Quantcast
Channel: ՕՐԱԳԻՐ –Աշոտ Բլեյան
Viewing all 1255 articles
Browse latest View live

Ուզում եմ ապրել անչար ու բարի…

$
0
0

Գմբեթի ճեղքում բուսնած տուղտի պես․․․

Մեկ, թե երկու արթնացումով քնեցի տասներկու ժամ՝ իրիկունը 21։20-ից առավոտ՝ 09։20։ Հյուրասենյակի ժամացույցին եմ երկու անգամ նայել։ Իրիկունը՝ Արատեսից հետո, շնորհակալ եմ վարպետ վարորդ Սմբատին Պետրոսյան, վերադարձի ճանապարհի ընթացքի-երաժշտության համար, Աղավնաձորի բարեկամ-ընկեր Աշոտին ու Կարինեին՝ իրենց ստեղծած մենատնտեսության, ազգագրական-ընտանի սեղանի, Արենի խողողից ստեղծած գինով հյուրասիրության համար․․․

Մինչև քունը, քնի ընթացքում, երևանյան անձրևի մեջ՝ այս տողերը Սևակի խտացումն են իմ մտածումի, որ իհարկե, առանց Արատեսի վանքի ճեղքերում բուսած տուղտերի, որ երեկ էլ ծիկրակեցին վանքի պատերի ճեղքերից, չէր առաջանա-ծնվի ու իմ կիրակիի գրի վերնագիրը դառնա․․․ Իմ օրագրի բոլոր՝ սրանով 1518 գրի, վերնագրերով նոր գիր-պատումի նախագիծ իմ օրագիր-գրականության կա՞, որպես ընթերցողների, հեղինակային մանկավարժության հեղինակների, բարեկամների ինքնավար ստեղծական հավաքանու ստեղծագործություն, հարմար-օգտակար նոր ընթերցողների ընտրանի․․․

Դավիթ Բլեյանին, իր քույրիկ Աստղիկին միասին քնած պիտի նկարես․․․ ինչը ես անում եմ հիմա հաճախ, այսօր էլ, արթնացումով կիրակիի․․․ Այս խաղաղված մեկ ամսին մոտեցողը քիչ հետո մի ղժժոց կդնի, մինչ Արմինեն զրուցելով-անշտապ կփոխի շորերը։ Մայր ու աղջիկ, իհարկե, լսում են իրար։ Ու հետո Աստղիկը մինչև մեկ ժամ կսկսի իր հացը-ջուրը-մեծացումը մայրիկից քաշել անձայն․․․

Դավիթ-Աստղիկ-Արմինե լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի։

Դավիթ Բլեյան քեռի-եղբայրն իր փոքրացած շորերից չի բաժանվում, չի բաժանվի, Վահանին Սերոբյան՝ Տաթև քույրիկի ու Սամվել հորեղբոր, չի տա, շորերի մեծացնելու ձևը գիտի․․․ ցույց է տալիս։
– Ինչի՞ պիտի տամ, ես դրանց կապվել եմ, Վահանի ինչի՞ն են պետք իմ շորերը, թող ինքն իրենը մեծացնի․․․
Ու անցնում է գնացքներով իր աշխարհի ստեղծմանը։ Ճամփորդ Դավիթը տնով մեկ փնտրում, նոր կյանք է հաղորդում իր ունեցած պիտույքներին, լեգոներին․․․
Ամենը, ինչ որ իրենն է եղել, նորից կենդանանում է, նոր կյանքով ապրում իր 7-ամյակին ընդառաջ․․․ 2019-ի հունվարի 8-ից սկսվող ճամբարներն ուսումնական-նախագծային դպրոց-պարտեզների, Միջին դպրոցի, հարյուրավոր տարատարիք սեբաստացիների անսահման հարթակներ են գոյություն ունեցող աշխարհների բացահայտման-ներկայացման-փոխանակման համար։ Լուսինե՛ Փաշայան ու ընկերներ, խոստացել եք․․․

Իսկ երկուշաբթիից սկսվող նախաձմեռպապի-նախաամանորի այս շրջանը՝ ուսումնական օրացույցով, «Բլեյան» կրթական ցանցի աճող ինքնավարության թելադրանքով թողնված է դպրոցներին մեր, ուսումնական կենտրոններին, խմբային-անհատական նախաձեռնություններին։ Կիրակի է․ հրապարակեք, իմանանք։

Արատեսից ձմռան պատկերները՝ Սմբատ Պետրոսյանի։

Արատեսն էլ այս ամենի մեջ․․․ որպրես մեր մասնաճյուղ, դպրական կենտրոն, հիմա էլ՝ որպես ձմեռային դպրոց բնության գրկում, վառարանային, հարմարավետ տնակներով, կենցաղով։ Աջակցենք մեր բազում զբաղվածության մեջ Սմբատին Պետրոսյան, մեր նոր աշխատող Տարոնին՝ Հերմոն գյուղից, շինարարներին Եղեգիսի համայնքից. գործ է, առաջ կըկնի։

Այսպես է գործում մեր հայտնի վարպետ Յուրի Ագջոյանը, ում մենք փաստորեն ուղեկցում էինք իր արատեսյան նորամուծությունները, պատուհանները նախագծային վիճակի բերելու համար։ Արատեսը այսպիսով, հյուրընկալ կլինի հունվարի 5-ի, 6-ի Սուրբ Ծննդյան խորհրդին։ Համեցե՛ք յուրաքանչյուրդ։ Ասված է՝ Արատեսն ամենքինն է։ Կրթահամալիրի գեղարվեստը՝ իր ուսումնական կենտրոնով, Կարինե Մացակյանով, Քնարիկ Ներսիսյանով, Սվետա Ճաղարյանով, քանդակագործության դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսով, Արատեսի գեղարվեստի բարձունք-հարթակը՝ իր նշանավոր քարանձավով, բնակելի կացարան դարձնելու պարտավորություն ունի, նույնքան օպերատիվ ու գեղեցիկ, ինչպես այս տեսաֆիլմն է, մինչև առաջիկա Սուրբ Ծնունդ…

Ձմեռային Արատեսը՝ կրթահմալիրի տնօրենի օբյեկտիվից։

Շաբաթն այսպիսին էր․ տեսանելի ու ոչ այնքան, բայց առարկայական փոփոխություններով։ Սմբատն այս անգամ էլ տեսնելն ու ընթացքից ներկայացնելը մեկ արեց, մինչև տիարը քնած է. վարպետ է։ Շնորհակալ եմ, օ՜, արթուն եղբայր։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1518

(113) դիտում


Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք… 

$
0
0

Հարիւր կաղանդ ալ կսպասեմ, սիրելիս
Գիտնամ միայն, որ դուն գիտէս, թէ կը սպասեմ, սիրելիս…
 

Մեր սովորողները կրթական փոխանակումների ծրագրով այս շաբաթ մեծ ավտոբուսով Ստամբուլ տարան իրենցը դարձած Զահրատին, ու ես ուշի-ուշով հետևում եմ Զահրատի քաղաքում նրանց բացահայտումներով հասունության դրսևորումներին՝ հայկական վարժարանների իրենց հասակակիցների հետ… Երևանում բաժանվելիս, քանդակագործ Վիգեն Ավետիսը վկա, պայմանավորվել ենք՝ ինքնավստահ թափառում, արևի պես նայվածք, ստեղծականություն ամենուր, այնպես, որ մեկ շաբաթում որքան հնարավոր է շատ հայ-թուրք ձեզ ճանաչի, ու դուք ճանաչեք 14 միլիոնանոց մեգապոլիսը

1980-84-ին Պոլսից Երևան մշտական բնակության եկած գրող-գրականագետ Գեղամ Սևանի միջոցով, իմ առաջին դպրոցի հայագիտական դասարաններում, կայացավ հանդիպումը հայկական Ստամբուլի զարմանալի բանաստեղծ Զահրատի հետ: Չի մոռացվի Գեղամ Սևանի՝ Երևանի համեստ բնակարանում Զահրատի առաջին գրքի ընթերցումը, ոգևորված պոլսեցու աչքերը, ձայնը, չեն մոռացվի միշտ սիրահար, նաև տարիքով երիտասարդ տիարի ու մի դասարան գրականասեր պատանիների՝ Գեղամ Սևանի հետ գրողների միության Ծաղկաձորի տանը հանգրվանածներիս, թափառումը-քայլքը Զահրատով, երգով, մայրենի արևմտահայերենի բարձունքների նվաճումներով… Կարդացեք Զահրատ հիմա, նա հենց կաղանդի-նախաամանորի պահանջով ծնվածն է… արևմտահայերենի հետ մեր  կապը-կամուրջը՝ Մեծարենցով սկսված, Վարուժանով շարունակված… չընդհատված… Մեր մեդիագրադարանում-գրադարանում Զահրատն ինչպե՞ս է ներկայացված… Նրա բոլոր ժողովածուները թվայնացվեն պատշաճ, դրվեն ընթերցողի սեղանին. արևմտահայ գրականություն՝ առանց պոլսեցի Զահրատի՞… Իմ գիրը՝ ձեզ օրինակ։

Կրթահամալիրի նախագծային խումբը Ստամբուլում է: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Ես միշտ ունեցել եմ փայփայված ժամադրություն Զահրատի ծննդավայրում, գրողական աշխարհում, Ստամբուլի կամուրջներով, կորած նրբանցքներով, «փոքրիկ մարդու»՝ Կիկոյի հետ, խորշերով, բոլոր տեսակի պալատներից հեռու… Նորից հետաձգվեց իմ այցը, բանաստեղծ. կներես, ես անպատրաստ էի այսպես… Ստամբո՛ւլ, քեզ մեր սեբաստացիական ոգին ենք ուղարկել… Ծանոթացիր… մինչև հանդիպում…

Ես չեմ փոխվել, ինձ փոխում է, թևեր հաղորդում, քնից-թմիրից հանում մարդը՝ իր կանչով, իր բացահայտումներով: Ֆիննական կրթական ծրագրի համակարգող, թարգմանիչ Լիլիթ Ալավերդյանը՝ կրթահամալիրի Արևմուտքի դպրոցի 4-րդ դասարանի սովորող Ավետ Չամսարյանի մայրիկը, տղայի ուսումնական բլոգում գրում է.

Իմ պատկերացումները սերտորեն համընկնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գնահատման մասին որդեգրած քաղաքականությանը։ Այստեղ դասավանդողները հատուկ նպատակ ունեն սովորողի հետ կիսել ուսումնական գործընթացը և ապահովել, որ բոլոր սովորողները իրացնեն իրենց ամբողջ ներուժը։ Մեր կրթահամալիրում կիրառվում է կառուցողական մանկավարժություն, այն է, որ սովորողի կարողությունը ամրագրված չէ և բնականաբար ենթարկվում է փոփոխության, այն շարունակական աճում է, ինչը վկայում է մեր էլեկտրոնային մատենավարությունը։ Ես հպարտ եմ, որ մեր կրթահամալիրում շեշտը դրվում է ոչ թե միավորային գնահատման վրա, այլ որ ուսուցումը համապատասխանի յուրաքանչյուր սովորողի զարգացման մակարդակին»։

Սոնա Փափազյանի համակարգմամբ «Գնահատումը իմ պատկերացմամբ» նախագծի զարգացումը-ծավալումը կրթահամալիրով մեկ դեկտեմբերի 24-28-ին կարող է դառնալ ընտանեկան խոհի-կարծիքի հավաք… որտեղ Գևորգ Հակոբյանը, Սուսան Մարկոսյանը ներկայացնեն «Գնահատումը կրթահամալիրում» 2014-ից գործածվող կարգի իր նոր փոփոխություններով, անցած առավել հասուն, ինքնուրույն սեբաստացի սովորողի, նրա ուսուցչի ու ծնողի՝ ներառական համայնքի փորձառությամբ:

Միշտ մրսկան, գոնե երկու հոգու համար լրացուցիչ հագուստ ունեցող մեր Նառա Նիկողոսյանը «Հետաքրքիր է» նշումով հաղորդում է ուղարկել իմ էլ. փոստին… Եվ այսպես, ընթերցողնե՛ր տիարի օրագրի. ինչպիսի եղանակ են ապահովում տանը՝ աշխարհի տարբեր երկրներում… Աստղիկի հայտնությունը Արմինեին իրավունք է տվել 20C-ով բարձրացնել մեր տան ջերմության անգլիական-հոլանդական-գերմանական ցուցանիշը… մինչև ռումինական… Համաձայն չեմ, շոգից խեղդվելով համակերպվում եմ… Չմրսեք, տանը, դպրոցում, փողոցում, փոքր ու մեծ, մրսել թույլ չեմ տա, բայց և իմացեք, հարուստ եվրոպան չի «խաշվում», իսկ ահա, կարիքի մեջ թաղված Ռուսաստանը…

Փողն ի՞նչ, գաղափար է պետք… Գործչի կյանքին նշանավոր Օստապ Բենդերի այս մոտեցումը եկավ գիշեր-առավոտով, ետընտրական, ազգային ժողովի արտահերթի արդյունքների ֆեյսբուքյան արձագանքով… Ժամեր-օրեր են՝ ինձ այդպես էլ անհաղորդ ազարտի-ընտրական ընթացքի, կանցնեն, կհասնի գլխավորի ժամանակը՝ ի՞նչ ունես տալու՝ որպես գաղափար, իշխանության մեջ, թե դրանից դուրս… որպես անհատ-լիդեր՝ գիտակցումով, որ դու ես իշխանավորը, եթե գործում ես, ու ստեղծածդ-փոխանցածդ գաղափար է, ծառայություն քաղաքացիական, ուղղված մարդուն-հասարակությանը: Հասարակ մարդկանց ընկերակցությամբ, ապրելով առաջ մղվելը, առաջնորդելը. սա է խնդիրը, կոչումը գործչի։ Իսկ երբ գաղափարի մարդը գաղափարին չի՜ ծառայում… եթե խնդիր կա հայոց մեջ, արդեն 100 տարի և ավելի, սա՛ է խնդիրը:

Նորից սկսվում է գաղափարին ծառայության շրջանը… շատ շուտ կերևա՝ ով, ով է, ֆեյսբուքով չէ մեր կյանքը… Որ անճարը վերջնականապես չուտի բանջարը:

Ամանորյա եռուզեռ Արևմտյան դպրոց-պարտեզում:

Թերթեք 2017-ի, 2016-ի, 2015-ի իմ գրերը՝ հաստատելու համար, որ բուն նոր տարին ինձ չի ոգևորել, չի ոգևորում… Հունվարի 5-6-ի Սուրբ Ծնունդը, այս անգամ Արատեսում՝ այո՛… և դեկտեմբերյան այս շրջանը՝ նախաամանորը՝ իր բոլոր ազդեցություններով գույների, լույսերի, ձայների, զգացմունքների… որ գործերով, ջանքերով, շնորհքով են մեր ստեղծվում, երբ դու քո կյանքը, իրականությունը, աշխարհը քո շուրջ դարձնում ես ուրիշ, ոչ սովորական… Ես այս օրերին ստեղծվող հեքիաթն եմ սիրում ու սկսում եմ թափառել դպրոցից դպրոց, անկյունից անկյուն՝ կրթահամալիրի Բանգլադեշի հեքիաթայինի որոնումով… Ինձ մի՛ կանչեք, ես կգամ, ինձ կանչե՛ք, երբ չկամ, որ ցույց տաք, որ հեքիաթայինից որևէ զուրկ չմնամ… Միասին, տանը, դպրոցում, կրթահամալիրում, փողոցում հեքիաթայինի ստեղծումը չի կարող չոգևորել մեզ՝ փարվելու աստիճանի… մեր ոգու ողջ տաղանդով, լույսով, թեթևությամբ, ճախրանքով երևակայության:

Պիտի գրով իմ շրջանառեի հերթական ճամփորդական երգարանը, այս անգամ՝ նախաամանորի շրջանը երգով, այսպիսին ու այսպիսով անցնելու… Ու լրացնեմ դա Զահրատով, որ գիրս դառնա ամբողջական…

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1519

(174) դիտում

Երբ մոռանալու միակ ձևը ամբողջական ներառումն է…

$
0
0

Այդպես իմ գիրը-պատումն է անում իմ կյանքի հետ: Հերթական վճիռը՝ չգրել-չպատմելու, տղայական նեղացկոտ էր. ու դուրս մղվեց։ Օրը ես սկսեցի առտու-գիշերվա 4-ի 5-ի արանքում, մեջքով դեպի Արմինեից յոթ տարի անբաժան, երկար ձգված Դավիթը՝ յոթ տարեկանի բոյով-բուսաթով-հոբելյարի սիրունությամբ, օբյեկտիվում ունենալով կուշտ կերած, կերածը-վիճակը օրորոց-մահճակալում աչքերը բացախուփով վայելող, մեղմ-խորհրդավոր  ժպիտով, իրեն հայտնի ձայներով մեզնից չկտրվող 20 օրական դարձած Աստղիկին… Դավիթից հետո, Դավթի հետ էսպիսին պիտի լիներ՝ այսքան հետաքրքիր, խելքը տեղը, խասյաթով… չես ձանձրանա, նայի, հա նայի…

«Մի խոսքով, եկեք միասին մտածենք, քանի որ մենք բնական, սակայն դեռևս անգիտակցաբար գործող ցանց ենք»… այսպիսի կանչող պաստառով, «Կողբ» հիմնադրամի և «Բուն» TV-ի համագործակցության շրջանակում, հրավիրված ենք դեկտեմբերի 12-ին, ժամը 19.00, «Արժեբանություն» շարքի հաջորդ հանդիպմանը: Ու իմ գիրն էլ դարձավ-ծավալվեց-զարգացավ որպես բնական-ցանցային… Թեման՝ Արժեքներ և ցանցայնացում։

Բանախոսը՝ հարգելի Դավիթ Հովհաննիսյան, դոցենտ, դիվանագիտական-քաղաքագիտական-մշակութաբանական աշխատանքի եզակի ամբարով գործիչն այս պիտի պառլամենտում նոր չլինե՞ր… Օրը միայն մեր տոնի՝ Դավթի ծննդյան օրը չլիներ…

Աստղապատում: Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ցանցային ինչո՞ւ չի դառնում այսպիսի արժեքների մատուցումը՝ իրար տակ, իրար հաջորդող… դեկտեմբերի 15-ին՝ ժամը 19.30, Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգեր» համերգով, սկավառակի շնորհանդեսի հետ, կամերային թատրոնի իմ հավանած, իմ մասնակցությամբ, ուսանողական շինարարական ջոկատների ստեղծված դահլիճում… Լիլիթը՝ անդուլ, Բլեյան-սեբաստացի ծնունդով, կրթությամբ, իր հին ու նոր ուղու հեղինակ, կզարդարեր և՛ պառլամենտ, և՛ գերատեսչություն մշակութային… Կա՛մ Արատես իմ աշխատանքային այցի ավարտը պիտի հարմարեցնեմ, կա՛մ կիրակին դարձնեմ աշխատանքային: Համո Սահյանի՝ իմաստուն մեր ժամանակակցի, իմ ավագ ընկերոջ, պատմել եմ,  խոսքերը Ալեքսանդր Վարպետյանի մատուցմամբ ահա իմ գրի շարունակություն են դառնում… «Եվ այսպես էլ գլխի չընկանք, թե մեր ուզած ժամանակը երբ է գալիս ժամանակին»…

Սիրելի-արժանի-համեստ մարդ-բանաստեղծ… Համոն մեր արժեքների ցանցային կապով ժառանգական ընդհանրություն ունի իր ժամանակակից արձակագիր Ստեփան Զորյանի հետ: Ինձ պատմել են, ես հաճախ եմ փոխանցում, մահից առաջ Զորյանի թողած «Ավա՜ղ, մենք պարզունակ ժողովուրդ ենք» երկտողը… Դաժան է քանդակել մեր իմաստուն-համեստ մշակը հայերեն պատմվածքների-վիպակների…

Ես եղել եմ նոր ուղի, ես կամ նոր ուղի, և իմ կյանքը, գործը նոր ուղու արժեքների ցանցային տարածումն է։ 1988-ին, Արցախի շարժման թոհ ու բոհով հասարակական ալեկոծումներին, հասարակարգային փլուզումներին-բեկումներին ես հայտնվել, գործել եմ՝ մանկավարժության մեջ, հանրային քաղաքական, անձնային կյանքում որպես նոր ուղի… չվախենալով ո՛չ մենակ լինելուց, ո՛չ մեկուսանալուց, ո՛չ մեկուսարանից… երբ դու ինքդ քո ներքին խոհով ես շարունակ, քո անձնային պատասխանատվությամբ, քո անհատական ընտրությամբ, ամբոխից վեր, ծափերի-սուլոցի թելանդրանքին չտրվող: Կարևորը գործիդ մնալն է՝ լեցուն գաղափարով-ստեղծումներով… համեստ կյանքդ իմաստավորելը…

Գործչի-լիդերի իմ հավատամքում գլխավոր արժեքը միջավայրն է. ուզում եք՝ հենց հանրակրթական միջավայր անվանեք սիրո և համերաշխության հասարակությունը, զարգացող-արժեքներ ցանցայնացնող համայնքը, ուզում եք՝ դինամիկ գործող բաց ստեղծական հավաքանին… հասարակ մարդկանց ընկերակցությունը, որի գլխավոր ցուցիչը ամբողջական ներառականությունն է…

Տոնական իրարանցում Քոլեջի հինգ տարեկանների խմբում:
Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի:

Ի՞նչ ստացվեց 2018-ի ապրիլի ընդվզման-քաղաքական սերնդափոխության, ինչպես հաճախ են ասում, վերջնական կապիտալիզացիայի (նյութականացմա՞ն)՝ արտահերթով նոր Ազգային ժողովի ձևավորման արդյունքում… Փոքրատառով գրեմ, որպես երևույթ հանրային, որպես երրորդ հանրապետության մռայլ երրորդության, որ Նիկոլի ձևակերպումը եղավ 2007 թվի («Իմպիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքների ժամանակ), այնպես ուզում եմ, որ ոչ ոք չնեղանա, անձնային-վիրավորանքի նշույլ անգամ չփոխանցեմ, ներեցեք, «ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ դոդացմանը» կարգախոսը, 2018-ին դարձավ երեքը՝ մեկո՞ւմ «մերժիր Սերժին»…

Իսկ  մենք փոխվեցի՞նք այս ընթացքում, որպես հասարակություն, որպես այն ձևավորող քաղաքացի-անհատ, դրա պատասխանատուն… Մոռացած պիտի լինեինք այս ընթացքում հհկ-ին, քոչարյանին, որ ես գրում եմ փոքրատառ, որպես երևույթի՝ մերժելի-հաղթահարելի յուրաքանչյուրիս համար, աշխատանք, որպես պայման ու մեթոդ սիրո և համերաշխության միջավայրում, ամբողջական ներառակության… Տեսեք՝ արդեն գրում եմ մեծատառով, ՀՀԿ-ն փողոցում է այսօր, այսպիսի հավատամքով՝ «Անկախ միջկուսակցական պայքարում բոլոր տարաձայնություններից` Հանրապետականը հանձնառու է մնում մաս լինելու մեր ժողովրդի խնդիրների լուծմանը», Քոչարյանը բերդում է՝ իր այսօրվա գործի այսպիսի հավատամքով՝ «Այսօր ընդդիմադիր դաշտում տեսնում եմ լուրջ վակուում և կարծում եմ, որ այն պետք է լրացնել՝ ելնելով երկրի շահերից», փողոցում ունենալով իր աջակիցների միությունը…

Ամանորի բացիկներ: Լուսանկարները՝ Արմինե Գոգինյանի:

Իսկ Ազգային ժողովում այսօր՝ 2018-ի ապրիլյան ընդվզումի՝ ամբողջական ներառման հասարակության քաղաքական ընտրա՞նքն է… Իմ հավատարմությունը 1988-ի 2018-ի պարմանիների, նրա ղեկավար Նիկոլի, նրա հրապարակի ընդվզմանը, կարող եք նորից ստուգել, հենց հիմա, իմ ամենօրյա գրով…

Հրապարակում մենք ենք՝ մեր ընդունակությամբ, սիրով-համերաշխությամբ-ստեղծական-ցանցային գործելու կարողությամբ, սովորելով. պահուստային միջոցներ ունի՞  հասարակությանը, որ առճակատման վրա մսխի… Կա՞ ամբողջական ներառականությանը այլընտրանք… Հարցնում եմ՝ որպես միշտ նոր ուղի…

Մեր Էլինա Սիմոնյանն իր առաջնեկով եզրափակեց 2018-ին մայրացած սեբաստացի մանկավարժական-աշխատողների, նրանց ծնունդների ցուցակը՝ մի դասարան, Բլեյան Աստղիկի դասընկերները… Ամանորյա ֆոտոլուսաբանմանը ավանդական, որ Արմինե Թոփչյանը այնքան սիրով-շնորհքով կատարում է, Աիդապետրոսյանական ատամհատիկի մասին պատումին իմ գիրը անհամբեր սպասում է… Անընդհատ է գիրը. երկար չի սպասի, հետևեք…

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1520

(109) դիտում

Հուզելու աստիճանի լավ նշաններ…Օր է, գիր է…

$
0
0

Մեգ-մշուշ է հիմա… Густой туман-пустой туман…
Դավիթը տանից դուրս գալուն իր պատրաստ լինելու մասին է այսպես ձայնում…
– Մեկ է ժամանակ է պետք, որ ցրվի-ցվրվի… Դատարկվի՞ մշուշը…,- շարունակում ենք Արմինեի հետ…
Սա երեկ՝ առավոտյան, տանից դուրս գալիս, նախաշեմի մեր խոսակցությունն է, որ ես՝ վարպետացած գրող-պատմող, հասցրի գրի առնել… Շարունակությունը սրա, ինչպես միշտ, ցնցուղի տակ, հոր և որդու փոխանցում որպես, դատարկ, թե լեցուն մեգ-մուժ-մշուշից Չարենցի մինչև Մեծարենցի «Ամեն անձրև արև մ’ունի իրմեն վերջ»… Դավիթն այնքան էլ նեղված չէ եղանակից այսպիսի, ավելին, զվարթ է, տոնական…

– Ջո՜ւր,- կանչում է Դավիթը ուղիղ ժամը 4-ին գիշերվա-առտու իմ, երբ ես մտնում եմ ննջարան… Չի մոռանա, կխմի, ինչպես ես քիչ առաջ, խոհանոցի լվացարանի տակ մնացած 1-2 ամանը լվանալուց հետո, իմ ամենօրյա ձիթապտղի ձեթի 1-2 գդալը խմեցի…
– Անո՜ւշ,- ասում եմ Դավթին…
– Հիմա կարող եք շնորհավորել, ես յոթ տարեկան եմ, մինչև հիմա չէիք կարող…- հայտարարում է, ջուրը խմելով, լուսավոր տղաս…
Սա մի նախապաշարում է, որ ես, տեսեք, փոխանցել եմ իմ Մոնակոյի ընկեր Տիգրան Ջերջյանից…
– Աստղի՛կ, դու կարող ես Դավիթ եղբորդ շնորհավորել…
Գիր է, պատում է, չի հորինում. աշխարհի ամենալուռումունջը քնի մեջ հանկարծ ծմրկտում է…
– Տեսա՞ք, շնորհավորեց ինձ…
Դավթի դեմքին նայողը կապրեր նույնը՝ երջանկություն… դա ավելի հանրածանոթ ի՞նչ անունով ասես…
– Դավի՛թ, ես շնորհակալ եմ մայրիկին՝ Արմինեին, որ ճիշտ ժամանակին քեզ գտավ, բերեց… Ու…

Եռյակը՝ քնած համերաշխ, մի չափով… անձրև՜ է, սա էլ պարգև է այսպիսի օրով, ես՝ գրասեղանի առաջ, լսո՞ւմ եք քնած. ամենահարմար ձևն է, չեք խանգարում ծես դարձած իմ պատումը շարունակելու…

Կրթահամալիրի տնօրենի սիրելի հարթակներից…

Հեծանվով ճանապարհեցի Դավթին ու իր ընկեր-ավտոբուսի ճամփորդներին ուսումնական Բանգլադեշ, իմ մի հարցով… Հայրը այսպես է լինում… չի լքում երբեք…
– Քանի՞ րոպեում ես այսօր կանցնեմ հեծանվային իմ ճանապարհը,- անաղմուկ, ավտոմատ փակվող դռան արանքից մեր երթուղայինի նետում եմ ես…
Կսխալվեն, անգամ եթե չափեն… Սլանում էի, թեթև, բոլորիդ մոռացած, իմ մտքերի ետևում թողած… Այդպես վերացած կարող եմ իրիկունով ներս մտնել, մոռացած հեծանվի լույսը վառել…

Բարի ճամփա, հյուրըդ մեր հին,
Եվ եթե տեսնես՝
Մեզնից էսպես
Մի հարցում տուր հըզոր մահին.
– Մարդու քանի՞
Սերունդ կանի
Մի հըրաժեշտն աստեղային:
Հ. Թումանյան, 1922

Ելենա Այդինյանի՝ արվեստաբան, քննադատական հանդեսի գլխավոր խմբագրի media.am 11.12.2018-ի «Տեքստի հանդեպ անփութությունը փոխարինել հոգատարությամբ» հրապարակումը կարդացեք:

Դավիթ Բլեյանն արդեն 7 տարեկան է. բաց պատուհանից իմ օրվա 3-4-ի արանքում անձրևի ձայնով, որ նվեր է ինձ՝ Դավթի հայրիկին… Նոյեմբերի իմ աշնան շարունակությունն է այսպիսի…
Արատեսում հիմա ձյո՞ւն է… Արի՛, ձյուն… Ես տեսա ձյունի ճերմակի տակ մտնող շերտ առ շերտ, պսպղացող, լուսատու դարձող Արատեսը՝ իր վանքով, դպրական կենտրոնով… Թող գա, որ լինի Սուրբ Ծննդի առավոտը Արատեսում…

Իմ օրը երեկ խիտ եղավ, այնպես-այնքան, որ ասում են՝ քիթ սրբելու թե շունչ քաշելու ժամանակ չեղավ… Օրացույց կազմակերպիչը կարգապահ աշխատանքի կազմակերպման իր բարերար ազդեցությամբ, թանկ, հեղինակային մանկավարժությամբ պահանջված-գտնված-համերաշխ աշխատանքով մեր ստեղծված մի գործիք է. ո՜նց հրաժարվես… նախընտրական-ընտրական-հետընտրականը չի կտրվում-խանգարում… Ամենքը՝ իրենց գործերին:

Խաղողագործ-գինեգործ մասնագետների հետ՝ կրթահամալիրի Բանգլադեշով:

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը սեբաստացի մեդիայի համար իր առաջին պարապմունքն արեց Գեղարվեստում մեր, այնպիսին, որ… տասնյակի չափ պարապմունքի մասնակից-ընտրյալները ոգևորված են.
– Չենք ուզում, որ ընդհատվի, թող շարունակվի…
Վիգեն արվեստագետին սազում-զարդարում է այսպիսի բավարարումը հիացական… Սա եղավ, որ շարունակվի…

Ինչպես մանկավարժական ակումբի հերթական պարապմունքը՝ հանդիպում-քննարկում-ներկայացումը Մարիետ Սիմոնյանի համակարգմամբ… Կարդալու ինչքա՜ն բան է հավաքվել՝ հեղինակային մանկավարժության հեղինակների ստեղծած ընթերցարան… Ո՛նց կարելի է չգնահատել, ինքնագնահատման միջոցով ինքնավստահության ներքին աղբյուրները չօգտագործել մեր մանկավարժության զարգացման-տարածման այս շրջանում…

Նախաձեռնող խմբով մի սկսեցինք նախակրթարանի գործունեության զարգացման քննարկումը, մի այլ խմբով՝ հանրակրթական լողի արդյունքները-ձեռքբերումները ուսումնական սեպտեմբեր-դեկտեմբերի շրջանում… շարունակ չմոռանալով ուսումնական գործի բոլոր մասնակիցներին բերել ուսումնական աշխատանքի անբաժան բաղադրիչ դարձած գնահատման գործին… Սրա բերած համերաշխության, համաձայնության, գործընկերության արդյունքները մենք սկսել ենք քաղել… ճաշակել…

Օրը ավարտվեց նախաձեռնող մի այլ խմբով Ազգագրության և հնագիտության գիտահետազոտական ինստիտուտում Արատես դպրական կենտրոնի 2019-ի գործունեություն ներկայացում-քննարկումով այնպիսի հարգելի ազգագրագետների շահագրգիռ մասնակցությամբ, ինչպիսին Լևոն Աբրահամյանն է ու իր տիկին Գայանե Շագոյանը, դիսերտանտ-կամավորների ուշադիր ունկնդրումով… Սա անվանենք հանրային մի գնահատում մեր անընդհատ գործի… Պայմանավորվածությունը Գայանե Շագոյանի հետ՝ հունվարի նախագծային ճամբարում ուսուցիչ-կամավորների համար սկսել ավանդական և ժամանակակից ծիսակարգի,
քաղաքի մարդաբանության երկշաբաթյա դասընթաց, ինձ ոգևորեց: Վստահեք ինձ. հեղինակային մանկավարժությամբ ձեռք բերված հանգրվանում սա մասնագիտական մի կարող կառույցի հետ գործընկերության մեկնարկ ընդունեք…

Այսօրվա ջրափոս-հայելիներում՝ ծառեր են:

Պոլսահայ մամուլը սկսեց փնտրել ինձ, Մարթային, հետաքրքրվել մեր Ստամբուլ-Երևան ճամբարով ուսումնական… Հուզելու աստիճանի լավ նշան է… Հայ-թուրքական հանրակրթական կամուրջներ են ուրվագծվում ուսումնական նախագծով…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1521

(98) դիտում

Փոքրիկ իշխանների մոլորակում որպես…  

$
0
0

-Ես տնօրենի տղան եմ, դրա համա՞ր են իմ ծնունդը էսքան երկար ու ամբողջ կարգով նշում…
«Խատուտիկ» դասարանային բլոգում Լուսինե Փաշայանի «Տոն Ագարակում» ուսումնական նախագիծն է, Դավիթ Բլեյանի՝ մեկ տարի սպասած դեկտեմբերի 12-ը… Իսկական տոն դարձավ, դարձրիք, կեցցենք բոլորով… Հայտնի խաղողագործ-հետազոտող Գագիկ Մելյանի, գինեգործ-հետազոտող Գրիգոր Ղուկասյանի, տակառագործ-հետազոտող Արտակ Ռշտունու, գործարար Հովհաննես Շահինյանի, մի խումբ սեբաստացիների հետ ժամը 12.00 Ագարակում ենք աշխատանքային շրջայցով. երկուսը մեկում՝ թող հասարակությունը՝ իր մի խումբ ներկայացուցիչներով, նաև տեսնի-մասնակցի, գնահատի սովորողի ծննդյան տոնը, որպես ուսումնական նախագիծ, որպես հեղինակային մանկավարժության բովանդակություն ու կազմակերպում…

Դավիթն անճանաչելի է իր սուսերամարտի արդուզարդի մեջ (ես իր սիրելի կոշիկներից ճանաչեցի), ազարտի, իր ընկերական խաղի-տարերքի մեջ… Կարդացեք բլոգում՝ ինչ են գրում-ինչպես են շնորհավորում, եկեք տեսեք՝ ինչպես են ապրում… Դավիթը լավ ընկեր է, չի կարող այդպիսին չլինել, այս տոնը իր ընկերային առողջ միջավայրի ստուգատես է…

Կեցցեք, որպես հայրիկ-պապիկ եմ շնորհակալ… Այսպիսի տոնը յուրաքանչյուր սեբաստացուն հասանելի ուսումնական նախագիծ-պարապմունք է, որի լրացուցիչ ծախսերը, մատչելի, վստահեցնում եմ, կատարում է ընտանիքը. ես ձեզանից մեկն եմ, սեբաստացիական ամեն մի ընտանիքի… Իսկ ուսումնական Ագարակը՝ իր հնգամարտով-խաղով-պարերգով, մտածված է, զարգանում է որպես այսպիսի տոնի կազմակերպիչ ու միջավայր, ինչպես մեր ծածկած լողավազանը Արևմտյան դպրոցում… Փորձեք: Ասել եմ, յուրաքանչյուրդ իմն եք, մեծ ու փոքր սեբաստացիներ, ջոկողությունը՝ տիարի վախճանն է, դուք էլ, ես էլ, Դավիթ Բլեյանը՝ իր ընկերներով-ուսուցիչներով, թույլ չենք տա իմ այսպիսի կորուստը… Իսկ ընտանիքները մեր պիտի վճռական շրջվեն հակաճաշակից (աղմկոտ ազարտային խաղերով սրահներ, թանկ ու անառողջ ֆասթֆուդ, աստղային գներով ծառայություններ) ու այսպիսի՝ հեղինակային կրթական ծրագրով որոշված ու ձեռքբերված ճաշակի պատվիրատու-կազմակերպիչ դառնան… Հակաճաշակի այլընտրանքը կրթահամալիրում, որպես մանկության հովվերգություն, վաղուց կա… Երեկ Արևմուտքում երկարօրյա ուսումնական ճամբարի ավարտին Լիլիթ Բլեյան Դավթի քույրիկ ավագը իր Սոնայի հետ Դավթին տարավ անհատական երթուղով…

Ծննդյան տոն կրթահամալիրի Ագարակում:

Իրիկունը մեր տանը Տոնով նախագծած խաղաղ էր. Սոնան ու Դավիթը ստացած նվերներից, շնորհակալ ենք, մեկը մյուսից գրավիչ՝ գրքեր, ուսումնական խաղեր, մանկական աշխարհ էին կառուցել… Լիլիթը, այնպես որ Դավիթը լսի, պատմեց իրենց երեկոյան ճամփորդության, Դավթի հասուն-հետաքրքիր պահվածքի մասին, իր վստահությունը փոխանցեց տիար-հայրիկին Դավթի որպիսության համար… Դավիթը լսում էր, կարծես չէր լսում… Դուք ֆինալը լսեք.
– Դավիթ, խոստացածդ ժամը 10-ն է,- հիշեցնում եմ ես…
– Վերջ,- ասելով փակում է ձեռքի գիրքն ու… գնում իր սենյակ… – Ես արդեն մեծ եմ… Աստղիկին տալիս եմ ձեզ…
Քիչ հետո ինքն իր մահճակալին էր, մայրիկի պլանշետով իր Մոցարտի երաժշտական աշխարհում…

Անձրև է, գիշերվա իմ ժամը, ես պատմում եմ, ելումուտ անում Դավթի սենյակ ու խոհանոց, ձեթ ձիթապտղի ու գոլ ջուր խմում… Սեղանին Դավթի նվեր գիրքն է՝ «Արեգ» հրատարակչության հիմնադիր, թարգմանիչ, իմ հին լավ բարեկամ Սամվել Գասպարյանի, որ որոշել էր հանկարծ երեկ զանգել ու երկու գրքի ազդօրինակով այցելել կրթահամալիր…

«Շառլ Ազնավուր. դարի երգիչը» գրքում ամփոփված են Շառլ Ազնավուրի երգ-բանաստեղծությունները՝ Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի թարգմանությամբ, որոնք ուղեկցում են ֆրանսերեն տեքստերով: Ժողովածուն բացվում է տաղանդաշատ գրող և թարգմանիչ Կարպիս Սուրենյանի՝ գուցե մեր ժամանակի համար գրված փայլուն էսսեով, որտեղ նա, դեռևս անցյալ դարի հեռավոր 60-ականների, կարծես տեսնում էր այսօրվա Ազնավուրին:
Գիրքը հրատարակության պատրաստելիս երգերի թարգմանություններն ուղարկել էինք Ազնավուրին՝ նրա հավանությանը և տպագրության թույլտվությունը ստանալու ակնկալիքով: Ցավոք, նա չհասցրեց մեզ պատասխանել…
Եվ այս գիրքը, որը պետք է դառնար «Արեգի» հրատարակած Ազնավուրի երգերի հերթական՝ թվով չորրորդ գիրքը, դարձավ 20-րդ դարի լավագույն երգչի յուրօրինակ գիրք-հուշարձանը:

Տիտղոսաթերթի բովանդակությունը մեջ եմ բերում ամբողջությամբ. գիրքը, Լիլիթի հետ հասցրինք մենք էլ թերթել, հավանում ենք, մեր գրադարանը անհրաժեշտ քանակությամբ այսօր էգուց կունենա… Մտածում ենք 2019-ի հունվարին անդրադառնալ, որպես համատեղ ուսումնական նախագիծ մեր նախագծային-ստուգատեսային ճամբարում…

Հուզիչ էր և այն, որ նախորդ օրը Դավթին ես խոստացել էի գտնել այդպիսի մի ժողովածու… Դավիթը ավելի հաստատուն կպավ Շառլի ծննդավայրին էլ, երգերի լեզվին էլ. Լիլիթ քույրիկի հոգատար աջակցությունն ունի… Հա, հա, Դավիթը դարձավ ուղիղ յոթ տարեկան ու մեկ օրական…

Առաջին դասարանցի սանտաներն ու պատրաստած ամանորյա ինքնաշեն խաղալիքները: Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի:

Հունվարի կարևոր՝ հանրային ուսումնական նախագծերից է Աստղիկի մկրտության խորհուրդը… Պատրաստվու՞մ ենք… Մինչ այդ, դեկտեմբերի 21-ին Աիդապետրոսյանական ատամհատիկն է, այս անգամ՝ քոլեջում մեր, քոլեջի ուսանողների-դասավանդողների բովանդակային-կազմակերպական կատարմամբ… Ֆիզարձակուրդում գտնվող սեբաստացի մայրիկներն ամենամյա ծիսական հավաքին գալիս են ընտանիքներով… ծեսի խորհուրդը, երաժշտություն-պարերգերը յուրացրած…

Այսօր, երեկոյան եթեր ունեմ, իսկ մինչ այդ պիտի մասնակցեմ «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում», «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխություն-հավաքին. ելույթ ունեմ նաև… քիչ է՝ հավաքն էլ վարում, բացում-փակում է իր հեղինակային երգերով Լիլիթ Բլեյանը… Լավ ու շատ երեխաներից լավ բա՜ն. ազդարարում է իր ճիչով Աստղիկը 22 օրական…

Մնում է, որ առատ անձրևն օգնի, մաքրվի քաղաքը օր իր առաջ ալենդելոնական զգեստներից, որ հայտնվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հայտնի-անհայտ թեկնածուների մեծ ու փոքր նկարներով՝ մեր շուրջ, մեր ճանապարհին… Լավ, հեռուստաեթերն ու սոցիալական ցանցերը, ձեզնով արած ֆեյսբուքը քի՞չ էր… բա տեղեկատվական թերթիկները… պատերին-ճանապարհներին ինչների՞դ էր պետք նկարները ձեր, որ հիմա թրջված-պատառոտված մնացել են… Այս պատկերապաշտությունը, որ խորթ է նաև հայ առաքելական եկեղեցուն, ի՞նչ ճանապարհով, ինչպե՞ս հասավ «Իմ քայլը» դաշինքին… Ասեք, որ վրիպել ենք… Մեծամասնությամբ՝ Ազգային ժողովում կամ քաղաքային ավագանիում, խոստացեք, որ որոշումով առաջիկա կճանաչեք այս ձևը ժամանակավրեպ…

Հինգ տարեկանների տեխնոլոգիական-խոհարարական ստուգատես: Լուսանկարները՝ Դիանա Գևորգյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1522

(91) դիտում

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ…

$
0
0

Մեծարենցը որ ինձ բռնում է, երկար բաց չի թողնում…

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ,- ըսավ,-
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան.
Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ՝
Զինք մոռցնող ժպիտները լուսացան:

– Իմ ծնունդին լավ կլիներ՝ որպես նվեր, ձյուն գար…- յոթ տարին բոլորած Դավիթն առավոտյան արթնացավ այսպիսի դիմում-պահանջով։
– Գիտես՝ ի՜նչ ձյուն էր գալիս քո ծնունդին,- Դավթին ծնած Արմինեն հիշում-պատմում է…

Ինձ զարմացնում է այն, ինչ կատարվում է այս օրերին՝ դեկտեմբերին, կրթահամալիրի լողավազանում. իրար հերթ չտալով, իրար զարգացնելով՝ հունվարյան մարզական ստուգատեսի հարթակ են դարձրել կրթահամալիրի լողավազանը… դասվար Թամար Մարիմյանը Հարավից բերած նախատոնական լույսեր-գույներ-ազդեցություններով, լողի մարզիչ իր ծոցվոր քույրիկ Տաթև Համբարյանին փոխարինած Անուշ Համբարյանը՝ ջրացատկով, ուռա՜… Արևմտյան դպրոցի դասվարներն սկսել են ջրային աերոբինկայի ցուցադրական պարապմունքներ, Քրիստինե լողի մարզիչը ո՜նց ետ կմնա. ձմեռ պապիներ-ձյունանուշներն են լողավազանում

Հարավային դպրոցի կոճղային ձևավորումները:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակից ես արագ քայլքով անցա, նույն 30 րոպեում, Պլանի գլխից էլ վեր՝ 1inTV, Նոր-Նորքի ճանապարհին՝ ունենալու կեսժամանոց տեսազրույցն այս, որ սկսվեց ուղիղ 9։30։ Իսկ 9։00 Մելիք Ադամյան փողոցում՝ Հայ բարեգործական միության հայտնի դահլիճում, ավարտվել էր իմ մասնակցությամբ «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխություն-հավաքը, որ բացեց-վարեց Լիլիթ  Բլեյանը, որտեղ որպես պատվավոր կալանավոր ու բաց հաստատության ճանաչված ճարտարապետ, ունեցա իմ խոսքը․․․

Նույն քայլքով մարզական ես 30 րոպեում 1in.am-ից մտա տուն․․․

Մարզական կրթահամալիր, որ ճամփորդում է, գրավել է Երևանը, Հայաստանը, Գյումրի-Երևան ու Երևան-Ստամբուլ կրթական փոխանակումներով պատանիների, հեռուստաեթերը Հանրայինի, Շանթի, Երկիր Մեդիայի․․․ անհամբեր է Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը օր առաջ ողջ ծավալով սկսելու համար․․․ Իսկ ես Կարապետ Ռուբինյանի հետ, մի խումբ աջակիցներով երեկ ցերեկով անցա կրթահամալիրի Բանգլադեշի հարավից արևմուտք երկաթգծի երկայնքով՝ աղբանոցի-մեքենաների գերեզմանոց դարձած հողերը խաղողի այգու-գինեգործության իրենց կոչումին վերադարձնելու ուսումնական նախագծով։ Հին ու նոր տարի, ավարտ-մուտք, այսպես հավեսով, ստեղծական, սահմանների ջնջումով, անընդհատ… ուսումնական նախագծային-ստուգատեսային ճամբարներին սպասեք արձակուրդային դեկտեմբերի 24-ից սկսած, հունվարի 1-ի ղողանջներով, ձայներով, Սուրբ Ծննդյան ավետիսներով․․․

Ժամանակ թողնեմ իմ տեսաելույթը լսելու-դիտելու համար։ Իսկ ես տուն մտնելուց հետո, որքան էլ վստահ էի, թե մեկ-երկու ժամ աշխատելու եմ, մտա մահիճ մեռելի պես․․․

Բարի օր, կրթահամալիր։

Ուրախ ճամփորդություն-պարգևատրում:
  Լուսանկարները՝ Շամիրամ Պողոսյանի:

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1523

(74) դիտում

Ապրեք դուք, որ կաք…

$
0
0

«Բարև, երկի՛ր» ծրագրի չորեքշաբթիի հաղորդման ավարտին մեր Քնարիկ Ներսիսյանի և Սյուզի Մարգարյանի միջոցով սեբաստացիական ստեղծագործական հավաքանուն են դիմում հաղորդավարներ Հայկը և Լյուսին.

Այսպիսի մտածողությամբ մարդկանց շնորհիվ է, որ ահա կա այսպիսի կրթահամալիր, որը իր ոճով եզակի է… Ապրեք դուք, որ կաք, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար…
Շնորհակալ ենք մեր երեխաներին հարգելու, սիրելու, նրանց մտքի ազատություն տալու, հայապահպան գործի համար։ Ապրեք, որ ունեք այն եռանդը, որ ձեզ հաճույք է պատճառում երեխաների հետ աշխատանքը…

Դե, «Երկիր մեդիայի» հանդիսատեսը 30 րոպե չկերավ-չխմեց՝ Քնարիկ-Սյուզի դուետով հիացավ… Ես որ Սյուզիի ու Քնարիկի շնորհներն ունենայի, տեղում մի կտոր հարսանիք կխաղայի՝ հաղորդավարներին ներգրավելով որպես հարս-փեսա, թագուհի-թագավոր, արև-լուսին, մի ավետիս կերգեի, մի բան կկարդայի ճամփորդական երգարաններից, որ այնքան սիրով-խելացի մատուցվեց հանդիսատեսին… Դուք, սեբաստացի ուսուցիչներ, ունեք մի մինչև վերջ չգիտակցված ու չօգտագործվող առավելություն. դուք կրում եք կենդանի կրթական ծրագիրը, ձեր օրը ծիսական, դուք առողջապահական պորցիաներով ականջներ չեք լցնում, դուք ապրում եք օրը ձեր… Որևէ հաղորդում, նաև եթերում լինելը բացառություն չէ, ներառեք, ձեզանով արեք… եթերները մարդկայնացրեք, մեր մանկավարժության հանրայնացման պարապմունքի ձևեր դարձրեք։ Ձեր դեմը ո՞վ կարող է առնել. դուք եթերում եք… Դուք, Սյուզի-Քնարիկ, հենց դուք կարող եք… Ես զուրկ եմ ձեր շնորհներից։ Մի առավելություն ունեմ, որ տիարի զորությամբ լիուլի շարունակում եմ օգտագործել. ես կարողանում եմ ձեզ հետ անծանոթին ծանոթ-հարազատ-գործընկեր դարձնելու ճանապարհով կյանքի խնդիր լուծել, միջավայր ստեղծել, որ հա՛մ ուղղակի ազդում է յուրաքանչյուրիս վրա, հա՛մ հետաքրքիր դարձնում մեր կյանքը մեր նորացվող աշխարհում… Եվ դա անել շարունակ, անդադրում-անհոգնել, բարեխիղճ, ստեղծական, բաց-ձրի տարածելով…

Դասարանական ամանորի տեսահոլովակի ստեղծում։
Լուսանկարները՝ Կարինե Բաբուջյանի։

Գիտնականները պարզել են, որ դասերի սկիզբը հետաձգելը բարձրացնում է առաջադիմությունը… Ով շուտ է արթնանում ինձ հետ, ինձնից հետո, եթե քունն առնում է, սկսում է իր օրը, չի կորցնում… Կրթահամալիրի Բանգլադեշում ուսումնական պարապմունքները 15 րոպեանոց ընդհանուր պարապմունքով ժամը 9։00 սկսելը նախ և առաջ առողջապահական է…

Մեկ է, ես կասկածում եմ իմ շատախոսության իրավունքին-հարմարությանը, օգտակարությանը, հատկապես որ իմ մեդիայով (բլոգ, ֆեյսբուքյան էջ, mskh.am-ի առաջին էջ, էլ. փոստ) որևէ եթերով հանրային հաղորդակցության տարածում եմ…  Երեկ օրվա վերջում կրթահամալիրի Կենտրոնում գտնվողների հետ, մինչև հեծանիվ նստելը այս կասկածի հաղթահարման մի հերթական քննարկում եղավ…
– Դե, գրեք, էլի, հաշվիչին ինչի՞ եք նայում…
Իմ լավ ընթերցողների մի փունջ՝ Թոփչիկը, Բաբուջը, Սուսոն, Հասոն… խրախուսում է…
– Մենք տարբեր ձևերով, բայց կարդում ենք…
– Օգտվում ենք…
Լավ ձևակերպում է՝ օգտվում ենք։ Դե, եթե  օգտվում եք, սիրելի-հարգելի գործընկերներ, ծանոթ-անծանոթ, ես չեմ սեթևեթի, կպատմեմ իմ օրը…

Երևանի հին բակեր կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից։

1in.am-ի իմ ելույթին բացասական արձագանքներից իմ ընկերների՝ հոգատարությունից ծնված մտահոգությունը, որ բացասականը գերազանցել է հավանություններին, հարգանքը ընթերցողի նկատմամբ ինձ պարտավորեցրին իմ սկսած քաղաքական տեքստը անհատական մոնիտորինգի ենթարկել. գրիչով անցա տեսաելույթի վրայով։ Մի վրիպում շտկենք՝ Առաջին հանրապետությունը Երրորդ պիտի լինի. սա երևի ՀՀ նախագահների՝ ռոդարիական նշանակության ազդեցությունից էր…  Հետո «Հանրային հայացք՝ փակ աշխարհին» հավաքի իմ ելույթը դիտեցի-լսեցի, նորից գրիչով անցա… կարճ, թեթև, ազդեցիկ… Ինքնագոհության վիճակ ունեցա… Ուզեցի իմ խոսքը որպես տեքստ ունենալ իմ բլոգում. տիար եմ, չէ՞…

Բացասական արձագանքն էլ նորածնունդ չէ. Հովհաննես Թումանյանը սա անվանում էր անգիտություն…  Խուլերի խոսակցության ես չեմ մասնակցելու… Ես շարունակելու եմ իմ Նոր ուղու քաղաքական այս շարքը իմ բլոգում։ Ով հետևելու է պարմանիների, երիտասարդների հեղափոխությունն անողներից, աջակցողներից ու համակիրներից, լավ կլինի, որ տեսանյութը, հոդվածը կարդալուց-դիտելուց առաջ և հետո, որևէ ձևով դեմքի արտահայտությունը փոխելուց առաջ և հետո, կարդա 14.08.1999-ի «Էլի մեկ զոհ» իմ հոդվածը։ Մի մեջբերում ընդամենը.

Եգորի խմբին տեղ չգտնվեց այդ դաշինքին մեջ։ Գուցե դա բացատրություն ունենար, եթե Վազգեն Սարգսյանը Եգորի մահվան առիթով այսպիսի լուրջ ու դրամատիկ գնահատական չտար. «Եգորյանը կայացած, լուրջ ստեղծագործական մտքի տեր, սկզբունքային քաղաքական գործիչ էր։ Հայ ազգը ծանր կորուստ կրեց»։ Իսկ այդ կորուստը կանխորոշված էր։ Անգամ մեկ տեղ չգտնվեց Եգորի համար։ Նրա դեմ «Միասնություն-Երկրապահը» դրեց Ծաղիկ Ռուբոյին… Ես պնդում եմ, որ սա ծրագրված (մեր տեսակով), կանխորոշված (մեր նեղ մտքով-չարությամբ) սպանություն էր։ Ինչո՞վ էր զբաղված Եգորը հուլիս-օգոստոս ամիսներին, ի՞նչ պիտի աներ հետո։ Եգորին զրկել էին իր անելիքից։ Նա ավելորդ էր։ Իսկ նա գնալու տեղ չուներ։ Այս Երրորդ հանրապետությունը նաև իր ծնունդն էր, որի առողջության ու որպիսության համար ինքը անձնական պատասխանատվություն էր զգում։ Եգորը…

Կարդացեք՝ տգիտության աստիճանի մեզ անհաղորդ դարձնող գոնե հարյուրամյա փակ շրջանը հաղթահարելու, լիարժեք հաղորդակցություն հաստատելու, իրար ճանաչելու համար։ Կարդացեք նաև «10 տարի անց։ Էդուարդ Եգորյանի պայծառ հիշատակին»՝ 1999-ի հոկտեմբերի 18-ի իմ խոսքը, «Նամակներ կալանատնից» այս գրքույկը։ Սրանով պատրաստված ունկնդիր կլինեք Նոր ուղու.  հեշտ-օգտակար կլինի իմ քաղաքական ոչ մանկավարժական տեքստերը լսել-կարդալը…

Դրանից հետո դուք գիտեք ու կարծիք ունենալու ձեր անօտարելի, իմ կողմից մինչև մերջ հարգված իրավունքը։

Ուրբաթ-համերգ «Ագապե» կամերային երգչախմբի հետ։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1524

 

(179) դիտում

Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․

$
0
0

«Մենք իրար արդեն ամեն ինչ ասել ենք․․․», -երգում է Լիլիթ Բլեյանը, որը և թող դառնա իմ գրի առաջին տողը․․․

Եթե չենք ասել, գիր է, անընդհատ նոր գրերով, մենք դեռ այնքա՜ն բան ունենք իրար ասելու․․․ Տիարի անընդհատ պատում է, քանի՜ գրերով․․․

– Իմ սիրուն-սիրելի մետրո, համով-հոտով… Ես մետրոյի հոտը սիրում եմ,- հանկարծ կասի իր ավագ քրոջ՝ Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգեր» նախագծով համերգին ինձ հետ շտապող Դավիթը Բլեյան։ Մենք մի կանգառ պիտի անցնենք հայր և որդի, Հրապարակ-Երիտասարդականով, մնացածը՝ ոտքով․․․ տանից Հրապարակ, հետո մետրոյի կայարանից մինչև Կամերային թատրոն․․․

Վերադարձն էլ լեցուն-հարազատ միջավայրով՝ Լիլիթի հերթական սիրուն հավաքի, շփման՝ հեղինակային ծեսի։

Մենք հայր ու որդի մետրո սիրում ենք, ու միասին մտածում ենք նոր նախագիծ՝ ինչպես ընդարձակել մեր մետրոն․․․ Սկսել ենք։ Հետևե՛ք իմ գրին։ Այնքա՜ն մազալու զարգացումներ է խոստանում։

Մետրոյում ժամացույցներով խաղացինք։ Հետաքրքիր էր․․․
Դավթի հետ քայլքով անցանք իրիկնային սառը Երևանով․․․ Վայե՜լք։
Մաշտոցի Պոնչիկանոցի դիմացի տոնածառը զարդարուն Դավիթը շատ հավանեց․ գրկի, բերի տուն․․․

Քնեցի՝ չիմացա ինչպես։ Արթնացա։ Հիմա շտապում եմ։ Կիրակիս աշխատանքային է՝ Սմբատի, Ցոլակի, Արտակ Ռշտունու հետ Արատես գնալով-գալով․․․ Շինարարները մեզ են սպասում։ Գիրս վռազ պիտի ավարտեմ, հևիհև պատմում եմ։

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Համ էլ 24 news.am-ի իմ քաղաքական փիլիսոփայությունն այս կես ժամանոց քի՞չ է, դիտեք-լսեք․․․ Ի՜նչ դիմովորել դիմավորեց Նարեկ Գալստյանի երիտասարդ, խանդավառ աշխատախումբը․․․ Բոլորին հրավիրեցի միասին Նոր տարի դիմավորելու, ընդունակ, արդիական, եռանդուն խմբագրությամբ համատեղ նախագծեր իրականացնելու․․․ Իսկ մինչև «Ձորափի 40» հասցեով խմբագրություն այսպիսի մի անցումով հասա՝ Բանգլադեշից Շահումյանի գերեզմանոցներով-Կոնդով Հրազդանի աջ ափ, որ մի լայնամետրաժ, չորսմասանի կինոյի բովանդակություն ուներ․․․ Կպատմեմ։

Համ էլ Մարթան Ստամբուլից, 40 թափառականներով սեբաստացի, այնպիսի՜ շունչ է հաղորդել mskh.am-ին, բոլոր սոցցանցերին, որ ինչ էլ պատմես, չի լսվելու․․․ Լռես, լսես, դիտես․․․ Այս օրերին մեր մանկավարժական եթերը հեղինակային ավելի դիտարժան է դարձել․․․ Նոր տարի․․․

– Որ մենակ գնայիր, հիմա հասել էիր,- շտապող հայրիկին իր տաղանդավոր, լուսավոր հումորով այսպես է կանգնեցնում Դավիթ որդին․․․
Թույլ տվեք չշտապել՝ ավարտելով իմ պատումը․․․ միշտ ձեր։

Արատեսից ուղիղ հեռարձակումը՝ Սմբատ Պետրոսյանի ՖԲ էջից

  

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1525

(52) դիտում


Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի… մասին է իմ գիրը

$
0
0

…. Լծված խնդագին աշխատանքի՝
Պիտի իր անհուն երկի՛րն հերկի,—
Երկիր արևի՜, գինո՜ւ, երգի՜ —
Եվ մտքի՜, ոգո՜ւ բեղուն բերքի…

– Հայրի՜կ,- կանչը-ծիծաղը ավագ զավակի, որ չի մոռացվում, ամենահինն է ու ամենաթարմ-լսելին, թռավ-անցավ ակնթարթում 150 կմ, Երևանի Կոմիտաս-Ազատություն  բարձրահարկի 11-րդ հարկի իրենց բնակարանից, կիրակի առավոտ՝ ժամը 11-ին… Ես զանգում էի Արատեսի վանքի արևմտյան հարթակից՝ ճշտելու իր «Թափանցիկ երգեր» համերգից իմ ականջներում մնացած այն տողը, որ երեկվա իմ գրի առաջին տողից վերին գիր դարձավ… Լիլիթից, պատմել եմ, բաժանվել էի շաբաթ օրը՝ ժամը 10-ին երեկոյան…

Չհասցնել, ուշանալ՝ չիք. «Աշխատանքն է քո, շան տղա,- հորիցս ստացած ժառանգություն է,- անում ես՝ առանց մահանայի արա, սովեստով…»։ Ես գործածում եմ «անմահանա»-ն ու «բարեխիղճ»-ը. էությունը հայրս է։ Իսկ ուրբաթ առավոտ՝ ժամը 10-ին, ես ուշանում էի… Չի լինի, ես ուրիշ մարդ եմ դառնում, չի կարելի, ինձ պատժում են. սա էլ մայրս է, իր ժառանգությամբ…
– Ո՜նց գետինը չես մտնում, որ ուշացած ներս ես մտնում…

Աստղիկ աղջկա լուսանկարները՝ հայրիկ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Որքան էլ ես անմեղ էի, հոգացել էի, որ Հյուսիսի գեղարվեստում երկու նախագծերով՝ խաղողի, գինու և գեղեցիկ դպրության 2018-ի նախագծով խաղողագործության-գինեգործության դպրոցի մասնագիտական խորհրդի հանդիպում-քննարկումը «Հարթակում գեղարվեստի» և Վիգեն-Ավետիսի քանդակագործության դպրոցի երկրորդ, հերթական դարձող պարապմունքը կողքի՝ տեխնոլոգիայի լաբորատորիայում, սկսվեն առանց ինձ… Քնարիկը Ներսիսյան, Կարապետ Ռուբինյանը՝ տեղում, պատրաստ… Վատ էի զգում, որ ուշանում եմ։ Իսկ ես, կրթահամալիրի տնօրեն որպես, մինչ այդ պիտի հասցնեի կրթության և գիտության նախարարության ֆինանսական ու հանրակրթության վարչություններում համաձայնեցնել 2019-ի ֆինանսական ու բովանդակային բնույթի կարևոր փաստաթղթեր, քիչ է, հաստատեի դրանք իմ ստորագրությամբ ու կազմակերպության կնիքով… Շնորհակալ եմ նախարարության աշխատողներին, վարչության պետերին ուշադիր վերաբերմունքի համար…
– Չե՛մ ուշացել,- միշտ անսխալ Դավթի նման թռավ իմ բերանից, երբ մտա Գեղարվեստ՝ քանդակագործության պարապմունքի  և հանդիպում-քննարկման։

Մնացածը կիրակի իրիկունը ուշ-առավոտը շուտ (իմ նոր օրն սկսվեց) բլոգում թատրոնի դիտեցի՝ զարմանքս այդպես էլ չհաղթահարած Քնարիկ Ներսիսյանի հրապարակումով, խոսքում-տեսանյութում… Այդ ե՞րբ, այդ ո՜նց, այդքա՛ն հուզիչ-փաստական գեղարվեստով, հեղինակային դարձած մեդիայի մատուցումով…
Ու իմ գիրը կարդացեք որպես մեկնաբանություն…

Վայոց ձորից պատկերներ՝ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Հայտնի խաղողագործ-հետազոտող Գագիկ Մելյանը եկել էր քննարկման իր ուսուցչի, հոր ընկերոջ հետ 84-ամյա (ինչպես պարզվեց ու մեկ է չընկալվեց) Դերենիկ Սաֆարյանի հետ… Ու քննարկումը դարձավ լսելը խաղողագործության այս լեգենդին՝ Երևանի-Հայաստանի խորհրդահայ շրջանից մինչև մեր օրերը, շարունակությամբ այսօրվա-վաղվա մեր գինեգործության-խաղողագործության դպրոցի հիմնադրման-կայացման, մեր ուսումնական-փորձարարական-արտադրական այգիների, գինեգործության արտադրամասի լիարժեք գործարկման…

Լսես ու լսես, բայց Քնարիկի նման, և՛ պատմություն են, և՛ ուսուցում՝ եղածի, օրվա, լինելիքի… որ փաստագրես՝ ոչինչ էական-հուզական բաց չթողնելով, աշակերտ Գագիկի և վարպետ Դերենիկի ակնածանքով շփումից, խոսակցությունից, մեր վճռական երթից՝ լեգենդ առաջնորդողի պատումով դեպի նախագծի խաղողի այգիներ՝ պարփակված Առնո Բաբաջանյանի ու Թաիրովի այգիների, ջրանցքի, երկաթուղու, մեր Ագարակի ու Հարավի դպրոցի, Անկախ մայլա թաղամաս կոչվող բնակելի շենքերի միջև, նախկինում խաղողի-պտղատու, այսօր և 30 տարի աղբանոցի-մեքենաների գերեզմանոցի վերածված, անծայրածիր թվացող մի տարածքում…

Արևմուտք-Հարավ երկաթգծով Վիգեն Ավետիսի քանդակի լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Վիգեն Ավետիսը տեղում էր, քանդակի իր դպրոցի ստեղծման կարևորությամբ. իր արդեն նոր սերնդի՝ տասը-տասներկու տարին բոլորած-չբոլորած սաների վառ հիացմունքով. այդպես է ակնածանքը, Արատեսի օջախի գիշերվա կրակի համար թողած տաք ածուխի պես,  քիչ փչես-գուրգուրես, կայծկլտում, հրե երկինք, նոր ցախով կրակ է դառնում, բոցկլտում… Վիգենն էլ՝ իր սաներով շատացող, ընդարձակումով քանդակի՝ գեղեցիկի դպրոցի (մի նոր լեգե՞նդ է ծնվում պատանիների աչքերի առաջ, մեր մասնակցությամբ) գտավ երկու դպրոցները մեկ նախագծով միավորելու խորհրդանիշ քանդակը… Ես, Վիգենի կողքին, նախագծի մասնագետների-երկու դպրոցների պատասխանատուների օղակում, Քնարիկը պահն այս մոգական կտավի քաշող… Խաղողի, գինու և գեղեցիկ դպրության նախագծի՝ երկու դպրոցներով, գովքը դիտեք այս տեսանյութում, Չարենցի պոեմի տողերում իմ առանձնացրած, իմ այս գրում՝ որպես մեկնաբանություն… Միացեք մեր նախագծին…

Իմ գիրը ստացվեց որպես մեկնաբանություն ակնածանքների։ Ավելացնեմ հիացում-ակնածանքը մեր, երբ   մասնագիտական խորհրդի քննարկում-հանդիպումն ընդմիջեցինք ու մտանք Վիգեն Ավետիսի պարապմունքին, որպես քանդակագործության դպրոցի կայացման փաստ, հանրային ուրախություն…

Քանդակի պարապմունքի լուսանկարները՝ Ռիմա Քեջեջյանի:

Վարպետ Դերենիկի հիացումը իր աշակերտով՝ իր ընկերոջ որդով, իր գործը շարունակող Գագիկ Մելյանով…

Եվ գինեգործ Գրիգոր Ղուկասյանի, որ նախագծի կարևոր գործող անձանցից է, ակնածանքը այգում… Ո՜նց էր սպասարկում նախագիծը, անզեն աչքով չերևացող երանգներով…

Կարդացեք նորից Չարենց՝ գովքը խաղողի, գինու և գեղեցիկ դպրության…

Է
Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։

ԺԴ
Որքան կանգուն է աշխարքը քար,

Որքան փայլում է արևը վառ —
Եղել է խաղող, ողկույզ պայծառ,
Եվ գինի՝ մաքուր ու կենարար։
Եվ երգ է եղել աշխարհում հար,
Եղել է արվեստ ստեղծարար,
Եվ դպրություն է եղել դժվար,
Ոգու տքնություն հանճարափայլ։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1526

(49) դիտում

Վերջապես… տեսնել սկսում ենք մատներով… քիմքով…

$
0
0

Ինչ վերնագիր էլ դնեմ, ինչով շարունակեմ իմ բլոգապատումը, 1527-րդ գիրը սկսելու եմ այս «Բարի ճանապարհ»… Երևան-Ստամբուլ տասնօրյա կրթական փոխանակման ավարտի 128 պահ (արևմտահայերե՞ն եղավ) տևած գրկախառնումով… Բարի վերադարձ, սեբաստացիներ, Մարթա Ասատրյան ու 40 ընկերներ… շշմելու էիք դուք ողջ ընթացքում Ստամբուլում, հայացքով Երևանից, ու Պոլիսը՝ խաղաղ նվաճված մեր հեղինակած մանկավարժությամբ… դուք՝ արևի նման նայվածքով պայծառ… Մեր գցած հանրակրթական կամուրջներն այսպիսին են, երկկողմանի բանուկ. մենք Երևանի, կրթահամալիրի Բանգլադեշի պատասխանատուներով, գիտենք, կգան, երկար սպասել չեն տա ձեր երկրորդ տան՝ Պոլիսի հայկական վարժարանի ձեր քույրերն ու եղբայրները, համատեղ ծնողները, ուսուցիչները՝ սովորողները, նրանց թվում՝ և թուրք… իհարկե: Անդրանիկ Սարգսյանի՝ կրթահամալիրի ավագ դպրոցի 12-րդցու բլոգում հրապարակված այս նամակը՝ «Նամակ, որովհետև առավել գեղեցիկ գրում եմ, քան խոսում», Արման Թովմասյանի Ստամբուլ, դեկտեմբերի 8-15-ը ուղեգրությունն է … գրված դեկտեմբերի 16-17-ին՝ Ստամբուլ-Երևան վերադարձի ավտոբուսում… Չեմ էլ կասկածում, Արման ջան, որ ինձ ես ուղղել էս, ինչպես հետգրությունում քո ճշգրիտ անվանել ես… Հուզեցիր, շնորհակալ եմ ավտոբուսի մեջ ուղղակի ծագած գաղափարը մատներով ինտուիտիվ գործելու համար… Գործելու՝ բառի իսկական իմաստով:

Սեբաստացիները Ստամբուլում՝ Փարաջանովի ցուցահանդեսին:
Լուսանկարները՝ Գոհար Եղոյանի: 

Նազարեթ Կարոյանի նման չեմ կարող ասել «վերջին երկու բանախոսություններս» (իմա՝ գրերս, որոնք անընդհատ են), նաև խոստանամ, որ մինչև այս տարվա վերջը այլևս չեմ խոսի-գրի… Բայց տարեմուտին-տարեվերջին խաղողի և գինու դպրոցի հիմնադրումով սկսում ենք մի նախագիծ, որով կսկսենք տեսնել մատներով, քիմքով…

«Անընդհատ գործողությունները տեսողության սահմանին են: Եվ էդ սահմանի վրա լինելու համար պիտի գործես միայն ինտուիտիվ մակարդակով… Չե՞ս կարող՝ անընդհատ ցնցումների մեջ է մարմինդ հայտնվում…»։ Այո, մատներով տեսնելով, շոշափելով, գործելով, քիմքով… մենք սկսել ենք խաղողի և գինու դպրոցի ստեղծումը… և քոլեջի խաղողի և գինու արհեստանոց-լաբորատորիայում դպրոցի մասնագիտական խորհրդի առաջիկա հանդիպման թեման հենց դպրոցի 2018-ի դեկտեմբերի, 2019-ի հունվարի, խաղողի և գինու առաջիկա գարնան շրջանի օրացույցն է… Արթնացրե՛ք ձեր մատները, մի գործ է կանչում, մի ոգևորում, որ ինձ՝ կուրացածիս, երկիրը գործելու ուժ է տալիս… Մատներով, քիմքով, այո՛:

Երեկ ես Մայր դպրոցում մի պահ ցնցումների մեջ էի: Հեծանվի վրա, մի շրջանցումով հյուսիս-արևելքով, Մայր դպրոցում երկրագործ սովորողի էի փնտրում… Ցուրտ էր, հա՞… Չգտա, չհանդիպեցի… Մատներով-քիմքով աշխատանքն ինչո՞վ փոխարինես, որ այն մեր մանկավարժության զարգացման այս փուլում տեղապտույտի չբերի…

Սեբաստացիներ Ստամբուլում. մեկ շաբաթյա համագործակցություն Գարակէօզեան վարժարանի հետ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Երկրագործի չհանդիպեցի նաև իրիկունը ուշ՝ Ծովակալ Իսակով-Խանջյան հեծանվային իմ ճանապարհին, կարգապահ իմ չորս դադարներով հայտնի հեծանվահարթակներին… Ու վարորդներն այսքա՛ն չարացած նորից. միակ հեծանվորդիս դե՞մ էր ուղղված… Նրանցից մեկին մինչև Հաղթանակի կամուրջ ուզում էի հասնել, բռնել, հեծանվով մեքենայի վրա բարձրանալ․․․ Ու շփոթված, կամրջի վրա, զայրույթով չունեցած ուսապարկի փնտրտուքով, հսկող ոստիկանի հետ մեր շփոթեցնող զրույցով․․․ լավ է, Մանկական երկաթուղու շարունակման, Հրազդան գետով աջ ու ձախ անցումների նախագիծն էի ներկայացնոում․․․ որ մեզ հաշտեցրեց, երևի․․․

Վահե Հովհաննիսյանի «Այլըտրանքային նախագծերը» իր ընթերցողն ունի․ սպասված, հասկանալի սովորական մարդուն, հրապարակումները, ինչպես այս վերջինը՝ «Մեզնով լցնենք քյաբաբնոցները», իրենց անմիջականությամբ-օրվա խնդիր արձագանքով յուրահատուկ օրագիր են ստեղծում, այնպիսին, որ իր ավագ ընկեր-տիար-աները* (ի՞նչ բառ է, որտեղի՞ց. հայերեն բառարաններ, բացատրեք մի անգամ) չի կարող չողջունել այս մեջբերումով․ «Ո՞ր հաղթանակն ենք տոնում, ո՞ւմ նկատմամբ․․․ ցանկացած պրոգրեսիվ էլիտա իրեն կարճ ժամանակում կարող է սպառել քյաբաբնոցներում։ Էլիտան պետք է ընտրի. ինքը կա՛մ աշխատասենյակներում է, կա՛մ օբյեկտներում»։ Մերը ծիսական սեղանն է՝ մեր ստեղծած, ճամփորդությամբ ուսուցումը բրդուճներով…

Քանդակի դպրոցի սովորողները՝ Վիգեն Ավետիսի Աշտարակի տուն-արվեստանոցում: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Իսկ օրվա լրահոսից ես առանձնացնում եմ արտակարգ պատահարները՝ Հայաստանի, թե Արցախի սահմանի ողջ երկայնքով, բանակում մեր որևէ միջադեպ՝ մահվան, թե վիրավորումի ելքով, ավտովթարները նույնպիսի ելքերով․․․ Երկուսն էլ՝ շա՜տ այս օրերին․ ինչո՞ւ նորից, երբ հայտարարվում էր՝ սահմանային լարվածություն չի նկատվում, իսկ ընտրությունները օրինական ներքին խաղաղություն պիտի բերեին․․․

– Որ Արատեսում ձյուն կար, ինչո՞ւ ինձ չէիր տանում․․․,- խոսքը իր ուզածով է ծռում Դավիթը Բլեյան, ինչպես ես՝ հեծանվի վրա. հանկարծ աջ, ու մտա Հրազդանի ձոր՝ ավտոկայանի մոտակայքում, Սարդարի նշանավոր մառանի տեղը ճշտելու համար․․․
Իսկ երեկ Մայր դպրոցի հայրենագիտական սրահում Միքայել Ղազարյանի հետ Արատեսի ձմեռային պիտույքների ընտրությամբ էինք զբաղված՝ դահուկներ, սահնակներ․․․ Սուրբ Ծննդյան՝ հունվարի 5-6-ի օրերին, Դպրական կենտրոնի տնօրհնեքով, Դավիթ Բլեյան և ընկերներ․․․ Համեցեք ողջ տարին՝ իր ձյուն-ձմեռով…

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#1527

*Աներ – կնոջ հայրը. թերևս բնիկ հնդեվրոպական բառ՝ *ano (նախնի, նախապապ) արմատով։ Հայերեն գրավոր աղբյուրներում՝ 5-րդ դարից։

(99) դիտում

Տարեմուտի խոստովանություն եղավ…

$
0
0

Եղա՞վ. հարցնում եմ…

Իսկ Դավիթ Բլեյանը մայրիկի ծիծիկները մեկ ամսական դարձող Աստղիկ քույրիկին առանց պայքարի զիջողը չէ… Պահը-առիթը բաց չի թողնում… մղվում է… Մենք էլ, դե, իբր սաստում ենք՝ Դավի՛թ, կամ՝ Դավի՜թ, կամ՝ Դավի՞թ…
Երեկ այդպիսի սաստում-սպառնալիք-արգելքից հետո.
– Սրանք Աստղիկի ծիծիկները չեն, սրանք իմոնք են, իմ ջեռոցները…

Սիրելի՛ Սիլվա Գույումճեան տնօրինուհի, Ստամբուլի Կեդրոնական վարժարանի ուղարկածը, «Անձեռոց մը ամանորյա, նորածին Աստղիկին՝ բարի քուն, առատ կաթ» մակագրությամբ, անուշեղենը Դավիթ Բլեյանին, երեկ իրիկունը զբաղեցրեց մեզ, լեզուն մեր հարստացրեց…

Արմինեի կաթն՝ առատ, Աստղիկի-Դավթի քունը՝ բարի, իմ օրը… լեցուն… գիշերվա, առավոտվա, ցերեկվա գործերով… Հետո քուն եկավ իմ աչուկներին… Ոչ էլ դիմադրեցի…
Դավիթը հասցրել էր, տեղ էր գտել-զբաղեցրել ծնողական անկողնում…
– Ինձ մի քիչ տեղ կճարվի՞ էստեղ…
Ու տեղավորվելուց հետո էլ՝
– Աստղիկ ջան, քույրիկ, կամա՛ց լացի, դասի եմ…

Մարինե Ամիրջանյանի՝ Արևելյան դպրոցում ծնված ուսումնական նախագծով «Խոշորացույցի» 22 հարցերին պատասխանե՜մ, դառնա պատում-գի՞ր օրվա… Աստղիկը քնեց-արթնացավ-կերավ-գխտաց, քնեց-արթնացավ… Ես էլ մորս ասած պուպուի (հոպո՞պ-ն է) նման քաշվեցի աշխարհի իմ անկյունը…

Ամանորի տրամադրություն են փոխանցում կրթահամալիրի Արևելքից: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Տարեմուտ է, ավագ աղջկաս՝ Լիլիթի հրահանգն էլ ֆեյսբուքով հասավ որպես նոր օրորոցային՝ քնեք հանգիստ… Դավթի անկողինն ազատ էր, հեռու, որքան էլ Աստղիկը բարձր լացի… Իմ գործերը՝ քեզ, Ձմեռ պապ… Քնել եմ ուզում ու երկար, երկար… Կարելի է, չէ՞…

Սիրելի՛ օգտատեր,
Հերի՛ք աղմկեք
Ձեր ստեղները հանում են նույն
շրխկոցը
Ձեր տառերը նույնն են
Ձեր կապույտն ունի նույն երանգը
Ձեր բութ մատը թողնում է նույն մատնահետքը
Ձեր ժպիտը նույն փակագիծն է
Ձեր սիրտը մեկն է միլիոնավոր սրտիկներից
Ու կներեք, բայց պետք է ասեմ.
Ձեր գրառումը տեղ չգտավ ոչ մի
էջում
Այն ոչ ոք չի հավանի
Եվ խելագարը միայն կքոմենթի
կիսաձայն
Քնեք, սիրելի օգտատեր,
Ձեր երազները դեռ ձերն են,
Քնեք,
Բոլոր զոհերը ֆեյք էին,
Քնեք,
Հերոստրատն այրել է բոլոր
սերվերները,
Քնեք հանգիստ։

Էս գիրն էլ էսպես, տարեմուտի խոստովանություն եղավ…

Ֆոտոխմբագիր՝  Արմինե Թոփչյան
#1528

(53) դիտում

Դուն պանդուխտ տղադ Զահրատը մի մոռնար…

$
0
0

Քաղաք – գիշերանց երբ լույսերդ վառին ու տանիքներեն վեր 
Գույն գույն մառախուղ մը տարածվի – երբ ամեն ինչ նիհրե 
Դուն պանդուխտ տղադ Զահրատը մի մոռնար 
Հարցնողներուն բարև ըրավ ըսե… 

Հեծանվով տիարի և Ագարակ ուսումնական կենտրոնին Գեներալ անունով ձիու վրա մարզիչ Էդգար Ասոյանի հանդիպումը եղավ… Մայր դպրոցի մարզադաշտում… Մեր ձիանք ելել են կրթահամալիրի Բանգլադեշով պտույտի… Իմ հեծանվի վրա օրվա ընթացքում ես բռնեցի արևելքով հյուսիս անցման սովորողների հիացական արձագանքները։ Ագարակից՝ արևմուտքից, հարավ անցումը կարող է լինել ամենօրյա՝ սովորական դառնալով ձիավար սովորող-ուսուցիչների համար… Բաբաջանյան պողոտային զուգահեռ, առայժմ աղբանոց-մեքենաների գերեզմանոց դաշտերով, վերադարձը՝ Թաիրովի այգիների և երկաթուղու միջև, ջրանցքին զուգահեռ, հողե ճանապարհով, կամ հակառակ երթուղով… Ինձ ոգևորեց. արագ կվերականգնեմ ձիավարի իմ վիճակը, կանցնեմ Էդգարի հետ… Հետևե՛ք իմ գրին, շա՛տ քայլեք, հեծանվի վրա եղեք, կհանդիպեք ինձ առաջիկայում… ձիու վրա… Մի՛շտ ձիու վրա…

Արևմտյան դպրոցի նախատոնական տրամադրությունը:
Լուսանկարները՝ Մարգարիտ Հեքիմյանի և Շուշան Սարդարյանի:

Արատեսում 2019-ի գարնանը կունենանք մեր մասնագիտացված ձիավարժությունը, թող Ագարակը մեր արագացնի կրթահամալիրի Դպրական կենտրոն մասնաճյուղում Ագարակի մասնաճյուղի հիմնումը… Ձիեր արշավային, գիշերումով ճամփորդություններ… Գիտե՞ք՝ Արատեսում քանի այդպիսի երթուղի գիտեմ… Չեք ուզենա վերադառնալ ո՛չ ոտքով, ո՛չ ձիով, և դա լավ է. գիշերենք վրաններում, ապրենք սարերում…

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ութ րոպեանոց Դիլիջանի միջազգային դպրոցում՝ «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցների հետ հանդիպմանը, հաջողված է, վարչապետի վստահ, խաղաղ խոսք է, լսվում է. «Մենք ուժեղ ենք այնքան և հաջողված ենք այնքան, ինչքան մեր ներսում ունենք ուժ՝ ինքներս մեզ ստիպելու ինչ-որ բան անել և չսպասել ինչ-որ ուրիշ մեկի անելիքին… Մենք Սփյուռքին առաջարկում ենք նույնը, ինչ Հայաստանի քաղաքացիներին՝ հնարավորություն։ Մենք ջնջել ենք Հայաստանի և Սփյուռքի միջև սահմանը»… Միայն  թե, սիրելի՛ Նիկոլ, այդ դեպքում ինչու «ստարտափի» ծրագրով հավաքել սփյուռքի մասնակիցներին, ինչո՞ւ սփյուռքի մարդիկ չեն տեղեկացվում և իրենց ընտրությամբ մասնակցում հայաստանյան ստարտափներին՝ ջնջված սահմաններով… Եթե սա իներցիոն է՝ դեռ գոյություն ունեցող Սփյուռքի նախարարության, հին տարվա «ներուժը», լավ, «անցուկը մոռցուկ» կլինի… Ու կմնա գլխավորը՝ ինչպես անել-գործել-ապրել, որ Հայաստանում և ամենուր ավելի մեծ թվով հայեր սպասելու փոխարեն գործեն… Եթե խնդիր կա, սա է խնդիրը կառավարման…

Արևելյան դպրոցի հինգ տարեկաններ:
Լուսանկարները՝ Տաթև Սահակյանի:

Սփյուռքի նախարարության լուծարման դեպքում կա նաև բարձրագույն կրթությամբ հարյուրից ավելի մարդու՝ նախարարության աշխատողների խնդիրը, որ փորձ էին ձեռք բերել Սփյուռքի հետ աշխատանքի.  «սահմանների ջնջումով» կառավարման մեջ նրանք իրենց գտնելո՞ւ են, այս 6-7 ամսում նախապատրաստվե՞լ էին այդպիսի փոփոխության, կառավարությունն իրենը համարո՞ւմ է այս մարդկանց աշխատանքի խնդիրը։ Եթե ոչ, ինչո՞ւ սրանով չէր զբաղվում Սփյուռքի նախարարը։

Վեճերը կարող են օգտակար լինել առողջության համարԻ վերջո, ճիշտ է «լավ սկանդալը վատ խաղաղությունից լավ է» պնդումը: Ասածը միայն ընտանեկան հարաբերությունների՞ն է վերաբերում, թե՞ նաև աշխատանքային։

Ժնևի համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանի Ազդեցության ընդամենը երկու լծակ զրույցը 1-ին լրատվականում, որ սկսեք կարդալ, մեջ եմ բերում. «Ռուսաստանն իրականում ազդեցության շատ քիչ գործիքներ ունի դաշնակիցներ ունենալու համար։ Դրանք են անվտանգությունը և էներգետիկ ռեսուրսները․ «Ռազմական համագործակցությունից և էներգետիկայի մատակարարումից դուրս Ռուսաստանը շատ բան չունի առաջարկելու։ Ո՛չ կապիտալ ներդրումներ, ո՛չ տեխնոլոգիաներ, ո՛չ էլ, ինչպես ամերիկացիներն են ասում՝ soft power (փափուկ ուժ)։ Այսինքն՝ Ռուսաստանի մոդելը որևէ մեկին չի համոզում»։

Հայաստանի համար անվտանգության հանրային ընկալումը, նրա գինը երևաց վերջին անգամ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի հետ… Աշխարհը փուլ էր գալիս ու… Մոսկվայում, Ռուսաստանի իշխանության միջամտությամբ աղետը կանգնեց։ Անմիջական հարևանների հետ լիարժեք համակեցությունը, փոխհամաձայնությունը Ադրբեջանի հետ՝ անվտանգության Նոր ուղու բանաձև են, որը կբերի Ռուսաստան փրկչի դերակատարման հաղթահարմանը… Սրանից դուրս խոսել հայ-ռուսական ոչ վասալային հարաբերությունների մասին՝ անլուրջ է, ոչ առարկայական: Լավրով-Կարասինի հայտարարությունները, Ռուսաստանի և Հայաստանի պաշտոնական ճշտում-պարզաբանումները, հենց սրա թարմ ցուցադրումն են, Նոր ուղու բանաձևի հաստատումը: Կարդացեք, եթե ժամանակ ունեք… Նիկոլ Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը. Լավրովը ստո՞ւմ է հրապարակումը…

Համեղ տարեգաթա են պատրաստում Մերի Գրիգորյանի առաջին դասարանցիները: 
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի:

Նվերն այսպիսին է լինում. Զահրատի (Զարեհ Եալտըզճեան) երկհատորյակը Ստամբուլի (Պոլիս, Կոստանդնուպոլիս) «Արաս» հրատարակչության, որ իմ պայուսակի մեջ ճամփորդական դրեց Ստամբուլից օրերս վերադարձած Տաթևը Աթոյան… Ճաշակով, ընթեռնելի… «Զահրատի ծննդեան ութսունամեակին առթիվ յղացած էինք այս «Ամբողջական երկեր» ծրագիրը, որ ներկայ հրատակութեամբ կ՚իրականանայ իբրև «յապաղած իմացեալ նուէր» առ աշխարհահռչակ բանաստեղծին»… գրված է Ա և Բ հատորների առաջաբանում… Շնորհակալություն հայտնելու ձևն էլ այսպես՝ խոցո՞ղ լինի. ուշքի չեմ գալիս, շուռումուռ եմ տալիս իմ գրասեղանին դրված հատորները, զմայլվում եմ, չեմ կշտանում, Դավթի նման, որ խաղում է իր մեքենաներով, իր ստեղծած քաղաք-աշտարակներով… Կարդալու հերթն էլ կգա, ինձ  համար, քեզ համար, Տաթև Աթոյան, ձեզ համար… Հետևենք իմ գրին, իմ պատումին, առանց Զահրատ չի եղել ու հետայսու չի լինի… Սկսենք «Մեծ քաղաք»-ից.

Ամէն ինչ մեծ է մեծ քաղաքին մէջ
հաճոյքը մեծ
ցաւը մեծ
պողոտաներուն ու շէնքերուն նման
Ու անոնք որոնք պզտիկ մարդիկ են
Երբեք հանդարտ պիտի չըլլան մեծ քաղաքին մէջ…

Եվ որքան կարևոր է, տարեմուտին մեր Գրական ակումբը Զահրատ է կարդում

Ֆոտոխմբագիր՝  Սոնա Փափազյան
#1529

(51) դիտում

Երբ հեշտ է ապրել օդով միայն…

$
0
0

– Հայրի՛կ, քո հետ ի՜նչ դժվար է…
Ցնցուղի տակից տղա միակ ժառանգս, 2018-ի դրությամբ, հանկարծ սկսում է խոսել…
– Մի՛ կանգնի, լողացնելը՝ էդ մի գործը, լա՜վ էլ անում ես, ցնցուղը պահի ու լսի… ա՛յ բոլորիս հանդուրժող…

Դավիթի ասածը՝ դիպուկ նետի պես, կպավ, բաց չի թողնում։ Աստիճաններից տան, չորրորդ հարկից վռազ-վռազ գլորվում ենք…
– Դավի՛թ, ո՞ւմ համար է դժվար. քո անունի՞ց ես խոսում, Աստղիկի՞, մայրիկի՞… կրթահամալիրի՞…
– Աստղիկը կմեծանա՝ կասի…Դու առաջ ընկած գնում ես՝ քիչ է, բոլորին էլ բրդում ես… ա՛յ հայրիկ-տիար-տնօրեն-ամուսնյակ…
– Ո՞ւմ եմ հրում՝ կրթահամալիրին, քեզ, մայրիկին…
– Հենց հիմա՝ ինձ. թող իմ թափով իջնեմ…

Արմինեն ֆենում է ցնցուղի տակից դուրս բերված, Փաշայան Լուսինեի պատվերով հագնված՝ ջինսով, ճերմակ նոր վերնաշապիկով, իր գեղեցիկ տղայի խառնիխուռն-առատ մազերը… Դավիթը, առիթը ո՜նց կորցնի, խաղում է մայրիկի ծիծիկների հետ նրա՝ ֆենով զբաղված ձեռքերի տակից… Իր Ձմեռ պապի կարմիր գլխարկը հանկարծ հագցնում է մայրիկի ծիծիկին մի ու կանչում աշխարհով մեկ… զիլ…
– Շնորհավո՜ր նոր տարի ու Սուրբ ծնունդ… Ծիծիկ-տոնածա՜ռն է ասում… Ա՛յ քեզ իսկական տոնածառ…

Այսօր Աստղիկը դարձավ մեկ ամսական. հենց նոր մանկական պոլիկլինիկայում ստուգեցին-կշռեցին, կարգով, Արմինեն Ստեփան եղբորս հետ փոխանցում է, որ անունը դրեցին վարդագույն խոզուկ, 600 գրամով ու 2 սմ-ով աճ է տվել կես ամսում, դարձել 4 կգ 600 գրամ, 56 սմ հասակով… Այսօր քոլեջում ատամհատակին Աստղիկը երևի չի մասնակցի, չնայած օրը մեկ ժամ դրսում զբոսնելու՝ բժիշկի անցաթուղթն ունի, բայց մկրտություն-կնունքի խորհրդին բան չմնաց. օրն էլ որոշեք, տեղն ու ձևն էլ…

Տոնական պիցցայի պատրաստում կրթահամալիրի հարավում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

– Սպասի՛, պուճո՜ւր, թըռռ, գալիս եմ…
Դավիթը միջանցքի հատակին տանից դուրս գալուց առաջ կոշիկներն է շտապ-շտապ կապում ու, թըռ, հասնում քրոջ ձենին-լացին-կանչին…
– Աստղիկը էլի սոված է, մա՛մ, դո՛ւ հասի, բերանը ծիծիկդ դիր, որ ձենը կտրի, ուրիշ լեզու չի հասկանում մեր պուճուրը…

Առավոտը սուրճի նախաճաշի սեղանին հյուրասենյակի Դավիթը Շառլ Ազնավուր է մատուցում ինձ, Արմինեին, Աստղիկին… իր «Լա բոհեմը», քանի՜ անգամ, ֆրանսերեն-հայերեն, 1970-ականների, 1990-ականների կատարումներ… Երգում է, ձայնակցում մայրիկի այֆոնից հնչող Ազնավուրին, ցուցադրում, խաղում… ապրում է բոհեմ…
– Դավի՛թ, հայերեն տեքստն ու կատարումը Լիլիթ քույրիկդ հավանում է… Շառլի կյանքի պատմություն է մի այս երգը…
– Դու սուրճդ խմի՝ քո բլոգում դիր, քո ընթերցողի հետ կկարդաս…կլսես…
Այդպես էլ անում եմ

Նստած սրճարանում
Տղերքով անանուն
Երազում էինք փառքը
Թե մեզ բախտ վիճակվեր
Ու մի նկար ծախվեր
Կգնայինք մեր հարկը
Կուտեինք մի փոր հաց
Ու հետո գինովցած
Կերգեինք մեր երգերը
Մինչեւ լույս առավոտ
Մոռանալով ձմեռը
Նստած բուխարու մոտ
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Դու լավն էիր գեղեցկուհի
Դա բոհեմն էր մեր բոհեմը
Ամեն մեկս հանճար էր մի…

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի ետնաբեմում:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Ազգային պատկերասրահում երեկվա լուսավոր երեկոյի, համերգ հանդիպման համար էլ, կեցցե՜ք, շնորհակալ եմ…

Ի՜նչ խաղաղություն կա իմ այսօրվա մեջ ժամերգության, ծիսական խորհրդով եմ առավոտից… Ամանորի-Սուրբ ծննդյան ձայներ, լույսեր, ազդեցություններ, որպես ղողանջներ…

Ֆոտոխմբագիր՝  Արև Բալջյան
#1530

(57) դիտում

Խաղողի՞, թե՞ մասրենու թուփ՝ Վայոց ձորում, Հայաստանում բուսնած․․․

$
0
0

Թերթեք Համլետ Խաչատրյանի «Միշտ ներկա»  բլոգը։
Կարևոր չէ հանդիպումների անընդհատությունը-ինտենսիվությունը, կարևորը մշտական կապն է, հաջորդականությունը, «զանգ ըկերոջը» հնարավորությունը․․․ Ընկերոջը ուսուցիչ ասո՞ւմ են․․․ Ես ասում եմ, չեմ էլ հասկանում, եթե ուսուցիչ չէ, ո՞նց է ընկեր․․․ մի տեղ կթողնես, մի տեղ կընդհատվի կապը, երբ սովորելը չկա, ինչքա՞ն մարդկային բեռ կարող ես տանել և ինչի՞ համար․․․ Սա մեջբերում է իմ մի գրից, որից Սուսան Մարկոսյանը մի այլ կտոր առաջ բերեց երեկ։ Սրանով Համլետ Խաչատրյանի մասին իմ 2017-ի դեկտեմբերի 22-ի գիրը՝ երախտագրերով այսպիսի նորից կարդալու պարտադրանք ունեք։

Այսօր օրը ես սկսեցի երեք անգամ, ու իմ ընկեր-սանը՝ Արթուր Շահնազարյանը, ինձ ուժով դուրս է տանում. պիտի վռազ ավարտեմ սկսած, չավարտած խոսքը-գիրը Համլետ Խաչատրյանի մասին՝ Կոստան Զարյանի մեջբերումով, Համլետի հիշատակին, որից քաղեցի իմ խոսքի վերնագիր դարձած տողը. «Գաղափարները, իդեալները, երկու սենթ արժեք չունեն, երբ նրանք սերտորեն կապված չեն երկրի, տեղական ենթազարգացման հետ։ Այդ տեսակետից Արարատյան դաշտում տնկված մի կաղամախին ավելի կարևոր է, քան Փարիզում բուսնած տասը սորբոնացված մտավորականները»։
Կոստան Զարյանին, որին Համլետի հետ տարբեր առիթներով շատ էինք անդրադառնում, ֆեյսբուքը այս անգամ բերեց-թողեց․․․

Ամանորի տոնախմբություն Հյուսիսում։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի, Տաթև Աթոյանի։

2018-ի ամեն շաբաթ՝ ուրբաթ-շաբաթ-կիրակի իմ աշխատանքային օրերը ես անցկացրի Վայոց ձորի Եղեգիսի կիրճում, Արատեսում․․․ Ու ամեն այցին այդպիսի, Արատեսի մի դրվագում եղել է, կա Համլետ Խաչատրյան ճարտարպետ-մտածողը․ իմ կողքին է միշտ՝ թափառումով իմ ու իր Երևանում, Կոնդում, Հրազդանի կիրճում, Կասկադում, Պլանի գլխից Նոր Նորք-Հին Նորք անցումներում, Աստղիկի նախածննդի, ծննդյան, ետծննդյան օրերին, ծննդատան ճանապարհին․․․

Գրավոր-լուսանկարային, այնքա՜ն քիչ բան ունեմ Համլետից․ ես եմ ու ինքը․․․

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց։
Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի։

Վաղը՝ կիրակի, քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ այցելելու եմ Արատես՝ իմ ու Համլետի սկսած դպրական կենտրոնը Ամանորի նախագծային տեսքի բերելու, Սուրբ Ծննդյան խորհրդին Արատեսը նախապատրաստելու համար․․․ Քանդակագործը կօգնի ինձ Համլետ Խաչատրյանի հուշաղբյուր-անկյան տեղն ու ձևը որոշելու համար․․․

Ուսուցման-սովորելու ինտեսիվ շրջաններն են լինում, երբ միասին ապրում եք… եղել է։ Լինում են կլոր սեղաններ, վարպետության դասեր… խորհրդատվություններ… եղել է: Ուսուցանող-ընկերոջ, ուսուցիչ-ընկերոջ գիտակցումից է երախտագիտությունը: Ես գիտեմ, որ պարտական եմ Համլետ Խաչատրյանին իմ հայացքի, մտածողության, ճաշակի ձևավորման վրա ունեցած կոնկրետ ազդեցության համար: Եվ շնորհակալ եմ: Անանց է այս գիտակցումը։

Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան 
#1531

(59) դիտում

Ոչ թե հոգս ու հոգոց, այլ Ամանորի, Սուրբ Ծննդյան ուրախություն

$
0
0

Ուրախ չէ, որ տոնածառը Հանրապետության, գլխավորի կարգավիճակով դառնում է դեկտեմբերյան հանրային ամենաքննարկվող հարցը, այնպես, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետը ներկայացնում է կատարված ծախսերը մաս առ մաս՝ լույսեր, ճյուղեր, զարդեր, տեղադրում․․․ Ինքնահաստատման միջոցի վերածվեց, այս ամեա-ամենա-ամենան, քաղաքապետի ու նրան առաջադրած-ընտրած-աչքի լույսի պես պահպանող դաշինքի համակիրների կողմից․․․

Եթե իրավիճակ է փոխվել, ինչո՞ւ էր պետք Հանրապետության հրապարակին ծանրաբեռված տրանսպորտային հանգույցը՝ Տիգրան Մեծ, Վազգեն Սարգսյան, Հանրապետության, Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան, Մելիք-Ադամյան տրանսպորտահոսքերով, այսպիսի հանրային ուշադրության, տարատարիք մարդկային հոսքերով, խմբերով, բազմահազարանոց հավաքներով, ծառայություններով․․․ Ես այսպիսի գերկենտրոնացումից չդժգոհող վարորդ-ոստիկան-ծառայող չգտա․․․ Եվ սա՝ համարյա մեկ ամիս․․․

Կրթահամալիրի ամանորյա ուրախության դիմանկարները՝Դիանա Գևորգյանի։

Իսկ ի՞նչ են շահում երևանցիները․ ինչո՞ւ չէր կարելի օգտագործել-խթանել ինքնակազմակերպումը, նախաձեռնողականությունը և ապակենտրոնացնել առավելագույն չափով տոնը-ուրախությունը-տոնակատարությունը տարածելով քաղաքով մեկ, ունենալով լույսերի-ձայների-ղողանջների-տոնական ազդեցությունների մեջ կորած մի քանի տասնյակ ամանորի-սուրբծննդյան հարթակներ՝ Շառլ Ազնավուրի հրապարակ, Ազատության հրապարակ, Երիտասարդական մետրոյով Կոնսերվատորիայի այգի, Կասկադ, Հյուսիսային ու գլխավոր պողոտաներ, Ազգային ժողովի այգի… Այդպես էլ չեմ հաշտվում, որ Նոր Տարին՝ իր բերած հեքիաթով-կերպարանափոխումով, գույներով-ղողանջներով-ուրախություններով շրջանցում է երևանյան այգիները… Մտածել եմ միշտ Կոմայգի-Անգլիական այգու, Օղակաձևի որևէ հատվածի, Մանկական երկաթուղու Ամանոր-Սուրբ Ծնդյան հրաշքի կազմակերպիչը դառնալ… Կրթահամալիրի գեղարվեստի՝ տեխոլոգիայի, ստեղծականության համերգ-ներկայացում-ցուցադրության կազմակերպումը, որպես Ամանոր ու Սուրբ Ծնունդ այս այգիներից մեկում… միայն պատվիրի՛ր, քաղաք… խրախուսի՛ր․․․

Կարելի է ծախսել ավելին, քան մի ծառի, մի հրապարակի տոնածառային շրջանի վրա, բայց մոտենալ մարդուն, բնակավայրին՝ ասպարեզ բացելով քայլքի, զբոսանքի, համայնքային ինքնաբուխ ուրախությունների-հավաքների համար, ինքնագործունեության հարթակները դարձնելով երևանցիների ու հյուրերի սիրո-համերաշխության դրսևորումների համար․․․

Ես սկսում եմ այդպիսի մի շրջայց քաղաքով, Դավիթ Բլեյանի հետ, ամենաբարի, ինքնաբուխ տոնականության ամենափոքր համերգ-ձևավորումները տեսնելու-ներկայացնելու, իմ ուրախությունը-բացահայտումները իմ բլոգով-պատումով փոխանցելու համար։ Ուզում եմ սրանով, այսպիսով հրաժեշտ տանք Հանրապետության գլխավոր տոնածառին ու հրապարակին։ Հանրապետությունը հագցնել պարզապես- հասարակ՝ տոնական տրամադրություն փոխանցելով հրապարակային առօրյային՝ իր տրանսպորտով, մարդկանցով ու հաստատություններով․․․ Ես ուզում եմ ոչ թե հոգս ավելացնել ու հոգոց, այլ՝ Ամանորի, Սուրբ Ծնունդի ուրախություն։

Տոնական «ասիլիկ-վասիլիկներ»-ի պատրաստում։ Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի։

Դավիթը Բլեյան, իր սենյակում սեփական տոնածառն է դրել․ հյուրասենյակի մեծ տոնածառից խաղալիքներ է թռցնում ու կախում իր ծառին, գուրգուրում է իր ծառը, ձեռքս բռում, ցուցադրում։ Ձմեռ պապը, որին անվերապահ հավատում-սպասում է, նվերը կդնի ի՛ր ծառի տակ․․․
– Որ երկուսը բերի, ոչինչ, թող մեկն էլ ձեր ծառի տակ թողնի․․․
Համաձայն չէ, որ Աստղիկի սենյակում էլ նոր ծառ դրվի․․․
– Կբերենք, կպտտացնենք, երկուսն էլ իրենն է․․․

Կրթահամալիրում իր դպրոցի տոնը՝ դեկտեմբերի 21-ի, ո՜նց է հավանել․․․
Հավանել են Լիլիթ Բլեյանն ու Վահեն, Սոնան. ընտանիքով են մասնակցել, բոլոր դպրոցների ծնողները, սովորողները, ում հանդիպեցի․․․ Ձիով-ձյունանուշով կրթահամալիրի Բանգլադեշում անշտապ-տիրական շրջող, բոլորին խաղաղ, ձեռքի թափահարումով շնորհավորանքներ փոխանցող Ձմեռ պապը կհիշվի մինչև մյուս տարի․․․

Չի մոռացվի և Մարմարյա սրահում ուրբաթ-ամանորի համերգը՝ Միջին դպրոցի կազմակերպած․․․ Դեկտեմբերի 20-ի՝ Ազգային պատկերասրահում Գեղարվեստը կրթահամալիրում համերգ ներկայացումը․․․

Իսկ առջևում դեռ ընտանեկան տոներն են, դեկտեմբերի 28-ի ուրախությունը սեբաստացիական Ագարակում, Ագարակում և Արատեսում Սուրբ Ծննդյան խորհուրդները․․․ 2019-ի ծնունդների, ուսումնական նախաձեռնությունների-նախագծերի ավետիսներով․․․

Աստղիկն ու մայրիկը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1532

 

(140) դիտում


Պատմության մի էջի առաջ…

$
0
0

Սա բոհեմ է… իմ բոհեմը…  Գիշերվա չորսն է դառնում՝ 2-3 ժամ իմ կարդալուց-գրելուց-թերթելուց-դասավորելուց-քայլելուց հետո… Գրելու-պատմելու, անընդհատ ցանկությունը՝ օրագրի 1500-րդից հետո, առարկայացավ…

Քոլեջում մեր ատամհատիկի աիդապետրոսյանական ծեսը Սոնա Կարապետյանի ֆիլմով ինձ մինչև վերջ պահեց էկրանի առաջ… Ինձ լավ զգացի, որ Տաթև աղջիկս՝ իր ուսանող աղջիկների, Մարինե Մկրտչյանի հետ՝ իր խանդավառության-ստեղծականության ողջ ուժով, քոլեջի ուսուցչական-վարչական-սպասարկող անձնակազմը այսպիսի համախմբումով լուսավոր դարձրին ներկա-բացակա՝ բոլորիս օրը… Արձանագրե՛ք 2019-ի օրացույցում ու մի՛ կասկածեք օրացույցին… Էլի ուշանում են մասնակիցների արձագանքները. որպես 2019-ի ծեսի համակարգողներ-մասնակիցներ՝ Տաթև համակարգողի միջոցով ներկայացնելու համար։

Վիգեն Ավետիսի հետ հետաքրքիր է, նրան լսելը, նրա հայացքը… ձևակերպումը… Հերմոնից դեպի Եղեգիս ընդարձակ հովիտ կա. ես կանգնում եմ… Մոտեցանք գետին, Եղեգիսի ափ հասանք. ես նկարել եմ… Բարձր քարափի առաջ կանգնեցինք…
– Ոնց որ պատմության մի բացված էջ լինի,- ասաց Վիգենը…
Ճիշտ որ: Բացված:

Գյոզալ օր է, տաք-լուսավոր կիրակի, ու հեքիաթ ձորում ընդարձակ-երկար, թվում է՝ մարդ չկա, միայն ես ու իմ ընկեր Վիգենը… Լա՜վ, բա մարդն ո՞ւր է… Քիչ առաջ մենք Արատեսում թողեցինք տասնյակի չափ շինարարների, որ ժրաջան աշխատում էին։ Մեկ էլ կգամ, տեսեք, հա՜, դեկտեմբերի 29-ին, ոչ մի կիսատ գործ թող չմնա. այնպես ուզում եմ, որ Սուրբ Ծննդյան տնօրհներքը Արատեսի դպրական կենտրոնի կարգով-էական լինի, և Արատեսի 2019-ի տարին ոչ միայն կրթահամալիրի, այլև հանրակրթության բացված-ամենաշատ կարդացված էջը…

Վիգենի հետ ընտրեցինք Համլետ Խաչատրյան ճարտարապետի հարթակը, քանդակագործական, իհարկե, Արատեսի գեղարվեստից եկեղեցի ճանապարհին, Արատես գետի կիրճին դեպի հարավ-արևմուտք բաց-ընդարձակ հայացքով, որ արևելքից ունի վերակառուցվող եկեղեցին, հորիզոնում՝ ողջ դպրական կենտրոնը իր զարգացումով-ծավալումով, նախագծային 2019-ի ընթացքը միշտ հսկի-սպասարկի… Լավագույն դիրքը՝ իմ ճարտարապետ ընկերոջ համար, իմ քանդակագործ ընկերոջ հետ:

Վայոց ձոր-Արատեսը՝ Աշոտ Բլեյանի օբյեկտիվից:

Իմ էլ. փոստում Մարինե Ոսկանյանի, Աննա Երիցյանի… ուսումնական նախագիծը՝ ոնց որ Եղեգիսից դուրս գալիս, Շատին չհասած, աջից հերթական քարակոփ գիրքը… առանձնանում է… Այսօրվա ժամը 12։30-ի նախագծային խմբի մասնագիտական հավաքով, դեկտեմբերի 25-ից սկսվող մինչև հունվարի 26-ը՝ Աստղիկ Բլեյանի մկրտությունը-կնունքը Սուրբ Աննա եկեղեցում, բացօթյա տոնախմբությունը բակում եկեղեցու, մատաղի սեղանով, որ իրավունքով տիարի պատվիրում եմ Շուշան Փաշինյանին ու Չաչանակ ընկերներին՝ Գոհար Եղոյանի շնորհալի հովանու ներքո… Ով եկավ՝ մասնակից է, եթե ուսումնական նախագծով այս մեկ ամսում տանը, թե կրթահամալիրի ճամբարում սովորել է. առանց սովորելու՝ ի՛նչ յուրացում ծեսի, երեկ՝ հարսանիք, այսօր՝ ատամհատիկ, վաղը՝ մկրտություն… հանրային ուրախության, օրորների ձայնասկավառակի շնորհանդեսի… Քանի՛ երեխա է կնքվում Հայաստանում ամեն օր… ու տեսեք՝ հանրակրթության քանի՜ պարապմունք ու հանրակրթության կենդանության քանի գրգիռ պիտի դառնար ամեն մի հանրային այսպիսի ուրախություն-հավաքը-խորհուրդը…

Այ, այսպես՝ երրորդ անգամ. պատրաստված եմ լինում ուրիշ պատումի, բայց օրը՝ իմ օրվա ապրումով ուժեղ, իրենն անում-թելադրում է. երեկ քաղաքային ամանորյա ուրախություն-տոնախմբությունն էր իմ գրչի տակ, այսօր՝ ծնունդը, ատամհատիկով, մկրտության խորհրդով…

Քանդակի պարապմունքի մեկնարկ Վիգեն Ավետիսի հետ: Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի:

Իսկ պատրաստվում եմ ես քանի օր անդրադառնալ նրան, ինչ այսօր փողոցում է նաև արծարծվում՝ որպես հանրային թեմա, հանրապետական կառավարման նոր կազմակերպմանը,սրանից բխող՝ կառավարության նոր կառուցվածքին, դրանց հանրային արձագանքին, թե լռությանը, փողոցում, թե սոցիալական ցանցում… Երեկ էլ իմ ընկերների մի զույգ Արատեսից վերադարձի ճանապարհին, Արփա գետի ափին, հա՛մ հյուրասիրում էր, հա՛մ պնդում-քաշում ինձանից իմ վերաբերմունքը… Վերջում էլ թե՝ խոստացիր, որ պիտի արտահայտվես… Վաղվա իմ գրո՞ւմ, Վիգեն Ավետիս և ընկերներ. տեսնենք…

Եվ ոչ միայն այս օրակարգով, այլև յուրաքանչյուր օրվա, իմ գիրը-պատումը անընդհատ է. աղճատված կյանքով չէ որ ես ապրում եմ, որ գիրն էլ լինի հատվածական…

Համլետ Խաչատրյանի հիշատակի օրվան տանից-գերեզմանոցից հետո, կարգով, հացի սեղանի շուրջ, նոր մարդիկ են, նաև ինձ հետաքրքիր, հատկապես Համլետի կուրսեցի ճարտարապետ ընկերներ, որ դրսում են ապրում, Քուվեյթում, Ֆրանսիայում, սգացել մի տարի ու հիմա այցելել են շիրիմին՝ մխիթարելու և մխիթարվելու… Մեծ, Համլետի թարմ հիշողությամբ լսարանն այնքան լավ ընդունեց «Միշտ ներկա» բլոգի գոյությունը-շարունակությունը, որ տեղում այսպիսի տեսանյութ ստացա ու… խոստումներ…

Իսկ մեր հինգ տարեկան Մոնիկայի հայրիկի՝ Մանուկ Սուքիասյանի հետ մեր աշխատանքային հանդիպումը որոշված՝ «Մանկավարժի, մանկավարժական օրագիր» նախագծի համար հանրային հարմար հարթակ որոշելուն ուղղված, վերածվեց նաև քաղաքական ինտերվյուի. Մանուկը՝ երրորդ հանրապետության երկրորդ սերնդի քաղաքական ակտիվի ներկայացուցիչ, առիթն օգտագործեց ու գարեջրի սեղանի շուրջ առաջին սերնդի՝ միշտ Նոր ուղի Աշոտ Բլեյանից իրեն միշտ հետաքրքիրը-չպարզաբանվածը պարզելու համեղ գարեջրի սեղանի շուրջ…

Մեր ժամանակներն են, մեր խնդիրները՝ քաղաքական կյանքով ու մեր փոփոխվող դերերով, բայց միշտ քաղաքացի՝ ակտիվ ու պատասխանատու, չենք կարող կողքից նայել, միշտ ճիշտ դուրս եկողի եզրահանգումով… Թումանյան Հովհաննեսն էր, այս հայացքի համար ասում՝ միշտ վերջումը, միշտ վերջումը… Որ ի՞նչ…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1533

(133) դիտում

Չգիտեմ՝ որ նոր տարվա, բայց Ձմեռ պապի տված խոստումների կատարելու ժամանակը…

$
0
0

Ա՛յ, այսպես խանդավառ (հավեսով) 12-րդ դասարանցիների մի մեծ խումբ (փունջ), հայոց լեզվի և գրականության պետական քննություննից ժամեր անց, իրենց անգլերենի ուսուցչի հետ մասնակցում են Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ հավաքին (համաժողով). Մեր Grandmas stories2080 նախագիծը ճանաչվել է 12-16 տարեկանների անվանակարգում լավագույնը։ Խումբը վերադարձավ, պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի բորբոքված ինքնագնահատականով, առաջին մրցանակով… Իսկ սեբաստացիների ստեղծագործական հեղինակային մանկավարժական հավաքը վեց դպրոցներում, քոլեջում հրապարակված ծրագրով, ինչպես հայտնի մանկական բանաստեղծությունում այդ ընթացքում «նստած ծառի տակ՝ նկարում էր նապաստակպո՜ւկ»…

Ինձ մեր 12-րդցիներից յուրաքանչյուրն է հետաքրքիր, իր կյանքով-ուսումնական աշխատանքով, իր անհատական պլանների իրագործման մեջ կրթահամալիրի, ավագ դպրոցի դերով… Օրեր առաջ ինձ համար բացահայտումներով լի նախագծային հավաք էր ավագ դպրոցի ընթերցարանում. 12-րդցիների խմբերը ներկայացնում էին իրական-իսկական ուսումնական նախագծեր, որ իրականացրել-իրականացնում են կրթահամալիրում, հանրապետությունում, այդ թվում՝ բաց, միջազգային ամենատարբեր գործընկերությամբ, շոշափելի արդյունքներով. փող են աշխատում, մասնագիտորեն կողմնորոշվում, հաստատվում…

Ինձ համար կարևոր է 2019-ի նրանց նախագծային-ճամբարային հունվարի կազմակերպումը, Մարթա Ասատրյան ու ընկերներ, նրանցից յուրաքանչյուրի… տարատարիք խմբերով, հանրապետությունով մեկ նախագծերը… Ինձ համար մեր ավագ դպրոցը-քոլեջը բաց ստեղծագործական հարթակ է կամ կասկադ, երբ յուրաքանչյուր սովորող տեսանելի է և գործում է-ինքնիրացման անհատական ուղի անցնում իր ազատ ընտրությամբ, սեփական փորձի՝ սխալի ու ձեռքբերման անհատական ճանապարհը…

Նախածննդյան պահքի շրջանը՝ դեկտեմբերի 30-ից սկսվող և մինչև հունվարի 5-ը տևող,  մարդու ընտրությունն է, Ամանոր-Սուրբծննդյան ծիսական շրջան մտնելու միջոց… Սիրով-հաճույքով ընտրում եմ՝ տանը, Արատեսում, կրթահամալիրի Բանգլադեշում… Եվ մեր 2-5 տարեկանների՝ այս մատները լիզելը պահքի տոլմայի հետ… կանչեիք էլի, կանչե՛ք անպայման, երբ ծորում է… ծեսը, որպես մշակույթ ստեղծում մեր միջավայրը, մեր կենցաղը… Պասուց տոլման, պահքի սեղանի մյուս զարդերը առանց ինձ չի կարելի ճաշակել. ես դրանից նվաղում եմ։

Կրթահամալիրի Հյուսիսի նախակրթարանում: Լուսանկարները՝ Սոնա Կարապետյանի: 

Վիգեն Ավետիսի խանդավառությունը՝ քանդակի դպրոցից ժամանակակից արվեստի կենտրոնի ստեղծման առաջարկ անցումով, սիրելի է, ծանոթ պատմություն ունի… Գրիգոր Խաչատրյանի, Նազարեթ Կարոյանի, Կարինե Մացակյանի… հիշողության մեջ թարմ է… Հիմա արդեն ամբողջությամբ առաջին հարկ՝ Հյուսիսային դպրոց-գեղարվեստի ողջ նկուղային հարկի՝ շուրջ 1400 քառ. մետր, հաշվեք, մաքրումը-քանդումը-վերափոխումը-կառուցումը դրան է ուղղված եղել՝ որպես ժամանակակից արվեստի կենտրոն՝ իր գրադարանով, արխիվով-ցուցասրահով, քննարկումների-ցուցադրությունների սրահով, կենցաղով…  Բերնեն ականջ, խոսքեն՝ գործ… Լավ է, որ անհոգնել, Քնարիկ Ներսիսյանի խանդավառ ընկերակցությամբ, հիմա Վիգեն Ավետիսի գումարումով, թատրոն այս տարվա ակումբ-մառանի, քանդակի դպրոցի, կերպարվեստի ուսումնական կենտրոնի, տեխնոլոգիայի բաց դպրոցի ստեղծմամբ… Միշտ ձիու վրա Ձմեռ պապի գավազանի զորությամբ, Սուրբ Ծննդի խորհրդով, ամանորի գույներով, ղողանջներով, նախաձեռնող խմբի՝ Գրիգոր Խաչատրյանի, Նազարեթի, Վիգեն Ավետիսի, Կարինե Մացակյանի, Քնարիկ Ներսիսյանի ու Տաթև Աթոյանի՝ 2019-ին հունվարի նախագծային հավաքով, համաձայնեցված ծրագրային լուծումների տարի ենք մտնում Գրիգոր Խաչատրյանի հավատարիմ ժամանակակիցներով…

Ես պատրաստ եմ, ես ամեն օր ինձ ավելի ու ավելի ինքնավստահ եմ զգում, կաշկանդումներից ազատ մի պաշտոնով՝ միայն տիար աշխատելու: Ես երբեք այդքան մոտ չեմ եղել վարչական որևէ ենթակայությունից լրիվ ազատ գործելուն, քան հիմա… Ու կրթահամալիրի խորհրդի ընթացող ընտրությունները՝ էլեկտրոնային փակ քվեարկությամբ, առաջադրման-ինքնառաջադրման-համաձայնեցման կայացած համայնքին բնորոշ վստահության միջավայրում, երբ չի կարելի, որովհետև չի կարելի, ամոթ է, կարևոր քայլ է իմ, ձեր ազատության ճանապարհին: Նոր տարի, իր նոր լուծումներով, հեղինակային մանկավարժության նոր զարգացումներով…

Գեղարվեստի Մառան-թատերական ակումբը պատրաստվում է Վ. Սարոյանի «Սովյալները» ներկայացմանը:

Հիշեցնեմ՝ 1992թ. աշնանը ես դուրս եմ եկել ՀՀՇ վարչության և ՀՀՇ կազմից՝ անաղմուկ, խաղաղ, մարդկային բոլոր կապերի պահպանմամբ, իսկ 1994-1995-ին եղել եմ Հայաստանի լուսավորության նախարար, 1995-1996-ին՝ նոր ձևավորված Ազգային ժողովի ու կառավարության կառուցվածքում՝ ՀՀ կրթության ու գիտության նախարարի առաջին տեղակալ, ղեկավարելով հանրակրթության ոլորտը, երջանկահիշատակ նախարար Վարդգես Գնունու օրոք՝ լինելով Նոր ուղի կուսակցության ղեկավարը։ Ավելացրեք սրան 1990-ից ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի, ԳԽ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի անդամի, 1991թ. Երևանի փոխքաղաքապետի, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտները համակարգողի իմ փորձը։ Հիմա կարո՞ղ եմ ես հիմնավորված խոսել։

Իմ բլոգը, եթե բարեխիղճ է ամբարել թղթային եղած արխիվը, պիտի ունենա կառավարության կառուցվածքի մասին իմ գրավոր, օրենսդիր թե գործադիր մարմիններում հայտնած-պաշտպանած տեսակետը-հիմնավորումները… Ես կողմ եմ եղել, կողմ եմ, Հայաստանի կառավարության կառուցվածքում «լուսավորության և մշակույթի», «բարձրագույն կրթության և գիտության» նախարարությունների ինքնուրույն գոյությանը… Մի գրում չի պատմվում, չի տեղավորվում… Գիր է անընդհատ…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1534

(158) դիտում

Աշխարհի՝ չհրապարակված լավագույն գործերի՞ց…

$
0
0

Այո, ես էլ Վիլյամ Սարոյանի նման ունեմ չհրապարակված գործեր, որ աշխարհի լավագույներից են… Երեկվա իմ հրապարակված ու սովորական-շարքային 1534-րդ գրում հիշատակված «Նկատառումները», պարզվեց, չհրապարակված էլ մնացել է. շնորհակալ եմ, ես այն հեշտությամբ գտա կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի իմ արխիվում: Շնորհակալ եմ Մարի Գաբանյանին, Նոնա-Լուսինե, գրադարանի սիրելի աղջիկներ, որ ես արխիվ ունեմ, այնուամենայնիվ, և դրանում որպես… պատկեր դրված էր անկախացող Հայաստանի 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի ընտրություններով  Հարավարևմտյան զանգվածի Բ-1 թաղամասն ընդգրկող թիվ 55 ընտրատարածքից պատգամավոր դարձած 35-ամյա Աշոտ Բլեյանի «Նկատառումները» Հայաստանի Հանրապետության  կառավարման կառուցվածքի մասին… Իսկական պատկեր՝ խունացող, չընթերցված… չհրապարակված… Հիմա, երբ (2018-ի խոստում է, չդրժեմ) իմ այս գրով որպես հղում հրապարակվեց, այն կշարունակի որպես պատկեր մնալ իմ հիշողություններում, ինչպես տարեմուտին կրթահամալիրի Բանգլադեշով սեբաստացիներին Գեներալ ձիով հայտնվող Ձմեռ պապը… Պատկեր, ուրիշ ինչպե՞ս մեծարես, Արփի Սահակյանից կամ Արմինե Թոփչյանից ավելի լավ չես ասի… Արփիի Մոնա Լիզայի նման պատկեր է Սյուզի Մարգարյանի՝ երեկ ինձ մարմարյա սրահում հանձնած «Մխիթար Սեբաստացի» մրցանակի վկայագիրը… Սրահի ծափերը, որպես Նոր տարվա ղողանջներ իմ ականջներում են։ Հորիզոն դարձած՝ Բլեյանի մանկավարժության համահեղինակների շարքը, Սմբատ Պետրոսյանի՝ Արատես գործուղման հրամանը ֆեյսբուքում էջում իր… պատկերներ են, որ չեն ջնջվում, խունանում-ազնվանում, դրանով դրոշմվում-մնում… ու հարկ եղած պահին պայծառանում են, ինչպես Շամխալբեկ հորս նկարը՝ իմ գրասեղանի ձախ անկյունից ինձ հիմա նայող…

Վարպետության դաս Վիգեն Ավետիսի հետ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:

Վազգեն Մանուկյանից երկու հղում եմ բերում՝ մեկ՝ 1990թ. իմ կազմած «Ո՞րն է մեր ճանապարհը» ժողովածուում  իր «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածը, մյուսն էլ, ահա հիմա՝ երեկվա իր «Խորհուրդ կտայի առնվազն մեկ տարի նախարարությունների միացման, անջատման հարց չդնել» այս հրապարակումը.

Եվ այս պայմաններում հիմա էլ կառավարության կառուցվածքի նման փոփոխությունը, ես կարծում եմ, շատ վտանգավոր է։ Պետք էր մեկ տարի սպասել, այդ նախարարությունների առաջ խնդիրներ դնել, հետո նախարարությունների արդյունավետության հարցը լուծել, որից հետո, եթե արդյունքը չէր բավարարի, կարելի էր անցնել վերափոխումների…

Մեզանից յուրաքանչյուրը պիտի համառորեն իրեն դուրս չթողնի 2018-ի ապրիլյան ընդվզումով սկսված հանրային-պետական կյանքի ամբողջական փոփոխությունների-նորացման մասնակցային աշխատանքից, որքան էլ դժվար թվա… համառորեն իրեն չօտարի պատասխանատվությունից։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պիտի հաջողի, որ բոլորիս հաջողությունների, արածի-չարածի փոխանցումը քաղաքական-հավաստի ընտրություններով լինի ու շարունակական… Իսկ Նիկոլ Փաշինյանն իր կառավարությամբ նախ և առաջ յուրաքանչյուրիս մասնակցային աշխատանքը պիտի ապահովի մեր հանրային կյանքի փոփոխություններում… Սրա մեթոդը հրապարակված է 2018-ի ընդվզումի Հրապարակից. դա սիրո, համերաշխության, համագործակցության, հասարակական համաձայնության միջավայրի պահպանումն է, ապահովումը փոփոխությունների ողջ ընթացքում… ընտրյալների-չընտրյալների բաժանման բացառումը… որ լինի բոլորիս ընդունակությունների փոխանցման մարաթոն:

Արժե, որ կասկածենք… լացելու աստիճանի ցավենք, կարեկցենք… որպես սովյալներ՝ Վիլյամ Սարոյանի ստեղծած աշխարհի. «Լացը ինչ-որ իմաստով երևի բարերար է։ Կարծում եմ, դա նման է անպատասխան սիրո։ Նրբացնում է մարդուն»։ Սա ճիշտ է, նոր՝ Քնարիկ Ներսիսյանի ուսումնական մառան-թատրոն-լաբորատորիայի ծնունդ է, բայց հորինած չէ։ Սրա այլընտրանքը չարացող, կոպիտ մարդկանցով «արդարադատներն» են, անկասկած… քրքիջով… Թող քար նետի ինձ վրա… Հիսուսն է ասել….

Աստղապատում: Լուսանկարները՝ Մելինե Մարտիրոսյանի:

Արևելյան դպրոցում առավոտյան ընդհանուր պարապմունքի մասնակից էի, երբ հայտնվեց՝ Ձմեռ պապը դպրոց-պարտեզից-քոլեջ լանջերին… կրթահամալիրի Ագարակի Գեներալ անունով ձիու վրա, խաղաղ-տիրական ձեռքի թափահարումով: Պատկեր:
– Իսկ գիտե՞ք՝ ինչու «Գեներալ»,- հարցնում եմ…
– Գեներալի է նման…
– Ձմեռ պապի ձին պիտի գեներալ լինի…
Աղմուկով պատասխանների միջից լսում եմ…
Լռում են. ի՞նչ կասի տիարը…
Գեներալ Մանվել Գրիգորյանն է նվիրել 2017-ի գարնանը, ինչպես Խզբզին՝ «Այրուձի» ակումբի ղեկավար Գագիկ Փարադյանը։
Ի՛նչ, փոխե՞նք Ձմեռ պապի ձիու անունը, որ չհիշատակենք Մանվել գեներալին… Գիտեք կոչումների նկատմամբ իմ վերաբերմունքը. մարդու անունը (ազգանուն, հայրանուն) բավական է, մնացածը  մարդն է ստեղծում իր բարի համբավով:

«Մենք ունենք մի ճանապարհ՝ որքան հնարավոր է կրճատել նախնական կալանքի ժամկետը… Երբ որ մարդը կհայտնվի ազատության մեջ, խափանման միջոցն արդեն չի լինի կալանքը՝ ինչքան ուզում ես շարունակիր քննությունը: Էս հայացքը կա՞ ընդհանրապես: Իհարկե, չկա, սա բացակայում է: Եվ միայն էս հարցադրումների դեպքում կարող ենք ասել, որ իրավիճակ է փոխվել, եթե չէ՝ վիճակ չի փոխվել»: Սա իմ ելույթից է օրեր առաջ «Հանրային հայացք փակ աշխարհին» հավաքում, որ հրապարակված է և՛ տեսագիր, և՛ գիր…

Ամանորի տոնախմբությունը Քոլեջի նախակրթարանում:
Լուսանկարները՝ Անահիտ Գրիգորյանի:

Թերթեք իմ «Նամակներ կալանատնից» 2000թ. հրապարակված ժողովածուն. արդարադատության բաժնի յուրաքանչյուր նամակում հենց այս համոզումն է: Ի՞նչ, նախնական կալանքի մեջ վեց ամիս ապրած մեղադրյալ Մանվել Գրիգորյա՞նն է մեղավոր, որ նախաքննական մարմինը չի սկսել մեղադրանքով հրապարակային դատաքննությունը, այն էլ՝ անմեղության կանխավարկածի էսպիսի անտեսման պայմաններում… Էստեղ է՞լ է Մանվել Գրիգորյանը «արտոնյալ»։ Իմ խորին համոզմամբ, մեջ եմ բերում ինքս ինձանից,  «նախնական կալանքի երկու ամիսը տրված է, քննչակա՛ն մարմին, որպեսզի վերացնես էն հիմքերը՝ օրենքով սահմանված, որով մարդը կալանքի է վերցված»։

Ես համառորեն չեմ փոխում իմ հավատամք կազմող պատկերացումները։ Իմ գիրը, պատումը ընդունեք որպես սրա իրեղեն ապացույց։

Լուսանկարները՝ կրթահամալիրի տնօրենի ֆոտոխցիկից:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1535

(98) դիտում

Իսկ հանդիպո՞ւմ են այգն ու գիշերը… 

$
0
0

Գուցե գիտես դո՞ւ… (Պ. Սևակ)

Չգիտեմ՝ իրական կյանքում, նաև մեր օրերում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում, հանդիպո՞ւմ են «Հայկական ժամանակի» Հայկ Գևորգյան տնտեսության գիտակ լրագրողը և տնտեսագետ, հայտնի Հրանտ Բագրատյանը, բայց… իմ ֆեյսբուքում նրանք կողք կողքի են…

Իմ օրն սկսեցի «Հրապարակում» Հրանտ Բագրատյանի հերթական հարցազրույցով… «Ես ո՞վ եմ, որ կառավարությանը բան ներկայացնեմ։ Եղել է հեղափոխություն, որի մի մասնիկն եմ ես։ Էդ կառավարությունն ինքը պետք է գա ասի՝ ի՞նչ ես ասում։ Չէ՞ որ իմ ելույթները հրապարակային են, բոլորի, այդ թվում՝ կառավարության համար։ Ես, օրինակ, հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին…»։

Հայկ Գևորգյանի՝ «Իմ քայլը» դաշինքով արդեն, հինգ րոպե պակաս, ԱԺ պատգամավոր, ասել է թե՝ նախկին լրագրող Հայկ Գևորգյանի երեկ 22։35ֆեյսբուքյան հրապարակումն այս Նիկոլ Փաշինյանի՝ Հրանտ Բագրատյանին պատասխանների շարքում կարելի՞ է դիտել… «Երբ անվանի տնտեսագետները վերլուծում են Հայաստանի տնտեության վիճակը հենվելով պաշտոնական թվերի վրա, բայց ինձ համար անհասկանալի պատճառներով ուշադրություն չեն դարձնում մի քանի կարեւորագույն, չափազանց կարեւոր, ես կասեի առանցքային նշանակություն ունեցող ցուցանիշների ու երեւույթների վրա, ես մեղմ ասած տարակուսում եմ»:

Արատեսյան ձմեռ:
Նկարաշարը՝ Մարիամ Աղաբաբյանի:

Ռեալ կյանքում չե՞ն հանդիպում այսօր Հրանտ Բագրատյանն ու Հայկ Գևորգյանը… Փաստ է, որ Հրանտ Բագրատյանը ո՛չ կառավարությունում է, ո՛չ Ազգային ժողովում, Հայկ Գևորգյանը՝ Ազգային ժողովում՝ պրոֆեսիոնալ պառլամենտական. ու ո՞նց անենք-գործենք, որ մենք, մեր հասարակությունը շահենք… Մի բան առաջնահերթ է՝ անկախ վիճակագրական մարմնի-ծառայության ստեղծումը, որ պետական վիճակագրական թվերին զուգահեռ (Հայկի համար մի ժամանակ, մեղմ ասած, կասկածելի) որպես կարևոր ծառայություն և՛ Նիկոլի կառավարությունը, և՛ «Իմ քայլ»-ի Ազգային ժողովին, և՛ հասարակությանը կներկայացնի այլ մի բան, որի օգտին հատուկ արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը, հավաստի վիճակագրություն… Ե՛վ Հայկի, և՛ Հրանտի վերլուծություն-եզրահանգում-հարցադրումները սկսվում ու ավարտվում են թվերով… Բայց հավատամքի անսասանության մասին է իմ պատումը հերթական…

Մեր կրթահամալիրում՝ հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող՝ մշակող, կազմակերպող, տարածող ուսումնական հաստատություն-մասնաճյուղերի փորձարարական-հետազոտական միավորումում, մեր հեղինակային մանկավարժության մեջ, մանկավարժական աշխատողների՝ հների և նորերի բաժանում, տարիքային որևէ խտրություն չի թույլատրվում… Մանկավարժության կազմակերպման այս հավատամքը 2019-ին կդառնա 30 տարեկան… Իմ պատում-գրով է, մեր կյանքի փաստերով, ոչ որպես վիճակագրական ծառայության թվեր՝ հաշվարկի-թվերի ստացման՝ մեզ այդպես էլ անհաղորդ իրենց մեթոդոլոգիաներով…

Քանդակի դպրոցի երրորդ պարապմունքը:
Նկարաշարը՝ Տաթև Աթոյանի:

Շարունակում է Ձմեռ պապիկի մրցանակակիր Մարինե Մխիթարյանը… որ երկրորդ տարին է կրթահամալիրում՝ նրա Հյուսիսի դպրոց-պարտեզում, իր ընդունած, երկրորդ դասարանցի դարձած սեբաստացիներով-ընթերցասերներով, որ 2017-ի ամռանը կամավորական աշխատանքով-լողափով գտած իրենց ուսուցչուհուն Ձմեռ պապիկի մոտ այսպիսի ճանաչում բերեցին։ Միայն մրցանակը չէ, Մարինեն կրթահամալիրի խորհրդի նոր կազմի շարունակվող ընտրություններում միշտ սեբաստացի Գոհար Բալջյանին, Լուսինե Փաշայանին արժանի մրցակից եղավ…

Ձմեռ պապի վստահությամբ, համերաշխության-համաձայնության, ստեղծական աշխատանքի համար շարունական խթանիչներով միջավայրում ի՞նչ ուսումնական նախագծային հունվար է սկսվում… Սա եմ ես անվանում Նոր տարի… կրթահամալիրում, այնպիսին, որ հանրապետությունում, նրա սահմաններից դուրս՝ Պոլսում, Երուսաղեմում, Թիֆլիսում, Փարիզում, Ախալքալաքում, Բեյրութում, չկարողանան առանց մեզ… վստահելի ու պահանջված գործընկերոջ, մեր հեղինակած մանկավարժությամբ: Ես անհամբեր եմ, մասնակցելու եմ այս՝ ինքնավստահությամբ մասնագիտական կարողությունները-ազդեցությունները-մարդկային հմայքը բազմապատկածների տարեսկզբի՝ գաթայի, գինու, թեյի, վառարանի շուրջ հունվարյան ընդունելություններին… Հրավիրե՛ք։

Ձմեռ պապից ձյուն ուզեք՝ ճերմակ, փափուկ, սառը ձյուն… Մնացածը կա, պիտի լինի գործողություն դարձած մեր կարողությունների մեջ, կրթահամալիրի 2019-ի հունվարի՝ համաձայնեցված-հրապարակված մեր նախագծերում… Հրապարակե՛ք, յուրաքանչյուրդ։

Երեկ Հյուսիսում ամբողջ օրը Անժել Բլեյանի ջերմատան, Վիգեն Ավետիսի քանդակի արհեստանոց-լաբորատորիայի, բաց դպրոց-լաբորատորիայի Տաթև Աթոյանի նոր ցուցասրահի, Քնարիկ Ներսիսյանի թատրոն-լաբորատորիայի ուսումնական մառանի շնորհանդեսն էր, մեր կրթական տան նոր հարկի՝ նախկին նկուղի հանրային ուրախությունն էր, թատերական ներկայացումը… Հունվարով այդպիսի՝ օրացուցային ուսումնական նոր հարկերի, տանիքների ուրախությունների 2019 նոր տարին է սկսվում կրթահամալիրով՝ աշխարհի չորս կողմերով, Արատեսով… Յուրաքանչյուրը՝ մի-մի նախագիծ՝ կրթահամալիր շենացնող-ընդարձակող-ամբողջացնող, որի գլուխ չի կարող չկանգնել ուսումնական մասնաճյուղի ղեկավարը։

Տոնական նախաճաշ Հարավային դպրոցի նախակրթարանում:
Նկարաշարը՝ Թամար Մարիմյանի:

Իմացա՞ք, Սմբատը իր աշխատանքային խմբով երկարեցրեց իրենց գործուղումը Արատեսում… որ նոր թոնիրում կրակը եփի, որ տոնի ծառը նորաստեղծ ակումբում հայտնի… Տեսեք՝ ընդամենը 2018-ի հուլիսին կրթահամալիրում մուտքի ճամբարով հայտված 24-ամյա ջուջևանցի Սմբատն է իր հասակակից, էլի 2018-ին կրթահամալիր եկած տեխնոլոգ, հարևան կողբեցի Մարիամի հետ որպես Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար, դնում Արատեսի տոնածառն ու վառում Ամանորի լույսերը՝ ի տես, ի լուր, Արատեսի վանքի ղողանջներով…

Իմացա՞ք, Քոլեջի խաղողի-գինու լաբորատորիայում շշալցվեցին Նոր տարվա շնորհավորական՝ մեր Արենի խաղողի գինու շշերը, իսկ արտադրության համար նախատեսված քանակը «Gevorkian Winery» գինու գործարանի տեխնիկական աջակցությամբ մտավ հնեցման… Իսկ գինու-խաղողի դպրոցի օրհնության երևանյան ուխտի մասին՝ իմ վաղվա գրում։

Ֆոտոխմբագիր՝ Արև Բալջյան
#1536

(92) դիտում

Օր կայ բառերը գետին ջուրին նման կը սահին…

$
0
0

Օր կայ
բառերը
գետին ջուրին նման կը սահին կ՚երթան
կոկորդիլոսին մորթին վրայէն
ու կոկորդիլոսը չի կրնար բացատրել 
թէ ինչու արտօնուած չէ
խենթութիւններ ընելու

Կարդացե՛ք Զահրատ, որ սեբաստացիները օրեր առաջ տարան Պոլիս ու բերեցին Ստամբուլից՝ ծննդավայրից Զահրատի։

Տարին, ինչպես մարդը քայլող, հետքեր է թողնում, ինչպես մարդը գործող, որ մնում է, ու… չի ջնջվում, մնում է շարունակությամբ, չի ավարտվում սրանով… Տարվա՝ 2018-ի հետքերից է մեր խաղողի ու գինու դպրոցը, որի առաջին տունկերը՝ բառիս բուն իմաստով, այս տարվա գարնանը դրեցին Տրինիտիի Հովակիմ Սաղաթելյանի հետ՝ խաղողի տարբեր սորտերի մի շարք՝ գեղարվեստում, մի շարք՝ քոլեջում, մի շարք՝ Ուսումնական ագարակում… Անցեք. երեք շարքն էլ տեղում է, բարձրանում է… Իսկ խաղողի մեր նոր այգու տեղը ցույց տվեցինք դեպի աղբանոց-մեքենաների գերեզմանոց մեր նշանավոր քայլքով. սա մեր 2019-ի իրագործումների մեջ խաղողի և գինու դպրոցի Երևանի այգին է…

Աղավնաձորում մեր հավաքած արենի սորտի խաղողի առաջին գինին գցած է, գեղեցիկ դպրության մեր ծեսով օրհնված, քեֆով փառաբանված նոյեմբեր-դեկտեմբերին, շարունակությամբ՝ այսօր-վաղը ձեր տներում… Ամանորի-Սուրբ ծննդյան ծիսական սեղանին մեր Ագարակում և Արատեսում…

Ձմեռ պապ մրցանակների հանձնում կրթահամալիրի սովորողներին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

Գլխավորը խաղողի և գինու դպրոցի, ինչպես և դպրության մեջ սովորողի և սովորեցնողի կապն է։ Ու երեկ ուխտի օր էր, սրա երրորդության հաստատումը։ Մենք մի խմբով, Յուրա Գանջալյանի հանդիսապետությամբ, խորհրդահայ խաղողագործության գործող դասական Դերենիկ Սաֆարյանին՝ իր 95-ամյակը 2018-ի հուլիսին տոնած մեր ավագ ուսուցչին այցելել էինք Պուշկինի փողոցի 7-րդ հարկի իր բնակարանում, որ իր ծննդավայր հայրական տան բակում է։ Այցելել էինք, որ Հայաստանի երրորդ հանրապետության խաղողագործության գործող դասական՝ խաղողագործ-հետազոտող, Դերենիկ Սաֆարյանի սան Գագիկ Մելյանին ներկայացնենք-հաստատենք, մեր խաղողագործ-սովորող Էդվարդ Հովհաննիսյանին, Դերենիկ վարպետի պատրաստած մուսկատի ու խարջիի գինով, նրա օրհնությունը ստանայինք՝ մեր խաղողի և գինու դպրոցի 2019-ի ընթացքի…

Մնացածը Էդիկը և իր ուսուցիչները կպատմեն, իրենց դպրոցը կստեղծեն 2019-ին՝ հունվարին սկսվող խաղողի և գինու դպրոցի նախագծերով, նախաձեռնություններով, աշխատանքներով, որպես խաղողի դպրոցի հիմնադիր 2018-ի հետքեր, որպես Նոր տարվա հետքեր… Ասենք շնորհավոր. ու սովորենք՝ ընտանիքներով, բոլոր տարիքների սեբաստացիներով, խաղողագործությունից, գինու մշակույթից օտարացածներ, կիսատ-պռատ իմացողներ…

Սրա ուսուցումը գեղեցիկ դպրություն է, ու Քնարիկ Ներսիսյանի անհատական TV-ին, ինչպես երեկ, վստահ եմ՝ ողջ 2019-ին իր գորովանքի մեջ կպահի բոլոր նշանավոր անցքերը, գործերը, մեր նոր, բաց դպրոցի յուրաքանչյուր սովորողի ջանքերը… Ես սովորելը՝ չգիտեմ, հայտնի անկարողս, կգործեմ, յուրաքանչյուրիդ կողքին կլինեմ իմ կազմակերպական ուժի ողջ ծավալով… Երեկվա ուխտը վկա՝ չհաջողել չկա, 2019-ի ամենատեսանելի հետքն ենք թողնելու մեր բազմամարդ դպրոցի սովորողներով…

Խաղողի և գինու դպրոցի նախապատրաստում կրթահամալիրի Քոլեջում: Լուսանկարները՝ Աշոտ Բլեյանի:

Գեղեցիկ դպրությունը, Ազգային պատկերասրահում դեկտեմբերի 20-ին սկսած ներկայացում-համերգով, շարունակություն ունեցավ ուրախ հանդեսներով կրթահամալիրով մեկ, Մարիետ Սիմոնյանի և Քնարիկ Ներսիսյանի ուսումնական թատրոնների ելույթներով, դեկտեմբերի 24-ից սկսած՝ նախածննդյան ճամբարներում սովորող-ուսուցիչների, մեր երաժշտության ուսումնական կենտրոնի համերգներով… Շարան մի, որպես գեղեցիկ դպրության ղողանջներ, համերգով ուսուցման մի-մի բաց պարապմունքներ, որ սկսեց Լիլիթ Առաքելյանը՝ իր դասարանով դաշնամուրի, շարունակեցին նրա ուսուցիչ-մոր դասարանը, Տաթև Աղաջանյանի կիթառահարների դասարան-համույթը, Հասմիկ Մաթևոսյանի սովորողների-ծնողների-երկրպագուների ակումբային կամերային հավաքը… Սրանցից յուրաքանչյուրը՝ հետք մի-մի, որ նախագծային շարունակությամբ 2019-ի անընդհատ է դարձնում մեր մանկավարժությունը, ինքնավստահ դարձնում մեզ մեր տարեվերջի-տարեմուտի արդյունքով-ամփոփումով… հեռանկարով, լրջությամբ, որ արտահայտված է նաև Հասմիկ Մաթևոսյանի անհատական պլանում փոփոխության այս առաջարկով… «.… Հյուսիսային դպրոց-պարտեզում և երաժշտության կենտրոնում ծանրաբեռնված աշխատաժամանակիս պատճառով հրաժարվում եմ Միջին դպրոցի երաժշտության պարապմունքներից»։ Ուրախ եմ, Հասմիկ ջան, քո պատասխանատու տեսակով նոր երաժշտության ուսուցչի պատվեր ես ստեղծում. մենք գործում ենք որպես հավաքանի-գործատու…

Կազմակերպիչների՝ ամանորյա տրամադրության որոնումով թափառումներ Էջմիածնում: 

Դավիթը ցնցուղի տակ է առավոտյան…
– Շնորհակալություն վերջը հայտնելո՞ւ ես… Դավի՛թ, էսպիսի ծառայության համար…
– Չէ, չէ՜… հայտնե՜լ… ես քեզ չէի խնդրել, դու ես միշտ ուզում…
– Չէիր ուզում, բայց ստացել ես, վայելում ես, չէ՞…
– Հա, վայելում եմ…
– Դե շնորհակալությունդ մի ձևով հայտնիր…
Ցնցուղի տակ լուռ է…
– Տես՝ ինչ ընտրության առաջ ես՝ երախտամոռության ու երախտագիտության… Բա որ ընկեր Լուսինեն լսեր… էս ամենը
– Չի լսում, դրա համար էլ չեմ հայտնում…
– Բա որ ես չլսե՞մ…
– Էն ժամանակ…,- ծիծաղում է,- կստանաս… Գո՛րծդ արա, լավ ես լողացնում…
– Իմացա՞ր… Որ վատ անես, չլողացնես, կիմանա ընկեր Լուսինեն էլ…
Արդեն սրբիչի մեջ փաթաթված, իմ գրկում, հյուրասենյակի ճամփին, աչքերիս մեջ ծիծաղկոտ նայելով՝ նշանավոր բստրում է…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1537

(106) դիտում

Viewing all 1255 articles
Browse latest View live