․ Իսկ օգոստոսի 25-ի տեսապատումներն այս, Արատեսի կառուցվող պանդոկից և վանքից, անմիջական են-անարատ։ Շնորհակալ եմ Քնարիկ Ներսիսյանին ուշադիր վերաբերմունքի ու բարեխիղճ աշխատանքի համար։

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1450

(69) դիտում

Իշամեղվի կծած ձեր տիարի պես կաս-կարմիր… տեսած բան է…

$
0
0

Իմ բլոգապատման օրագրի՝ մինչ այս 1451-րը յուրաքանչուրի վերնագիրը ես եմ ընտրել-որոշել-գրել, ինչպես իմ տեքստի ամեն մի տող: Այդպես չէ իմ այլ հրապարակումների, տեսաելույթների, հարցազրույցների դեպքում. վերնագրի որոշումը տվյալ ԶԼՄ-ի, լրագրողի, չգիտեմ՝ ում, ոչ իմ իրավունքն է… Կարդում եմ, դիտում եմ… ասենք՝ համաձայն չեմ, ի՞նչ պիտի անեմ, երբ վերնագիրը զայրացնելու աստիճանի վատ է, իմ խոսքը՝ իմաստափոխած… իմ մասնակցությամբ այս կամ այն նյութում, անգամ երբ մենակ եմ տաղավարում… Գրավոր բողոքե՞մ, զանգե՞մ, բարկությունս թափեմ… Կամ ասեմ՝ մինչև հրապարակումը ցույց տվեք, տեսնե՞մ, դա ուրիշ տեղ կտանի, այդպիսին չեմ…

Գիտեմ, որ փոքր բան չէ, շաբաթներ առաջ մի տեսազրույցի վերնագրի պատճառով գժտություն առաջացավ անգամ Շուշան Բլեյանի և իմ միջև… Պատկերացնո՞ւմ եք… Շուշանը Վիեննայից մեզ լսում է…
– Դա ո՞նց ես թույլ տալիս, պա՛պ, որ ինչ ուզեն՝ գրեն…
Արխայնացեք՝ իմ իջևանցի ընկերոջ՝ Նիկոլի ուսուցիչ Աշոտ Փաշինյանի խոսքով որ ասենք, կամ Նունե Մովսիսյանի պապի խոսքով՝ բրախի՜… Ապրենք մեր օրը, կյանքը: Վերջին օրինակը հարգելի Ա-1 պլյուսի՝ Հայելի ակումբից այս հրապարակման առիթով, այսպիսի վերնագրից է: Շնորհակալ եմ, իհարկե, համեստիս (աշխարհի ինձ ծանոթ մարդկանցից երրորդ համեստն եմ. թե ամոթխած-համեստների հաղթողների միջազգային պատվանդան լիներ, առաջին տեղում կլիներ Վանո Սիրադեղյանը, երկրորդում՝ Գրիգոր Խաչատրյանը, 3-րդում՝ ես։ Վերևում՝ Աստված, իհարկե) հետևելու, ասուլիսով կարևորելու համար։ Բայց վերնագրում այս գրված է, ու շատ տարածվեց… «Պետք էր առաջինը 12-ամյա կրթական համակարգը վերացնել»… Այնպե՛ս ամաչեցի… ընթերցողի-դիտողի առաջ… Մի՞թե վրիպել եմ, չեմ ասել «պարտադիր»-ը 12-ամյայից առաջ… Նայում եմ տեսանյութը… Ահա այդ հատվածը. մի անգամ եմ ողջ ասուլիսում օգտագործել և այսպես,  մեջ եմ բերում ուղղակի… «Առաջին հերթին, ինձ թվում է, պետք է էս պարտադիր 12-ամյակը շպրտեին մի կողմ…»։ Ի՞նչ անեմ… Ասում եմ՝ կներեք, ու անցնում, հանձնում ինձ կյանքի հորձանուտին…

Լողափնյա պարտեզ. Հյուսիսային դպրոց՝ 2-4տարեկաններ։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Իսկ «Հայելի» ակումբում ես ավելի կարմիր էի… Ոչ միայն բնական, հորիցս ժառանգած կարմրությունն է… Երևանի պետական համալսարանում, ուսանողական, «Ֆիզիկայի օր» տոնախմբություններին, դահլիճներից հաճախ էր հնչում «Краснощекий наш Блеян» չաստուշկան… Գումարած՝ իմ հեծանվային երթը ամենօրյա, բաց հագնված, արևի տակ, գումարած՝ Եղեգիսի կիրճում իմ արատեսյան արևահարումը օգոստոսյան… Նաև կարմիր շորը կարճաթև, որ ավագ դպրոցի երգչախումբը նվիրեց ինձ՝ միասնական ելույթ ունենալու համար. ասում են սեբաստացի կանայք՝ ինձ շատ է սազում, այնքան, որ Արմինե Թոփչյանը, երեկ, կարճ կտրված մազերով նկատեց, դարձրեց, իմ բլոգի գլխանկար, այսպիսի… կռասավեց տիար: Բայց երեկվա կարմիրը մի ուրիշ էր. առավոտը տնօրենի իմ հեծանվաշրջայցին,  կրթահամալիրի Բանգլադեշով մեկ, երբ Արևմուտքի դպրոց պարտեզում մոտեցա հյուսիսարևմտյան պուրակի ցայտաղբյուրին (գիտեք՝ ջրի, աղբյուրի համար ուշքս գնում է, բաց չեմ թողնում), վերահսկողությունից դուրս մնացած (բա ասում էիք всё под контролем…)  մի իշամեղու բաց բոկոտիկից մտավ ու ձախ բութս այնպե՜ս կծեց… որ… այնքան խառնվեցի, սկսեցի կարմրե՜լ, էլ ո՜ւր, ուռել… Իսկ դիմացը «Հայելու» եթերն է… Շնորհակալ եմ մեր աղջիկներին, հատկապես Լուսինե Մամիկոնյանին, ինձ եթերին պատրաստեցին…

Ուսումնական տարվա մեկնարկը Հյուսիսում:

Ես գիտեմ, որ լիքը կիսատ-պռատ գործ կա, 2018-2019-ի օգոստոսի 30-ին մեր ուսումնական օրացույցով, որ սեբաստացիներով բոլոր, որ ընտրել եք միասինը մեր, պիտի անենք, և չկա այլ ձև, քան դրանք շտկելը կյանք դարձնելը, առօրեական համարելը, քան ուսումնական պարապմունքների ողջ ծավալով մեր կենսագործունեության վերականգնումը: Սկսվեց: Հերթականը: Մնացածը ամեն օր, անդադրում, միասին, որպես ուսումնական աշխատանք, Ձեր ընտրած Անդաստան Հայաստանում, մայրաքաղաք Երևանում, նրա կրթահամալիրի Բանգլադեշում՝ ձեր ընտրած Հյուսիսով, Հարավով, Արևելքով, Արևմուտքով, ազատ-բաց-բացօթյա աշխարհով անարգել ձեր անցումներով… սովորական, շշմելու ուսումնական տարի։ Հերթականը։ Ասենք՝ բարի լինի, ու եղավ բարի… Իշամեղվի խայթոցից կարմիր ձեր տիարի պես։

Ձմերուկատոն Հյուսիսի 5 տարեկանների խմբում։

Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
#1451

(42) դիտում

Մայրամուտ էր Հրազդանի կիրճում, ու ես իր դիմաց՝ 24news-ի եթերում․․․

$
0
0

Ինձ Աշոտ պապիկ ասողը՝ Վահանը, այսօր դարձավ երկու տարեկան, իսկ երեկ մտքերի մեջ Քոլեջում հայտնված տիարին ԻնգաՎարդուհու 2-4 տարեկանների սրահի արևմտյան պատուհանից զի՜լ, այնպես, որ յուրաքանչյուրդ լսեք՝ Աշոտ պապի՜կ, կանչում է, ու նշանավոր ծիծաղում, այնպես, որ ես մոլորությունս շփոթմունքի փոխած լուսանկարում եմ․․․ Կողքից ով ասես մասնակից է. ու այս ինքնաբուխ առերեսումը պապիկի ու թոռնիկի մնաց․․․ Ես ո՞նց չբերեմ գիր․․․

 

 

Օրվա վերջում, Ձորափի փողոցով ես վեր ու վար արեցի՝ 24news TV-ն գտնելու. այստեղ առաջին անգամ եմ լինում։ Հրազդանի կիրճ նայող անհասկանալի մեծ շինության բացվածքում հարմարավետ տեղավորված TV-ն՝ իր տաղավարով, լրագրականով-համակարգչայինով, ինձ երիտասարդական ակումբ է հիշեցնում, ծանոթ-անծանոթ՝ հարազատ են բոլորը․․․ Ինձ թվաց՝ ես կարող եմ, ես ուզում եմ մի ամբողջական ֆիլմ նկարել այս TV-ակումբի մասին, ծանոթանալ յուրաքանչյուրի, հայացքով միշտ Հրազդանի կիրճին՝ ներս ու դուրս անող, Հայաստանի մասին պատմող այս ստեղծական խմբի հետ․․․ Հետոյին մնաց։ Տղաներից մեկն ասաց, որ քաղաքապետի թեկնածուների հետ ուզում են անցնել Հրազդանի կիրճով՝ վերից վար, Երևանի միջով․․․ Ինձ Հրազդանի նկատմամբ ուշադրության ամեն մի դրսևորում հուզում-ոգևորում է, ինչպես Վահանի «Աշոտ պապի՜կ» կանչը։

Հարավային դպրոցի նորեկները, առաջին դասարան:
Ֆոտոշարը՝ Շամիրամ Պողոսյանի:

Իսկ երեկ իրիկունը, ես եմ իրենց կենտրոնում, տաղավարում։ Մնացածը՝ եթերում։ Մայրամուտ է Հրազդանի կիրճում՝ Ձորափի փողոցի ողջ երկարությամբ, Պռոշյանի ակադեմիկոս Ջրբաշյանների տանից մինչև Սուրբ Սարգիս եկեղեցի… Ափսո՜ս, որ իրիկնային եկեղեցին անմարդ է, անսաղմոս, անշարական, անխորհուրդ, երբ Երևանում այնքան ձայն կա, որ կուզենար հնչել Սուրբ Սարգսում… ինձ համար… Իմ պատվերն ինչո՞ւ է զանց առնվում։

Բազմամարդ-աշխույժ մի ակումբ է ինձ հիշեցնում սեբաստացի սովորողների-ուսուցիչների ամենօրյա տեղափոխումը, երբ երեկ կեսօրին, հետևում էի, այսպես ասենք, փորձնական եթերին․․․ Շա՜տ ուշադիր։ Որքան էլ լիքը անելիք կա, բայց Արմինե Թոփչյանի ֆոտոօբյեկտիվը ճշմարտացի է․ մասնակցիները՝ հին ու նոր ուղևոր, թե վարորդ, սեբաստացիական համերաշխության և հարազատության մեջ են..․ Արմինեն ինձ է կարևորում, ես՝ Լուսինե Մամիկոնյանին, բոլոր սեբաստացի վարորդներին, որ համատեղ ստեղծում են այս միջավայրը՝ անվտանգ, համերաշխ, ուսումնական։ Համատեղ կյանք է, ու մի ծանր քար ընկավ իմ սրտից, ախր, այսպես, ամեն ուսումնական օրվա սկիզբ ու վերջ, ողջ մայրաքաղաքից ու նրանց մերձ բնակավայրերից․․․ Բարի երթ, ձեր ընտրությունն է ու ձեր համատեղ կյանքը ճանապարհային հավաքանիներով․․․

Սիրելի Կիմի աշխատանքի այսպիսի լուծումը բերում եմ ամբողջությամբ․․․

Հարգելի տիար Բլեյան,  կազմակերպչի աշխատանքի առաջարկ եմ ստացել Ոսկեհատի դպրոցից, որը կարող եմ համատեղել նաև իմ այնտեղի մասնագիտական աշխատանքի հետ, սակայն անհամատեղելի է Երևանում իմ զբաղվածության հետ։ Շնորհակալ եմ մեկ տարվա մեծ վստահության,  սիրո ու հարգանքի, ընձեռած հնարավորության ու  ստացած անգնահատելի փորձի համար։ Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրս լցված էր ուսուցողական-հետաքրքիր պահերով։ Կրթահամալիրից հեռանում եմ՝ ընկերներ, հարազատ մարդիկ ձեռք բերած, հոգով և սրտով մնալու եմ միշտ սեբաստացի։ 
Կփորձեմ ցանցային կապերն ավելի ամրապնդել ու այդպես շարունակել մեր համագործակցությունը։
Հարգանքով՝ Կիմա Ստեփանյան

Նշանավոր տարի է 2018-ը՝ քաղաքացիական կացության նոր վիճակով։ Նշանված է մեր ամենաբարձրահասակ Կիմը, ահա և աշխատանքի փոփոխություն․․․ Աշխարհագրագետ է, ճիշտ ու հեշտ է կողմնորոշվում․․․ Իհարկե, կշարունակենք մեր համատեղ աշխատանքը այնպես, որ Ոսկեհատը՝ Աշտարակին-Օշականին կպած, իր Ամբերդ գետով, դառնա մեր կրթական ցանցի հանգույցը, երևացող ամեն կողմից, ինչպես Կիմը․․․

Մաքրման վերջնական աշխատանքներ Հարավային դպրոցում:
ֆոտոշարը՝ Արև Բալջյանի:

Այսօր Եղեգիսի Արատեսի և Սևանի «ժայռ» ճամբարներ եռօրյա հավաքի են մեկնում սեբաստացիական ջոկատները․․․ Հուլիս-օգոստոսյան անընդհատությունը ստացվեց․ սրանից լավ պատրաստությո՞ւն 2018-2019 ուսումնական տարվա հրապարակված օրացույցի՝ բաց, շուրջտարյա բնապահպանական, հայրենագիտական, նախասիրությունների զարգացման՝ ուսումնական ճամբարի, որպես մի-մի դպրոց բնության գրկում, որպես իսկական նախագծային ակումբներ․․․ Իսկ Գևորգ Հակոբյանը իր պատրաստած հրահանգիչ-լեռնագնացների հետ պատաստվում է վաղվա արագածյան վերելքին. պատանի մասնակիցների թիվը շփոթեցնող է, բայց դրանից պիտի որ խիզախություն ներշնչի։

Սեպտեմբերի 3-ի օրը մենք սկսում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու ավարտում ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Միշտ բաց, միշտ պատրաստակամ-սիրով՝ մեր ջանքերով ստեղծվող աշխարհը, նրանում շարունակաբար զարգացող մանկավարժությունը մեզանով հետաքրքրվածին ներկայացնելու․․․ Սեպտեմբերի 3-ին մենք դիմավորում ենք նաև Ստամբուլի Տատյան վարժարանի ուսուցիչների և սովորողների 30 հոգիանոց խմբին՝ հերթականին։ Սեպտեմբերի 3-ին մեր «Ամառ 2018» նախագծով պատանեկան ջոկատների հավաքն է Մարմարյա սրահում։ Հա՛մ կներկայանանք ամառային նախագծերով, հա՛մ կներկայացնենք աշնանային նախագծերը․․․ Այսպես՝ տարին բոլոր․․․

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1452

(82) դիտում

TV տաղավար դարձած մեր ջերմոց-լաբորատորիայում․․․ Գիր է…

$
0
0

Սիրելի Լուսինե Բադալյանի ստեղծագործական խմբի այցը, պահանջը նկարահանելու հենց հիմա, ո՞նց կարող է մեզ հանկարծակիի բերել․ կրկնում եմ երեկվա գրում ասվածը՝ բարով գաք, մեր բաց աշխարհը կրթական յուրաքանչյուրիդ դպրոցն է․․․ TV տաղավար 1in.am-ի օպերատորերի ընտրությամբ դարձավ կրթահամալիրի Քոլեջի ջերմոց-լաբորատորիան․․․ Շողիկ Պողոսյանը իր ծաղկաբույծների խմբով աշխատում էր, շարունակեց, հարևան  Մերի Խանջյանի կարուձևի արհեստանոցում խումբը շարունակեց Հյուսիսի դպրոց-պարտեզի նոր ներքնակների պատրաստումը, Աշոտ պապիկի երկու տարեկան դարձող Վահան Սերոբյանը իր ծննդյան օրվա տոնականությունն էր ստեղծել Քոլեջի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում, շարունակեց, Քոլեջի նախակրթարանի 5 տարեկանները, որ արդեն 40 են դառնում, հայտարարված նորամուտն էին տոնում․․․ Նորանոր պատանիներ, հիմնական և միջնակարգ կրթության հիմքերով, առկա ու հեռավար՝ աշխատողների համար, շարունակում էին դառնալ Քոլեջի ուսանողներ միջին մասնագիտական կրթության ու արհեստագործական մասնագիտություններով․․․ Շինարարների խումբը առաջին հարկում՝ նոր, բաց տարածքում, «Աիդա Պետրոսյան» լաբորատորիան էր հարմարավետ տեղավորում․․․ Նախկինը կդառնա շատացող հինգ տարեկանների սրահը․․․ Տիկնիկ Աիդան ո՜նց կուրախանար․․․ Պարտիզպանների խումբը Քոլեջի բակում կանաչ դիզայնով էր տարված․․․ Իսկ ես ու Լուսինեն զրուցում էինք․ պայմանավորվեցինք համատեղ հաղորդաշար ստեղծել «Հեղինակային դպրոց» պայմանական անունով․․․

Ձմերուկխմոցի հյուսիսի նախակրթարանում։ Լուսանկարները՝ դաստիարակ Սոնա Կարապետյանի։

Այսպիսի բազմազբաղություն՝ կրթահամալիրով մեկ, նրա Բանգլադեշում, Սևանի «Ժայռ»-ում և Արատեսի բնության գրկում դպրոցում-դպրական կենտրոնում. սա առօրյան է մեր, մեր գործերը՝ սիրով և հեշտությամբ արվող․․․ Դժվարը սեպտեմբերյան մեկնարկ 3-8-ի նախագծային ուսումնական շաբաթն է՝ իմ գլխին, որպես կարկուտ, թափված նախագծերով․․․ Ո՜նց չես կարդա-ծանոթանա-ուրախանա, անելիքդ որպես տիար որոշես․․․ Իվետա Ջանազյանի «Գիտելիքի օրն ընտանիքում», որի վերնագիրն արդեն մի ամբողջ նոր ուղղություն է ու շնորհավորանք սեպտեմբերի 1-ի տոնի, Մարինե Ամիրջանյանի գայթակղիչ վերնագրով «Նորից սեպտեմբեր, բարև», որ պարզվում է՝ իմ դրածն է, Հյուսիսում՝ «Դպրոցը կառուցողական խաղերի բաց քաղաք»․․․ Լավ է, Մարգարիտ Սարգսյանի նման օգնական ունեմ, իր Դավթի ու Նարեկի հետ կօգնեն, որ գլուխ հանեմ․․․ Թե չէ՝ կդառնամ ուսումնական նախագծերի հորձանուտում խարխափող տիար…

Երեկ վարչական խորհրդի մեր քննարկման առանցքում նախագծային ուսուցման սկսվող շաբաթն էր՝ իսկական քննություն մեր հեղինակային մանկավարժության յուրաքանչյուր մասնակցի համար՝ սովորող տարատարիք, ուսուցիչ որևէ, ընտանիք ու հասարակության գործիչ՝ ծանոթ-անծանոթ. առանց մասնագիտական շռայլ աջակցության նման որակի ու ծավալի խնդիրները լուծում ունե՞ն․․․ Չունեն։

Դավիթ Բլեյանն ինձ դիմավորեց մազերը կտրած․․․ Լավ է, հավանեցի. էնպես էլ լավ էր, հա՛մ ես էի հավանում, հա՛մ Լուսինե Փաշայանը, Էսպես էլ․․․ կհավանի․․․ Սեպտեմբերի 3-ին Դավիթը կսկսի իր ուսումնական օրը կրթահամալիրը սպասարկող 36 երթուղիներից համար 9-րդում՝ վարորդ Արամ Հարությունյանի միկրոավտոբուսում․․․ Բոլորիս սրտով․․․ Ես էլ հեծանիվով կուղեկցեմ՝ որպես անվտանգության երաշխավոր․․․

Կրթահամալիրի «Մուտք» ճամբարի մասնակիցները Սևանի «Ժայռում»։ Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի։

Սիրուն պատմություն է, որով և ավարտեմ իմ 1453-րդ գիրը։ Հեծանվով մտնում եմ Մայր դպրոց, առաջանում Միջին դպրոցի գրասենյակի ուղղությամբ. քննարկում ունեմ Լուսինե Բուշ ղեկավարի ու տեխնոլոգ ուսուցիչների հետ։ Գրասենյակում աշխույժ է, նոր ծնողներ-սովորողներ․․․ Աչքով տեսանելի է՝ մեր ծնողները մեր ոճի, մեր մանկավարժական հայացքի, մեր ճաշակի կրող են ավելի ու ավելի, հեղինակային ստեղծագործական հավաքական ու լիիրավ անդամներ որպես։ Եվ ահա՝
– Տիար տնօրենը ոնց որ մեր մեդիայից մտավ-իջավ․․․,- ծիծաղում է հմայիչ, ազնվական կինը․․․
Պատմում է զրնգուն․ դպրոց են փնտրել-որոշել 8-րդ դասարանցի աղջկա համար, անցել են կայքերով, և բոլոր ղեկավարները՝ միանման-հայտնի «ֆասոնով»… Մեկ էլ մեկը՝ հեծանվով, ուսապարկով, շորտով, անփույթ-տղայական… ես։
Հեծանվորդ ընտանիք է, առաջարկը՝ սեպտեմբերին ընտանեկան հեծանվաերթ անելու՝ միանգամից ընդունվեց, որպես հերթական ուսումնական նախագիծ։

Այսպիսո՜վ շնորհավոր նոր ուսումնական տարի։

Նորեկ սեբաստացիները միջավայրի ձևավորման աշխատանքներ են իրականացնում Սևանի «Ժայռում»։ Լուսանկարաները՝ Գոհար Եղոյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1453

(42) դիտում

Իմ գիրը՝ որպես օրացույց անելիքի

$
0
0

Րոպեներ հետո Միքայել Ղազարյանի, Տաթև Համբարյանի, Սլավա Մուրադյանի հետ մեկնում եմ Արատես՝ աշխատանքի. կարևոր է տեղում որոշել մինչև սեպտեմբերի 7-ը՝ Արատեսի դպրական կետրոնի 2018-2019 ուստարվա օրացույցով հաստատված-հայտարարված շուրջտարյա ուսումնական շրջանի սկիզբը, նոր ուսումնական տարվա Արատեսի բնության դպրոցի անելիքները… Հետևո՞ւմ եք Էմանուել Ագջոյանի նախագծային ջոկատի աշխատանքներին մեդիայում։

Իմ օրը-ապրածը-եղած-չանցածն է՝ իր խմորով, որ պատմում եմ ամեն օր, անընդհատ, օրագիր որպես… Այս գրի խմորը…

Օրեր առաջ հերթական թղթերն ընկան ձեռքս 1989-ի, սկզբում Գևորգի հետ, հետո միացան Սուսանը, Մարիետը․․․ սկսեցինք թերթել։ Մեր պատմությունն է։ Ինչո՞ւ չենք թվայնացնում-մատչելի դարձնում յուրաքանչյուրին ու ամբողջը։ 1993-ի մի այլ թղթում՝ կրթության և գիտության նախարար երախտահիշատակ Վարդգես Գնունուն ուղղված, հանդիպեցի «Մանչուկ» գործարանի մասին մեր գրությանը… Իմ սեպտեմբերյան անելիքն է, իմ օրակարգում է «Մանչուկի»-ի վերականգնումը-վերագործարկումը՝ որպես տարատարիք սովորողների և ուսուցիչների կոոպերատիվ։ Գուցե մանկավարժական աշխատողի մուտքը կրթահամալիր պիտի լինի ոչ միայն ճամբարով, այլև այս կոոպերատիվով, նրա որևէ արտադրամասով․․․ Ի՞նչ են կարողանում  արտադրել-կազմակերպել սեբաստացի ուսուցիչները սովորողների հետ, ինչպիսի՞ ծառայություններ մատուցել, ի՞նչ աշխատանքներ կատարել․․․ Հիմա կրթահամալիրն ունի հարմար տարածքներ, նախկինում նկուղային-պահեստային խորդանոցներն այսօր լուսավոր են, չոր, արտադրական․․․ Ինչպե՞ս կյանք հաղորդենք մեր կողմից վատ օգտագործվող գույքին՝ շարժական ու անշարժ։ Այո՛, իմ մտքերում արտադրությամբ ուսուցման խնդիրներն են բազում, որ ահա, Արատեսի ճանապարհին ինձ հանգիստ չեն տալիս․․․ Ի դեպ, Արատեսի հետ կապվող․․․ Կվերադառնամ, կխոսենք, սեպտեմբեր 7-9-ի արատեսյան հավաքը օրակարգ կբերենք։

Սեբաստացի նորեկները հաղթահարեցին Արագածի բարձունքը։ Լուսանկարները՝ Սամվել Թամազյանի։

Դավիթ Բլեյանն ինձ հարգում է, քանի որ բոլոր են հարգում…
– Մա՜մ, հասկանո՞ւմ ես, հայրիկը հանրաճանաչ է, դրա համար էլ ես իրեն հարգում ու լսում եմ,- երեկ՝  Օհանավանի հավաքից հետո, ուր հարազատների մի խմբով նշում էինք Աշոտ պապիկի թոռնիկ Վահանի ծնունդը, քնելուց առաջ մեկ ժամ տևող Բախ-Մոցարտի ունկնդրումից ու ամենօրյա ընթերցումից առաջ, այսպես հայտարարեց Դավիթն ու շարունակեց․
– Մա՜մ, իսկ քեզ սիրում եմ, դրա համար էլ ոչ թե պիտի լսեմ, այլ քո ծիծիկները պիտի ուտեմ․․․

Մեքենայի մեջ, ճանապարհին վերադարձի, Սոնա քույրիկի հետ քննարկում էին ծնվող քույրիկի անվան հարցը․․․ Դավթի ընտրությունը կանգնել է Աստղիկի վրա․
– Ասել եմ՝ Աստղիկ ու վե՛րջ։ Ե՛ս եմ որոշում։

Շրջանառվում է և Սաթենիկը՝ Սաթեն, Սաթ, Սաթիկ, Սաթինե…, բոլոր ձևափոխումներով հանդերձ։ Ես հո Դավիթը չե՞մ, որ քննարկում չհանդուրժեմ․ անունը պիտի սկսի ապրել, որ կպնի…

Վահանի ծննդյան օրը Օհանավանում։ Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1454

(64) դիտում

Կիրակի. փախուստ քնով ու վերադարձ գրով…

$
0
0

Որքան էլ ճանապարհը Եղեգիսի Արատես կարճ չես համարի (այս անգամ՝ երկու կողմն էլ Արտաշատի խճուղով, Եղեգնաձորով, Եղեգիսի կիրճով, ուղիղ 150 կմ մի կողմի երկարությամբ), այն ավելի երկարեց. գնալիս էլ, գալիս էլ դադարներով էր: Խոստումը իմ երիտասարդ գործընկերներին՝ ճանապարհն էլ ավելի հետաքրքիր, հայրենագիտական դարձնելու, հայրենագիտական նորություններով-շեղումներով-դադարներով, շփում դարձավ Վայոց ձոր-Եղեգնաձորի մարդկանց հետ, ծանոթ-անծանոթ, իրենց օրվա հոգսերով-մտահոգություններով… Այսքան անհանգստություն մեկ օրվա՝ կիրակիի համար շատ էր, որ մարդիկ բեռնեցին ինձ իշխանական Երևան տանելու համար, ու մթնով վերադարձին, Միքայելը Ղազարյան հուսալի ընկերը՝ ղեկին, ես Դավիթ Բլեյանի նման քնեցի-փրկվեցի: Ու հիմա մութուլուսին սովորականի պես ձեզ հետ եմ, ընթերցող-չընթերցող, սեբաստացի-ոչ սեբաստացի, իմ գրով, այստեղից և կիրակիի մասին իմ պատումի վերնագիրը՝ փախուստ քնով ու վերադարձ գրով…

Շնորհակալ եմ Արատեսում Վայքի Ազատեկի և Եղեգիսի Գողթանիկի երիտասարդ, նոր տնօրեններին՝ Կարենին ու Արգիշտիին, ծանոթանալու, Արատեսով քայլելու, լավաշով, պանրով, մեղրով ու մածունով աղուհաց կիսելու համար: Մենք դպրական կենտրոնի գործունեության, 2018-2019-ի «Ուսումնական Վայոց ձոր», «Կրթության կազմակերպումը խոշորացված համայնքում» նախագծերի շրջանակում կօգնենք յուրաքանչյուր բնակչի՝ կարիքները կրթական խնդիր դարձնելու և լուծելու։ Լավ է, որ Արատեսում այս մասին է մեր խոսակցությունը Վայոց ձորի կրթության վարչության պետ Արփիար Ղազարյանի, երիտասարդական կենտրոնի անդամների, Եղեգիսի առանձին գյուղապետերի մասնակցությամբ։ Յուրաքանչյուր շահառու Արատեսի դպրական կենտրոնում այս նախագծերին ներգրավվելու մյուսներին հավասար հնարավորություն կունենա. շնորհքի-ջանքի-նախաձեռնության հարց է։

 Հյուսիսային դպրոցն այսօր։

Վերադարձին մերը դարձած ջրվեժի գյոլում լողալը հարմար էր արմատներով Նախիջևանի Բիստից, ծնունդով հայաստանցի՝ աբովյանցի Արգիշտիի ուղեկցությամբ Եղեգիսի Գողթանիկում շրջայց կատարելու, դպրոց մտնելու համար: Արգիշտին ոգևորված է. չորս առաջին դասարանցի, 21 սովորող, գյուղի-դպրոցի սքանչելի դիրք, հողատարածք երկրագործության համար, դպրոցին պատկանող փեթակներում մեղրի լավ բերք… Ոչինչ, որ անճոռնի, գործարան հիշեցնող շենք է, առայժմ անմխիթար միջավայրով… Ոչինչ, եղբայր ու այսուհետ հարազատ Գողթենիկ-բիստեցիներ, դրախտի ճամփով միասին կանցնենք, գործընկեր ենք:

Ոչ միայն Վայոց ձորի, Հայաստանի խոշոր գյուղերից է, ինքն իրենով խոշորացված համայնք Մալիշկան, ու կիրակի այստեղ ծավալվող համայնքային կյանքի խմորումները՝ մի կողմում ցուցարարներ, Առինջ մոլի (խոսքի մեջ ինձ փոխանցում են), մյուս կողմում՝ մալիշկեցիք, իրենց անուն հանած գյուղապետ Մհերը… Երեկ ողջ Վայոց ձորը հետևում էր-մասնակից էր Մալիշկայի զարգացումներին, նրանց միջոցով և մենք, չնայած որ Վայքի ճանապարհը բռնած Մալիշկան՝ ո՜ւր, սարերում ծվարած Արատեսը՝ ուր… Մալիշկան՝ հայտնված Ձորի, հանրապետության քաղաքական իրադարձությունների խաչմերուկում, իր ներուժը, համայնքային համերաշխությունը դրսևորելու պատվեր է ստացել…

 ՀՀ նախագահի այցը կրթահամալիր։

Ամեն օր ավելի ու ավելի խորոտիկ է դառնում բոլորիս Արատեսը, ավելի կարմիր ու ավելի ծաղիկ… մաքրվելով 100-200 տարվա շինարարական, բնության պարգև ներդաշնակությունը խաթարող միջամտություններից, գյուղական տնակների մուգ կարմիրով, բաց-միասնական բնակատեղիով ավելի ու ավելի գրավիչ… Այս օրերին Էմանուելի և Սմբատի ղեկավարությամբ կրթահամալիրի ավագ դպրոցի հերթական աշխատանքային ջոկատը սկսեց մարզադաշտի տարածքի մաքրումը-կազմակերպումը, որ նախատեսել ենք ավարտել հոկտեմբերին, շարունակեց դպրական կենտրոնի մուտքի, եկեղեցամերձ տարածքի բարեկարգումը… Իմ այցը շինարարների հետ այսպիսի հարցեր քննարկելու համար էր՝ սեբաստացի իրավասության ներքո, բոլորը՝ լուծելի… Եղեգիսցի-զնաբերդցի Արմենի շինարարական բրիգադը համերաշխ իր գործին էր: Տեսանք:

 Սաթեն Գևորգյանն ու  էլֆերը։

Իսկ ահա Չիվայում 2018-ի ապրիլյան ընդվզումի մի խումբ մասնակիցների մեզ հարկադրած կանգառը-հանդիպումը, ինձ փակուղային է թվում… Ի՞նչ եղավ երեք ամիս առաջվա ոգևորվածությունը, ի՞նչ արժեր այն, եթե ընդունակ չէր դարձնելու ձեզ՝ առօրեական-գյուղական հողի-բերքի-ջրի-աղբյուրի-բարիքի խնդիրները լուծելու… Ես ամենուր հանդես եմ գալիս իմ՝ Աշոտ Բլեյան-տիարի համերաշխությամբ, բայց այստեղ՝ Չիվայում, այն քիչ է, նրանք ուզում են իմ միջոցով ստանալ իշխանության միջամտությունը… Լսելի լինեն, որ Նիկոլը իր կախարդական գավազանով հասնի, Չիվան պատած անարդարություններից իրենց շուտափույթ ազատի… Անհանգստությամբ փոխանցում եմ այդ անհանգստությունը իմ այս գրով…

Կարդո՞ւմ է Նիկոլը իմ գիրը նախածննդյան: Ստուգենք:

Ֆոտոխմբագիր՝ Սուսան Ամուջանյան
#1455

 

(44) դիտում

Լսեցի. միշտ ուրախ լինեմ՝ շուրջ տարի և այսօր` սեպտեմբերի չորսին-հինգին…

$
0
0

Դավիթ Բլեյանն իր նախաձեռնությամբ, հայրիկից թաքուն, շնորհավորական բացիկ է պատրաստել Արմեն եղբոր և մայրիկի աջակցությամբ… Սա՝ սեպտեմբերի երեքին, մինչև ժամը տասը, իմ քունը… Իսկ այսօր շուտ է արթնացել, յոթը չկա, ինձանից աննկատ պատրաստվում է նույնքան հանկարծակի ինձ շնորհավորել: Արմինեին հարցնում եմ.
– Ո՞ւմ նախաձեռնությունն է, ինչո՞ւ բացիկ…
– Ինքը գիտի, որ բոլորն էլ շնորհավորական բացիկներ են պատրաստում… Մենք պնդում էինք, որ շնորհքով անի, սիրուն լինի…
– Իսկ Դավի՞թը,- հարցնում եմ:
– Ի՜նչ եք խառնվել իրար, մեկ է, ոնց էլ անեմ, հայրիկը ուրախանալու է…
Ուրախացա։

Իմ օրերից է սեպտեմբերի չորս-հինգը, ամենաանհարմարը… Մորս օգնությամբ հատուկ խառնել եմ չորսն ու հինգը, որ ծննդյան օր կոչվածը տեղավորվի մյուս օրերի մեջ, թե չէ արհեստականության աստիճանի ցցվում է քո տարի կոչվող ինքնագլորում: Օր է, կանցնի, տիա՜ր, ուրա՛խ եղիր պարզապես, անուրախ տնօրենի պահանջ քո շուրջը ոչ ոք չունի…  Դու ստեղծված ես որպես ուրախաբեր տիար, և՛ շուրջ տարի, անընդհատ, և՛ չորսին-հինգին… Դավիթ Բլեյանը հենց սա էր ցանկացել բացիկում շնորհավորական` «Միշտ ուրախ լինես, հայրիկ ջան»: Լսեցի:

Սեբաստացիների հեծանվային խումբը կրթահամալիրի տնօրենին առավոտյան ուղեկցում է կրթահամալիրի Բանգլադեշ։

Աղբյուրները, ջուրը որևէ ձևով, իմ աչքից չեն վրիպում… Մոտենում եմ: Այդպես է և խաչքարը: Մաքրում եմ, եթե աղբյուր է, եթե խաչքար է, անուշ անում, հիանում… Եթե աղբյուրից ջուր չի գալիս… ի՞նչ է մնում՝ անջուր պատկե՞րը… Հայաստանի բոլոր բնակավայրերի, Երևանի, Բանգլադեշի աղբյուրները. լավ նախագիծ է ուսումնական:

Արատեսում վերջին անգամ Գայը ինձ ցույց տվեց դպրական կենտրոնի հյուսիս-արևելյան լանջին վայրի տանձենու (պանդա ենք ասում) մոտ, որի ճյուղերը ջարդելով արջը տանձ է կերել, աղբյուրը նոր, որ մաքրել, խմելու են դարձրել… Ի՜նչ աղբյուր է՝ անմահական ջրով՝ Տանաղբյուր կամ Արջաղբյուր… Համեցե՛ք, անուշ արեք, օրհնեք շինողին:

Երեկ, հյուսիս-արևելք անցումին ՀՀ նախագահը ոչ միայն նկատեց հիշատակի աղբյուրը բարձրահարկի մի բակում, ջուրը ցայտում էր, այլև մոտեցավ, խմեց, խաչակնքեց… Պատկերն իմ մեջ է, որքան էլ օրը տպավորությունների պակաս չուներ… Միշտ մաքուր լինի շուրջդ, աղբյո՜ւր, միշտ անցորդների խաչի զորությամբ կարկաչի՛ր…

Եղեգնաձորի, Եղեգիսի ճամփին էլ, Եղեգիսում էլ ցամաք աղբյուրներ կան… տարիներով… Սիրուն քարեր, զարմանալի մշակումներ աղբյուրի, ու անջուր…Ի՞նչ եղավ էս ջուրը… Ճամփին կորա՞վ, ինչո՞ւ չգտնեն, բացեն ճամփան, որ հոսի… ինչպես Արատեսում, թե՞ ակունքն է չորացել…

Երեկ, վարչական խորհրդում արձանագրեցինք սեպտեմբերի երեքին երկարօրյա ուսուցման ծրագրով, որպես շուրջտարյա  ուսումնական տարատարիք ճամբար գրանցվել է 555 սեբաստացի՝ մեկից-յոթերորդ դասարանցի, նրանցից միայն չորսն է բացակա եղել… Ուրախացնող ու մտահոգող թիվ է 555-ը: Այսօր մեր երկարօրյայի կազմակերպիչները սկսեցին առավոտյան անհատական պարապմունքները Ագարակում, ձիերի խնամքով, վարգով… Երեկ, Ագարակում ես հանդիպեցի Շուշանի ու Էդմոնի պատիզպան-կենդանաբան-տեխնոլոգների նախագծային խմբին… Ի՜նչ կպած, համերաշխ-ուժեղ էին մաքրում շուրջբոլորը…

Երկարացված օրվա կազմակերպիչներ Մելինե Սիմոնյանը և Նունե Խաչիկօղլյանը հերթապահում են Ագարակում։

Երեկ, վարչական խորհրդում Լուսինե Մամիկոնյանը, որ ամենամտահոգն է այս օրերին, այնքա՜ն, որ ինձ չի կարողացել այլ կերպ շնորհավորել, քան սեբաստացի տարատարիք սովորողների-ուսուցիչների ամենօրյա փոխադրման հերթական երթուղին բացելով… Մեկից երեսունյոթ համարներով դպրոց անիվների վրա՝ իր բազում հոգսերով, մանկավարժությամբ, անվտանգության համակարգով, համակեցությամբ. բոլորս ենք այսպիսի անխափան-շուրջտարյա, ուրախ, տարատարիք, գլորվող, ինչպես օրը, տարին, կյանքը մեր, դպրոցի երաշխավորը, կազմակերպիչը, մասնակիցը… Խաչակնքեցի. անխափա՛ն…

Դավիթ Բլեյանը երեկ ուսումնական պարապմունքների առաջին կեսից հետո ճանապարհեց մեքենայով մայրիկին, մնաց երկարօրյա ճամբարում մինչև վերջին րոպեն: Ի՜նչ ուրախ-հետաքրքիր ընկերություն ունի, դպրո՜ց եմ ասել. իսկական ճամբար: Հետո բոլորի հետ ու նման, նստել է վարորդ Գեղամ Հովհաննիսյանի թիվ քսաներեք միկրոավտոբուսը ու, առաջին անգամ, ինքնուրույն իջել Խանջյան փողոցում՝ առաջին վերգետնյայի մոտ: Առանց  ինքնուրույնության ինքնակրթությունը անընդհատ ու իսկական չի լինում… Մերը այդպիսին է` իսկական, անընդհատ, ուրախ…

Կրթական շքերթի մասնակից 6 տարեկանների՝ հեղինակային կրթական ծրագիր ընտրած սեբաստացի ծնողները։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան 
#1456

(114) դիտում


Իմ օրերի գոհության արտահայտիչը. շնորհակալ եմ…

$
0
0

Այս օրերին, երեկվա օրը՝ գագաթ, ամենաշատ գործածվող բառերից է «շնորհակալ եմ»-ը: Հերթապահ չէ, իմ օրերի վիճակի գոհության արտահայտիչն է, այո՛, գոհանում եմ ես 2018-2019-ի սեպտեմբերյան մեր սկիզբով՝ կյանքի-աշխատանքի, որ ուսումնական-համայնքային է իր բովանդակությամբ ու կազմակերպմամբ, և երկա՜ր-հատու մի բառով ես ասում եմ՝ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, սեբաստացի-ոչ սեբաստացի, ծանոթ-անծանոթ, ով մասնակից է գոհության այս վիճակի ստեղծմանը: Սա է իմ նվերը, իմ վարձքը…

Լավագույն սեպտեմբերի չորս ունեցա. ծննդյան օրվա այսպիսի թեթևություն անհիշելի ժամանակներից չեմ ունեցել։ Երկու բառով՝ ուրախ և միասին, ողջ օրը… Շնորհակալ եմ: Եվ դեռ այսօր կշարունակվի, իմը որ օր չէ, չորս ու հինգ է, ամսվա ընթացքի համար ամբարում ունի, թող լինի ամեն օր ուրախ և միասին, ու ամեն Աստծո առավոտ պահի այս գոհությամբ, «շնորհակալ եմ» խոսքով, ողջագուրումով, երախտագիտությամբ, հիշողություններով, նկարներով, ֆիլմերով… Նոր ուսապարկիս մեջ անգամ չի տեղավորվի… Սուսան Մարկոսյանը սրանցից առանձնացնում է Վահե Հովհաննիսյանի՝ իմ քաղաքական համախոհի, սկսած 1994-ից, 1998-ին, երբ ՀՀ նախագահի թեկւնածու էի ես, հիմա, երբ իմ փեսա ընկերն է, Արաքսիկի-Սոնուլիկի հայրիկը, Լիլիթ Բլեյանի ընտրյալը,  «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավարի «101-րդ օրվա անելիքը. մաս 2. Թույլ չտալ պատերազմ» հրապարակումը…

Արևմտյան դպրոցի չորրորդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:

Ստեփան Բլեյանի՝ բանաստեղծ-մտածող եղբորս երեկվա խոսքը, որ իմ հարազատների պահանջով կարդալուց սեղանի շուրջ ընտանեկան իրիկնային հավաքի, արձագանքն է սիրելի Ռուբինա Նազարյանի «Կյանքիս հուշերից» ժողովածուի, որ տե՛ս, ճանապարհ կտրեց-հասավ ինձ՝ իր ցանկությամբ-մակագրությամբ այսպիսի. «Կյանքիս ճանապարհին հանդիպած ամենապայծառ մարդկանցից մեկին՝ Աշոտ Բլեյանին՝ անմոռաց հուշերով և երախտագիտությամբ»… Ստեփանի համար էս մարդկանցից մեկը լինելը քիչ է, այստեղից և իր ընթերցումը երեկվա: Շնորհակալ եմ, Ռուբինա ջան: Նազենի աստղ Հովհաննիսյան քույրիկս և անբաժան Սոֆի Մխեյանը, որտեղից-որտեղ որպես նվեր հասան ընդհանուր քեռու-ընկերոջ ծննդյան հավաքին… Լեցո՜ւր, լեցո՜ւր, լեցո՜ւր… Շնորհակալ եմ:

Երեկ ես աշխատանքային հանդիպում կազմակերպեցի Արատեսի դպրական կենտրոնի՝ բնության գրկում մեր դպրոց-մասնաճյուղի 2018-2019 ուստարվա սեպտեմբերի 7-9-ի սկզբի առիթով… Վստահ կարող եմ ասել, որ սեբաստացիների, Վայոց ձորի մեր գործընկերների արշավախումբը Արատես կմտնի Եղեգիսի Արտաբույնքով, Ցախաց քար-Սմբատաբերդ-Ալայազ-Եղեգիսով, Հերմոնի վանքով… Սեպտեմբերի 14-17-ի ստեղծագործական հավաքին մենք Արատես կարշավենք Եղեգնաձորի Վերնաշենի ձորով, Սպիտակավորով կանցնենք Ալայազ-Եղեգիս-Հերմոնով…

Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիներ:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:

Ավելի ուշադիր ոչ միայն հետևեք, այլև մասնակցեք մեր-ձեր դպրական բաց, շուրջտարյա կենտրոնի առայժմ երկլեզու՝ հայերեն-անգլերեն կայքին, որ բաց չթողեք Արատեսի դպրոցի անցուդարձը… Հետո չասեք, թե մենք քնած… Մենք ունենք պայմանավորվածություն՝ ՀՀ հարգելի նախագահ Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանի, Արայիկ Հարությունյանի, Էրիկ Գրիգորյանի հետ, իրենց հարմար հավաքներից մեկին մասնակցելու, Եղեգիսի կիրճով Արատեսում հայտնվելու… վստահությամբ, որ Արատեսը կօգնի յուրաքանչյուրիս՝ նախկինում ադրբեջանաբնակ հատվածին կիրճի՝ Եղեգիս (Ալայազ), Վարդահովիտ (Գյուլիդուզ), Գողթանիկ (Կաբախլու), Հերմոն (Ղավուշուղ), իր այսօրվա հոգսերով-կարիքներով-խնդիրներով ծանոթանալու, Եղեգիսի կիրճի այս զարմանալի տարածքի վերածնունդը միասին ստեղծելու… Շնորհակալ եմ այսպիսի հագեցած-օրացուցային-նախագծային ուսումնական տարվա համար Վայոց ձորում, Եղեգիսում:

Վստահ եմ, որ Արատեսի վանքի հարթակում սեպտեմբերի 8-ի ստեղծագործական հավաքը, վանական համալիրի վերականգնողական նախագծի ներկայացումը հեղինակ ճարտարապետներ Սամվել Այվազյանի և Բադիշյանի կողմից, պարատունը վանքի նորաստեղծ հարավային հարթակում, վանքում իրիկնային երգեցողության ղողանջները մեր հայրենիքով, աշխարհով մեկ կլինեն որպես վանական համալիրի՝ Արատեսի դպրական կենտրոնի նախագծային հոգևոր կենտրոնի վերականգնման աշխատանքների խորհրդավոր, բայց վճռական ու հաստատակամ սկիզբ:

Նոր միջավայր, նոր գույներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Վստահ եմ, որ սեպտեմբերի 9-ին Արատեսում կլոր սեղանը՝ Եղեգիսի դպրոցների ղեկավարների, մարզի կրթության, մշակույթի պատասխանատուների մասնակցությամբ, մեր՝ սեբաստացիներիս, պետական աջակցությամբ ու պատվերով իրականացվող ծրագրով «Ուսումնական Վայոց ձոր» և «Կրթության կազմակերպումը Եղեգիսի խոշորացված համայնքում» նախագծերի ներկայացումը, հերթական փուլերը կորոշեն համատեղ աշխատանքը: Շնորհակալ եմ:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան 
#1457

(43) դիտում

Ուսումնական նորը՝ 2018-2019-ը, չունենա՞ իր առաջին սուրհանդակը…

$
0
0

Ու իմ գիրը օրվա դարձավ այդպիսին։

Այս օրերին ինձ ամենաշատն անհանգստացնող-զբաղեցնողը, բոլոր կարգերի սեբաստացիներ, սիրելիներ, որ եղել է ու կա, սովորողի-ուսուցչի անվտանգությունը՝ մոբիլ, ճամփորդությամբ ուսուցումով, կրթահամալիրի Բանգլադեշը՝ իր դրսով-ներսով-փողոցով, կրթական միջավայր դարձրած, դպրոցից դպրոց, արևելք-արևմուտքով, հյուսիս-հարավ ուսումնական-պարապմունքային անցումներով ամենօրյա․․․ Սրան ավելացրեք տարատարիք սեբաստացիների երթուղային փոխադրումներն ամենօրյա՝ տանից Բանգլադեշ կրթահամալիրի, կրթահամալիրից տուն… Մենք փողոցները՝ Զորավար Անդրանիկով, Առնո Բաբաջանյանով, Րաֆֆիով… անցնում ենք միայն անցումներով հետիոտնի։ Բաբաջանյանի փողոցի վերգետնյան մշտապես բանուկ է, ձգող-սիրելի-մաքուր հարթակ․․․ անխախտ սովորույթի ճանապարհ․․․ Իմ թվարկած բոլոր անցումները-ուղիները կրթահամալիրի մասն են, երթուղայիններում գտնվելու ժամանակը՝ ուսումնական․․․ երթուղիներով փոխադրումը՝ յուրաքանչյուրի անխախտ-կարգապահ աշխատանք․․․

Ճանաչո՞ւմ ենք բոլորս բոլորին՝ նույն երթուղով երթևեկողներով, անուն-ազգանունով, դպրոցով-դասարանով-հեռախոսի համարով, էլ․ փոստով… Անգիր գիտե՞նք յուրաքանչյուրի՝ երթուղի բարձրանալու վայրը, ժամը… Երթուղու վարորդ մեծահասակը մեր ավագ ընկե՞րն է, ուսուցիչ-կազմակերպիչը, կոկիկ-խնամված արտաքինով, բարեկիրթ-ուշադիր-ընդառաջող-խիստ։ Կարգապահ երթևեկությունը պահանջում է, որ ուշադրությունը-հետևողականությունը-պահանջկոտությունը միասին հանդես գան։ Մենք երթևեկում ենք ճամփորդական ուսապարկերով, ամենաանհրաժեշտով. չի կարող ծանր լինել։ Մենք չենք ուշանում՝ փոքր-մեծ. բոլորս իրար զիջող ենք, օգնող, ընդառաջող։ Մենք անգիր գիտենք ճանապարհային քարտեզը ու Մայր դպրոցից երթևեկող սեբաստացու դպրոց անցման կարգը պահպանում ենք անխախտ։

Կառուցողական խաղերի ստեղծում. Հյուսիսային դպրոց, 2-4 տարեկաններ։

Այսօր բոլոր երթուղիներն ունեն իրենց կազմակերպիչ-ավագանին՝ ուսուցիչ, մանկավարժական այլ աշխատող, քոլեջի ուսանող, ծնող, նոր բլոգ ուսումնական ու այս փոխադրումների անվտանգության-հարմարության նոր համակարգող՝ փորձառու Կարապետ Ռուբինյանի տեսքով․․․ Կդառնա՞ բլոգը վստահելի-տեղեկատվական այնքան, որ յուրաքանչյուրը իր բանավոր ասածը փոխանցի բլոգին գրավոր, իր էլ.փոստով, որ ամեն առաջարկ-մտածում չկորչի, ուսումնասիրվի, լուծում դառնա։ Ինչո՞ւ չփորձենք։ Հենց հիմա կենսական է պարզել՝ ո՛ր երթուղիներն են անթույլատրելի ծանրաբեռնված, և ի՛նչ առաջարկներ կան նոր փոխադրամիջոցի, որ ձեր պահանջներին բավարող վարորդը աշխատանք ունենանա…

«Կառուցողական խաղեր» նախագծի սկիզբ Հյուսիսի 5 տարեկանների խմբում

Ամեն օր՝ առավոտյան թե ուսումնական օրվա վերջին, ձեզ հայտնի ժամին դուք մոտենում եք ձեր երթուղուն. ձեզ այդքա՜ն կարևոր միջոց է դարձել երթուղին, որով սկսում եք ձեր ուսումնական օրը, որպես գրավիչ-հետաքրքիր մի ճամփորդություն, ձեր դպրոցը։ Ու այն անվտանգ-հետաքրքիր պահելը, անկախ ձեր պաշտոնից-դիրքից, ձեր ուսումնական աշխատանքն է՝ յուրաքանչյուրինը։

Ուսումնական տարեսկզբի իսկական ստուգատես ինքնուրույնության- պատասխանատվության։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան 
#1458

(106) դիտում

Սրանից լավ վիճա՞կ գոհության… Լսում եմ…

$
0
0

Երեք օրը՝ սեպտեմբերի 7-ի, 8-ի, 9-ի աշխատելու եմ Արատեսում: Կրթահամալիրի, Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի, Շատինի պատանիների-երիտասարդների հետ Եղեգիսի Արտաբույնքից, Ցախաց քարով-Սմբատաբերդով, Հերմոնի վանքով մտնելու ենք Արատես: Գիշերելու եմ վրանում:

Արատեսի բնության գրկում դպրոցի բլոգում հրապարակված եռօրյա հագեցած ծրագրին ավելացրեք դպրական կենտրոն-ճամբարը 2018-2019 ուստարվա ռազմամարզական առաջին բանակումին պատրաստելը… 50-ի չափ պատանիներ կրթահամալիրից, Եղեգիսի խոշորացված համայնքի դպրոցներից, Եղեգնաձորի քոլեջից… Հանաք բան չէ, 2019-ի հունիս-օգոստոսի ռազմամարզական բաց համահայկական ճամբարային ուսուցման պատրաստության ստուգատես է: Ահա ինչու՝ սեպտեմբերի 15-ին Արատես կայցելեն ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներ… Արատեսը ձեր աչքի առաջ, ձեր՝ յուրաքանչյուրիս մասնակցությամբ ու մասնակցության հնարավորությամբ թափ է հավաքում… Հետևեք դպրական կենտրոնի գործունեությանը, հրավերներին, նրա բլոգում, նաև անգլերեն, մենք ձեզ հուսախաբ չենք անի…

Պղպջակախաղ Հարավի լողափում, 5 տարեկաններ:
Ֆոտոշարը՝ Արև Բալջյանի:

Թափ ասածը վերաբերվում է և Բլեյան կրթական բաց ցանցի զարգացմանը-ծավալմանը… Ահա ինչու՝ հուսալի-փորձառու-օժտված՝ մոբիլ ու ստեղծական կյանքով ապրող օգնականի՝ Կարապետ Ռուբինյանի ներգրավումը անհետաձգելի էր: Շնորհակալ եմ Կարապետին, որ իր 4 տարեկան Մարիամ Լուսե աղջնակով, անգլերենի մասնագետ տիկնոջով ողջունելի արագությամբ սեբաստացիներ են… Իսկ Կարապետի` հատուկ սեբաստացիների համար կազմած կենսագրականը ինձ հիացրեց, օրվան իմ նոր լազաթ փոխանցեց:

Կուզեմ, որ իմ «Առավոտ լուսո»-ն հանրային TV եթերում, հարցազրույց-հանդիպումը հանրայինի ռադիո հարթակում լսեք-դիտեք որպես իմ օրվա գրի հղումներ:

Առցանց հետևելու եմ հայ-վրացական Բրոյի-բրոյի՝ հանրակրթական կամուրջների 2018-2019 հոբելյանական՝ 10-րդ ուսումնական տարվա մեկնարկի պատրաստության եռօրյա բանգլադեշյան հավաքի աշխատանքներին՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին… Հանաք բան չէ, սեպտեմբերի 10-ին «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի ուսումնական տարվա մեկնարկին մեզ է այցելում Վրաստանի հանրապետության վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստան իր առաջին պաշտոնական այցի շրջանակում…

Քայլարշավ Սմբատաբերդ, Ցախած քար:
Ֆոտոշարը՝ Եղոյան Գոհարի:

Դուք էլի կարդալու բան ունեք, սեբաստացի-ոչ սեբաստացի ընթերցող, կրթահամալիրի խորհրդին երեկվա օրակարգով ներկայացրածը մեր… Ամեն ինչ՝ բաց չթողնելով 2018-2019-ին մանկավարժական աշխատանքը կրթահամալիրում սկսող յուրաքանչյուրի կենսագրականները… Համայնք չէ՞ կրթական, իրար մասին տեղեկացված լինենք, հին ու նոր չկա մեզանում, հնարավորությունների դրսևորման հավասար միջավայր է մեզանում հաստատված, որ գործընկերոջ պակաս չզգանք կրթահամալիրի ներսում…

Դավիթ Բլեյանը նոր հեծանիվ ունի, իրենը: Կմնա դպրոցում: Շնորհակալ եմ Հասմիկ Սիմոնյանին ընտրության համար: Մնաց համակարգիչը՝ թվային այն գործիքը, որ անբաժան-հարմար կլինի մեր ուսումնատենչ յոթ տարեկան դարձողին… Որքա՜ն են գովում, որքա՛ն է իրեն լավ զգում Արմինեն, որ իմ տղուն գովում են… քիչ է փքված… Դավիթն ավելի ինքնուրույն է, ավելի լսող…
Ցնցուղի տակ է, խոսում եմ… թքելու մասին… Թվում է՝ երկար ստացվեց, Դավթից ձայն չկա…
– Դավի՞թ,- ձայնում եմ,- չե՞ս լսում…
– Լսում եմ, հայրի՛կ, խոսի…
Լսող տղա ունենք. սրանից լավ վիճա՞կ գոհության…

Հարավի ստեղծագործողները:
Ֆոտոշարը՝ Արև Բալջյանի:

Կրթության արդյունքում, ուսումնական աշխատանքի ողջ ընթացքում մենք ո՞նց կարող ենք չլսել իրար, չլինել կապի մեջ… Անկապ հավաքանի կլինի՞, էն էլ՝ ստեղծական ու դինամիկ զարգացող… Լսո՞ւմ եք՝ սեպտեմբերի 21-ի բարձունքի նվաճումը եկեք ուրի՜շ դարձնենք, շատ նման առաջին անգամին… երկու հազար տասներեքին… Եկեք ճամփորդությամբ ուսուցման սեբաստացիական ստուգատեսի կանգնենք, մեր ճամփորդական՝ առօրյա դարձող արդուզարդով…

Ֆոտոխմբագիր՝ Արևիկ Բալջյան 
#1459

(43) դիտում

Կարոտ առնող-փոխանցող… գիր է…

$
0
0

Արատեսյան ընդմիջումներով ես հետևում եմ քաղաքական անցուդարձին, որ Երևանի ավագանու ընտրություններով քաղաքային անցուդարձ է… Ընտրություններով, թե առանց դրա՝ հայաստանյան կյանքը տեղավորվել է իր մայրաքաղաքի մեջ, թվում է, ամբողջությամբ: Ցավով եմ սա ասում ապրիլյան պարմանիական ընդվզումից և մայիսյան քաղաքական սերնդափոխությունից հետո… Ի՜նչ հրաշալի ամառ անցավ բոլորիս աչքի առաջ, ինչպիսի՞  փոփոխություններով… Ով ինչպես մասնակցեց մեզանից դրան, ու ինչ է փոխվել իրենում ու իր շուրջ:

Սիրիա հայկական զորախումբ ուղարկելը վտանգավոր է. ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հրապարակումները բաց չեմ թողնում:

Շարունակում են հետաքրքիր լինել 1in.am-ում Սարգիս Արծրունու անունով վերլուծականները. Քարոզարշավ օր առաջին, Նիկոլ Փաշինյանի երևանյան բարիկադները՝ դրանցից ամենաթարմը:

Հայտնի է եվրոպական որ երկրում է ինքնասպանությունների ցուցանիշը ամենաբարձրը… Չգիտեի, որ 15-29 տարեկանների մահվան երկրորդ ամենատարածված պատճառը ինքնասպանությունն է…

Իսկ մեր բնակարանի՝ դեպի արևելք-հարավ-արևմուտք միշտ բաց դուռ-պատուհաններից այլանդակ աղմուկը, որ երաժշտություն է կոչվում, շուրջ գիշեր չի դադարում ներխուժելուց… Կա՞ հեղափոխություն-անձ-իշխանություն, որ անճաշակության այս բացահայտ բռնությունից կարող է ինձ-մեզ պաշտպանել…

Ընդմիջում-անհատական աշխատաժամանակի քննարկում 5-րդ դասարանի սովորողների հետ:

Հայ-վրացական հարաբերություններին պակասո՞ւմ են նախաձեռնողականությունը, ամբիցիոզ ծրագրերը, որ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանդես է եկել հավակնոտ (ամբիցիոզ) ծրագրով՝ առաջիկա տարիներին ապրանքաշրջանառությունը հասցնելու 1 մլրդ դոլարի մակարդակի… Ի՞նչը նկատի ունի՝ Վրաստանի, որպես տրանզիտ երկրի փոխադրումների ծավալի ու մեր տուրիստական հանգստի մեկնողներին վրացական ծառայությունների ու ապրանքների ծավալների կտրուկ մեծացո՞ւմը… Ի՞նչ ենք մենք արտահանում հենց Վրաստան… Քանի՞ վրացի պատանի-երիտասարդ է 2017-ին, 2018-ին մտել Հայաստան, ի՞նչ նախաձեռնություններով-ծրագրերով… Ի՞նչ համատեղ կյանք-բիզնես է առաջարկվում այսօր Հայաստանում Վրաստանի մարդու համար…

Արատեսի դպրական կենտրոնը մինչև «Ամառ 2019» կներկայանա Ստամբուլի, Փարիզի, Թբիլիսիի մեր գործընկերներին՝ մանկավարժներին, պատանիներին, բնության գրկի մեր դպրոց կանչող գրավիչ ծրագրերով… Մենք քոլեջի մեր նոր կացարանով կդառնանք ավելի գրավիչ-շարունակական հեղինակային կրթական ծրագրերի միջազգայնացման հավակնոտ նախագծերով… նախ և առաջ՝ Վրաստանի գործընկերների համար…

«Ի վերջո, հնարավո՞ր է Հայաստանի արդիականացման և կառավարման խորքային ժողովրդավարացում՝ մնալով ռուսական ազդեցության կամ պատասխանատվության գոտում». Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Մոսկվա, Պուտին-Փաշինյան հանդիպման առանցքային հարցի մասին Արամ Ամատունու այսպիսի հրապարակումը իմ ինտերնետային ժամանակի ետարատեսյան ընթերցանության իմաստն է կազմում…

Իսկ Արատեսից մեկ սար-մեկ ջրվեժ այն կողմ Գողթանիկ գյուղում արջը վնասներ է հասցրել… սեպտեմբերի 9-ի գիշերը՝ երկու մեղվի փեթակ ու մեկ տանձի ծառ… Սա էն Գողթանիկն է, որի դպրոցի երիտասարդ տնօրեն Արգիշտին իր 8-9-րդ դասարանցիների խմբով սեպտեմբերի 14-ին սկսվող արատեսյան ռազմամարզական ճամբարի թիկունքի ծառայությունն է ապահովում։

Արատեսյան նկարաշարերը՝ Աշոտ Բլեյանի, Քնարիկ Ներսիսյանի:

Ես հիմա ավելի ու ավելի շատ եմ քայլում, արագ-ճամփորդական, թեթև վազքով… Արատեսից վերադարձին, Քյարքի-Տիգրանաշենից վերև ներքև, երբ ավտոբուսը մեր կանգնեց, ես դուրս թռա վազքով… Ի՜նչ Արարատ էր ուրվագծով-շղարշով… Ես ուժ ունեի, մղում՝ վազքով-քայլքով անցնելու այդ 60-70 կմ-ոց ճանապարհը ողջ իրիկուն՝ իր գիշեր-լուսաբացով… Մի՛ ճեմեք, քայլե՛ք մարզական քայլքով-վազքով թեթև անցեք կրթահամալիրի հյուսիս-արևմուտք հատվածը՝ պահանջում եմ ես երկու քնկոտներին՝ Անուշիկ օգնական մարզչին ու 5 տարեկանների հետ երկրորդ ուսումնական տարին սկսող Մանուշակին… Գրանցե՛ք անհատական ու խմբային արդյունքները թվային գործիքներով, հրաշագործ մարզական վիճակ պահեք, որ հավեսը հորդա ձեզնից ու մեր երեխաներից… Այն հավեսը, որով ինձ երեկ առավոտյան Խանջան-Լուսավորիչ քայլքի ճամփին կանգնեցրեց երկու նոր հարավցիների …. երիտասարդ մայրիկը, որով ինձ բռնացրին Արևելքի նորեկ սեբաստացիները, հինգ րոպե տվեցին Իվետա-Արմինեի հետ ընդմիջումի համար… Նրանք, նորեկ սեբաստացիները, որ ինձ ավելի շատ դեմքով են ճանաչում, բայց իրենց ուրախություն-հավեսի շնորհակալություն հայտնելու այս ձևն են գտել՝ փոքր խմբերով իրար հերթ չտալով, իմ մասին ինձ խոսեցնելը… Այն հավեսը, որով միջին դպրոցի խումբը հինգ տարեկան Արամ Ներսիսյանի առաջնորդությամբ Արատես հասավ Արտաբույնք-Ցախաց քար-Սմբատաբերդ-Եղեգիս անցումով, առանց «օֆ»-ի, մեկ շնչով… Այսպես երևի մեր Սոնա Փափազյանի հայրենագետիկների սեպտեմբեր 21-ի նախագծային հավաքին կարևոր սկիզբ հաղորդեց մեր այցը ինձ հարազատ դարձած Նուշիկին Ազնաբերդից… Մինչ Գոհարի ու Վարդի աշխատանքային ջոկատը Երևան դարձի ճամփին մտավ Եղեգիսի Զորաց, Սուրբ Կարապետ վանքեր, ես առաջարկեցի Քնարիկ Ներսիսյանին ծանոթանալ օգոստոսին Տատինցյան Արևիկի, Բլեյան Շուշանի, Բլեյան Դավթի հետ մեր հայտնաբերած՝ Զնաբերդի ընտանիքի լեգենդար գրադարանավար Նուշիկ մայրիկին… Մնացածը՝ տեսանյութում, պատումում Քնարիկի բլոգի: Շնորհակալ եմ:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան 
#1460

(78) դիտում

Սովորական լինելը` հոգևոր հասունության որակ

$
0
0

Վերնագիրը՝ Նունե Մովսիսյանի հրապարակումից է, կարդացեք:

Իսկ մի քանի հարցադրումների շուրջ Արմինե Թոփչյանի հետ արած տեսապատումը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում:

Ֆոտոօբյեկտիվի այսօրվա ուշադրության կենտրոնում…

Կրթահամալիրի աշխատողները սովորական աշխատանքային օրով Արատեսում են: Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

(236) դիտում

Viewing all 1255 articles
Browse latest View live